...

Ընդդիմության ճակատագրական 2-3 շաբաթը

Ընդդիմության ճակատագրական 2-3 շաբաթը

Աներկբա է՝ առաջիկա 2-3 շաբաթն առանցքային են լինելու իշխանության և ընդդիմության հետագա ճակատագրի համար: Ավելի կոնկրետ՝ նրանց հետագա կարգավիճակի համար:

Փետրվարի 20-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը և մի քանի օրվա մեջ պարզ կդառնա, թե անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների կոնֆուզից հետո ինչ հետևություններ է արել ընդդիմությունը և կան արդյոք փոփոխություններ հասարակական տրամադրություններում:

Եթե իրադարձությունները զարգանան անցած տարվա դեկտեմբերի 12-ի հանրահավաքի օրինակով, ապա փոփոխություններ ակնկալել պետք չէ: Այնքան էլ էական չէ, թե որքան մարդ կկարողանա հրապարակ բերել ընդդիմությունը: Էական է, թե հրապարակ եկած մարդիկ որքան կմնան այդ հրապարակում: Ավելի ազդեցիկ է 10 հազար մարդու մի քանի օր փողոցում մնալը, քան 20 կամ 30 հազարի՝ մի ժամով ներկա լինելը: Այս ընդդիմությունը յուրահատկություն և նախորդ բոլոր ընդդիմությունների հանդեպ էական տարբերություն ունի: Գաղտնիք չէ, որ այս ընդդիմությունը կարողանում է ստվերային միջոցներով որոշակի քանակի մարդ բերել փողոց, բայց չի կարող նրանց ստիպել օրեր շարունակ մնալ դրսում: Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի որդին կարող է բոլոր ծանոթ-ընկերներին, որոնց նախկինում լավություն են արել, խնդրել 10-15 մարդ բերել հանրահավաքին: Եվ շատերը, հաշվի առնելով հայկական մենթալիտետը, կգան, որպեսզի փակեն սեփական պարտքը: Բայց կգան մի ժամով, կգրանցվեն «Մեղեդի» սրճարանի մոտակայքում հերթապահող աշխատակցի մատյանում, կստանան իրենց «գալոչկան» և կվերադառնան իրենց գործերին: Եվ սա չի վերաբերում միայն նախկին վարչապետի որդուն: Այդ գործին լծված են նախկին իշխանությունների բոլոր ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, բիզնես-գործընկերները և թիկնազորի անդամները:

Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ ընդդիմությունը հետևություններ արե՞լ է իր սխալներից: Այս ընդդիմության աքիլեսյան գարշապարն, անշուշտ, հետագիծն է: Բայց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր սխալներ արվեցին, ինչն էլ հանգեցրեց հասարակական լրացուցիչ աջակցություն չստանալուն: Խոսքը ագրեսիվ և վիրավորական բառամթերքով հագեցած հռետորաբանության մասին է: Եվ դա ամենևին չի վերաբերում իշխանության հասցեին ասված խոսքերին: Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ և հատկապես լիդեր հռչակված Վազգեն Մանուկյանը ժողովրդի հասցեին շռայլեցին խոսքեր, որը ոչ միայն չնպաստեց հանրահավաքային պոտենցիալի ուժգնացմանը, այլև հակառակ ազդեցությունն ունեցավ:

Հասկանալի է, որ ներկայիս ընդդիմության ղեկավարները խորապես վիրավորված են ժողովրդից, քանի որ երեք տարի առաջ հենց ժողովուրդը վերջ դրեց իրենց չաղ ու անդարդ կյանքին: Բայց եթե իսկապես մտադրված են հասնելու ռևանշի, ապա ատամները սեղմելով՝ գոնե այս պահին պետք է մոռանան «վիրավորանքը» և հասարակության հասցեին վիրավորանքներ թույլ չտան: Հնարավոր չէ մարդկանց ժեխ ու բոմժ անվանելով՝ նրանց բերել հանրահավաքի:

Մինչ այս պահը ակնհայտ է, որ ընդդիմությունը հետևություններ չի արել իր սխալ մարտավարությունից: Սերժ Սարգսյանը 2018 թվականի համաժողովրդական շարժումն անվանելով էությամբ հակաղարաբաղյան, ոչ միայն չի ավելացնում հնարավոր ցուցարարների քանակը, այլև մի բան էլ նվազեցնում է, քանի որ մարդկանց դավաճան անվանելով՝ չես կարող նրանց դարձնել քո դաշնակիցը:

Եվ, ընդհանրապես, եթե ընդդիմությունը մի փոքր ողջամիտ լիներ, փետրվարի 20-ի հանրահավաքը կնվիրեր սեփական սխալների ու հանցագործությունների խոստովանությանը: Հաշվի առնելով հայ ժողովրդի մենթալիտետը՝ խոստովանությունը շատ ավելի շահեկան է, քան մանիպուլյացիայի, կեղծիքի, անսխալականության և վիրավորանքի դոզայի շարունակական գեներացումը: Բայց դե դժվար թե այս ընդդիմությունն այդքան խելք ու ճկունություն ցուցաբերի:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ