...

Ընդդիմության փայլը և թշվառությունը

Ընդդիմության փայլը և թշվառությունը

Հայաստանյան ընդդիմությունը կամ նրանք, որոնց մենք դեռ ստիպված ենք անվանել քաղաքական տերմինաբանությամբ, արդեն 5 օր է, ինչ գտնվում են խորը և համապարփակ դեպրեսիայի մեջ: Հօդս ցնդեցին բոլոր քարոզչական միֆերը և իսկապես, «Ստի վերջի» այս սեզոնը կարելի է համարել ավարտված, քանի որ չտեսնված ձախողում ունեցավ: Փորձում էին իրական դեպքերի վրա սերիալ նկարահանել, բայց պարզվեց ոչ միայն դերասաններն են ոչ համոզիչ, այլ նաև դեպքերն են ոչ ճիշտ ներկայացված:

5-րդ օրն է, ինչ երկիրը գտնվում է պատերազմի մեջ, բայց երկու նախկին նախագահները, որ նաև հայտարարում են իրենց քաղաքական ծրագրերի մասին, անցել են խորը ընդհատակ: Ոչ միայն չունեն անելիք, այլ նաև ասելիք:

Նրանց վերահսկողության տակ գտնվող քաղաքական ուժերը և մեդիաները բացարձակ անհաղորդ են իրավիճակին:
«Բարգավաճ Հայաստանը», որը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո տիեզերական աղմուկ էր բարձրացրել և հրապարակում էր արտասահմանյան այս կամ այն կուսակցության արձագանքը, ներկայումս քաշվել է մի կողմ՝ կարծես Առինջը առանձին պետություն է և աշխատում է չխառնվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին: Գոնե մեկ լորդ, գոնե մեկ այրի մնացած շեյխուհի կեսբերան արտահայտվեր, որ իմանայինք՝ Ծառուկյանին ամբողջ աշխարհում գիտեն և անսահման հարգում են: Դրա փոխարեն կուսակցության անխոնջ մարտիկներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանը, ինչ-որ մուլտֆիլմեր է տարածում՝ դրանով անդառնալի հարվածներ հասցնելով Ալիևի իշխանությանը:

Արդարադատությունից խուսափելու համար նույն Քոչարյանը և Սարգսյանը չեն խորշում դիմել ռուսաստանցի և եվրոպացի պաշտոնյաներին, բայց հիմա հարմար չեն գտնում զանգահարել Պուտինի և Տուսկի աշխատակազմ: Այդ կապերը պետք են միայն անձնական խնդիրներ լուծելու համար:

Նույնը վերաբերում է նրանց տրամադրության տակ գտնվող շոու բիզնեսի ատղերին ու աստղիկներին: 2016-ին նրանք հայտարարություններով էին հանդես գալիս, փորձում ոգևորել ժողովրդին, կոչ անում անկախ ամեն ինչից համախմբվել իշխանության շուրջ, հիմա անհաղորդ են, կարծես վաղուց հեռացել են Հայաստանից և առաջին սերնդի սփյուռքահայ են:

Միքայել Մինասյանը առիթ-անառիթ պարծենում է իր կապերով և մասնավորապես Հռոմի Պապի հետ իր մտերմությամբ: Թերևս ժամանակն էր, որ օգտագործվեին կապերը և Վատիկանից մի փոքր հայանպաստ դիրքորոշում հնչեր:

Դրա փոխարեն կենտրոնացել են նոր միֆի ստեղծման և դրա տիրաժավորման վրա: Այն է՝ գլխավոր հրամանատարը կապ չունի բանակի հետ: Խաչատուրով կրտսերից էլ փորձում են կերտել մի նոր սպարապետի, որպեսզի հերթական անգամ մեկի միջոցով հեղաշրջում իրականացնեն: Բայց հասարակությունը 90-ականներին արդեն մի անգամ կուլ է տվել այդ խայծը և չի պատրաստվում դիտել նույն ուժերի հայտնի ֆիլմի ռեմեյքը:

Հ.Գ. Զինվորականները ենթարկվում են քաղաքական գործիչներին. Կարլ ֆոն Կլաուզևից:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ