...

Զարթնեցին քնից, թե բա՝ մեդիատեռոր

Զարթնեցին քնից, թե բա՝ մեդիատեռոր

Իշխանությունները զարթնել են լեթարգիական քնից: Մտահոգված և տարակուսած են՝ ինչպես կարելի է սեփական երկրի դեմ մեդիա տեռոր իրականացնել: Այն, ինչ ասում էր ժողովրդի 90 տոկոսը, իշխանությունները նոր են հասկացել:

Մի քանի օր է, ինչ հայտնի շրջանակները անցել են կոնկրետ մեդիա ահաբեկչությանը: Նրանց հետ նույն գործին են լծվել նաև ռուսական պրոպագանդան սպասարկող որոշակի շրջանակներ: Այս նոր դրսևորման պատճառն այն է, որ 17-ի բլից-կրիգը տապալվեց, նրանք ոչ միայն չեն կարողանում ավելացնել ցուցարարների թիվը, այլ նաև կորցնում են եղածը: Ուստի նոր մարտավարություն է անհրաժեշտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող մեդիաների միջոցով հուսահատության մթնոլորտ առաջացնել: Սա իր հերթին հնարավորություն կտա հեղաշրջում իրականացնել՝ դա բացատրելով ժողովրդի անվտանգությունը պահպանելու նկատառումներով: Երբ մի քանի օր շարունակ անընդհատ տեղեկություններ են տարածվում, որ Սյունիքը վտանգի տակ է, որ գործող իշխանությունը մտադրված է հանձնել այդ երկրամասը, դրանից հետո շատ քչերին է սկսում հետաքրքրել, թե իշխանությունները ինչ ճանապարհով հեռացան՝ սահմանադրակա՞ն, թե՞ ոչ այնքան:

Հեղաշրջում կիրականացնեն, իսկ նոր իշխանությունների բալանսում հաջողություն կգրանցեն՝ չհանձնեցին Սյունիքը:

Վերադառնանք իշխանություններին: 2.5 տարվա ընթացքում նրանք մատը մատին չխփեցին, որպեսզի դիմակայեն նախկինների մեդիա տեռորին: Այնքան ապաշնորհ գտնվեցին, որ չօգտագործեցին իրենց վերահսկողության տակ գտնվող ամենամեծ մեդիա ռեսուրսի՝ Հ1-ի ամբողջ ներուժը: Ամենամեծ արխիվին տիրապետող լրատվամիջոցը չպատրաստեց գեթ մեկ ֆիլմ նախկինների հանցագործությունների մասին, հանրությանը չներկայացրեց, թե օրինակ ինչպես է հայտնի փեսան դարձել մեդիա մագնատ: Բացառիկ անաշխատունակություն էր պետք դա չանելու համար:

Եվ հիմա, իրենց բնությանը հատուկ, դժգոհում են, թե այս ի՞նչ մեդիա տեռոր է, ինչպե՞ս կարելի դա անել սեփական ժողովրդի ու պետության հետ: Մինչդեռ իրենք ոչինչ չեն արել ժողովրդին պաշտպանելու այդ մեդիա տեռորից:

Թերևս առաջիկայում ժողովրդին կմեղադրեն, որ մեդիաանգրագիտությունը իրենց գլխի մեջ է, և իրենք են մեղավոր, որ ամեն տեսակ մեդիա կեղծիք են կարդում:

Իսկ այդ ընթացքում հայտնի ուժերը վերջնականապես կբարոյալքեն ժողովրդին ու պետությունը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   925 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ