...

150-200 «վարչապետներ» կհայտնվեն փողոցում

150-200 «վարչապետներ» կհայտնվեն փողոցում

Այն, ինչ կատարվեց և շարունակում է կատարվել «առանձին վերցրած» ՊՆ նախկին շենքի և այնտեղ բնակվողների հետ, Հայաստանում իշխող տոտալ «բարդակի» խտացված պատկերն է, եթե կուզեք՝ մանրակերտը։ Ընդ որում՝ լրատվամիջոցներին առավելապես ի նշան բողոքի մայրուղի փակելն ու ոստիկանական բռնություններն էին հետաքրքրում (շատ դիտարժան կադրեր էին), բայց «էքշընն» ավարտվեց, քաղաքական ուժերն առանձնապես չաշխուժացան, և թեման փակվեց։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։

Ուրեմն՝ մի քանի տարի առաջ պաշտպանության նախարարությունը տեղափոխվում է նոր շենք, և Երևան-Աշտարակ մայրուղու մերձակա նախկին շենքը բառիս բուն իմաստով մատնվում է անտերության։ Ամենայն հավանականությամբ՝ ձևականորեն այն շարունակում է համարվել «զորամաս» ու նույնիսկ մեկ-երկու պահակ է ունենում, բայց շենքը կամաց-կամաց թալանվում է, դառնում վթարային, տարածքը վերածվում է աղբանոցի, ինչ-որ մարդիկ էլ գալիս ու ինքնակամ բնակվում են այդ շենքում։ Հետո շենքը փոխանցվում է «ՊԵԿ-ի բալանսին», պահակներն էլ աշխատանքից ազատման դիմումներ են գրում , և, ավելի խելացի բան չմտածելով, ՊՆ տարածքի «ընդունման-հանձնման ակտ» ստորագրում․․․ բնակիչներից մեկի հետ։ Պատկերացրեցի՞ք «բարդակի» աստիճանը․ ՊՆ-ն տարածքը հանձնում է «տեղում ապրողներին», այսինքն՝ ըստ էության պատահական մարդկանց, սրանք էլ, որպես «բարի կամքի դրսևորում», իրենց հերթին թույլ են տալիս, որ այլ ընտանիքներ ևս գան ու ապրեն շենքում (հիմնականում՝ դիրքապահների, կամավորականների, զոհվածների ընտանիքների և այլն)։ Հետո ՊԵԿ-ը որոշում է այդ մարդկանցից ազատել շենքը և դիմում է իրավապահներին, սրանք էլ՝ որպես առաջին քայլ, հոսանքազրկում են շենքը (այնտեղ բնակվողները, որքան հասկանում ենք, նույնիսկ հոսանքի հաշվիչներ չունեին ու կամ ընդհանրապես չէին վճարում հոսանքի համար, կամ վճարում էին հայտնի չէ ում՝ հայտնի չէ ինչ մեխանիզմներով)։ Բնակիչներն իրենց հերթին հայտարարում են, որ չեն պատրաստվում որևէ տեղ գնալ, գնալու տեղ չունեն, իրենք եկել-այդ տարածքին տիրություն են արել, կարգի են բերել, և ընդհանրապես՝ որպես ՀՀ քաղաքացիներ կացարանի իրավունք ունեն, առավել ևս՝ որ դիրքեր են պահում, առաջնագիծ են գնում, հայրենիքի համար իրենց հարազատները կյանքն են զոհաբերել․․․ 

Իսկ ինչո՞ւ է այս իրավիճակը ճշգրտորեն ներկայացնում Հայաստանում տիրող «բարդակի» խտացված պատկերը։ Որովհետև օրենքի տեսանկյունից այդ մի քանի տասնյակ ընտանիքներն ամենայն հավանականությամբ իրավացի չեն, բայց մեծ հաշվով՝ նրանք նոր բան չեն արել, ընդամենը կրկնօրինակել են Նիկոլ Փաշինյանի ու նրա «ուսապարկերի թիմի» պահվածքը։ Բա ի՞նչ էիք ուզում, եթե Նիկոլն իր թիմով օգտվել է երկրում տիրող համատարած «բարդակից» ու զավթել իշխանությունը, սկսել օգտվել այն բարիքներից, որն իրեն չի պատկանում (պետական առանձնատներ, ծառայողական մեքենաներ), անգամ սրճարանների ու ռեստորանների վրա ծախսող գումարը ստանալ բյուջեից, ու դա հիմնավորել նրանով, որ «դե համատարած կոռուպցիա էր՝ եկանք մաքրեցինք տարածքը, հիմա էլ մեզ կոտորելով՝ ծառայում ենք ժողովրդին, բա մեր տների, մեքենաների, հագուստի, սննդի, գազի-լույսի փողն ո՞վ պիտի տա, հո մենք չե՞նք տալու», ՊՆ նախկին շենքում ապրողներն էլ կարող են ասել՝ «դե մենք էլ նույն «բարդակից» օգտվելով մտանք այս շենքը, տարածքը մաքրեցինք, մի կերպ ապրում ենք, պետությանն էլ ոչ թե շքեղ կաբինետներում ու 5 աստղանի լողափերում ենք ծառայում, այլ դիրքերում, ինչո՞ւ պիտի պետությունը ձեզ նման ձրիակերներից յուրաքանչյուրի վրա ամսական 10-12 հազար դոլար ծախսի, իսկ մեզ փողոց շպրտի»։ 

Միայն թե չասեք՝ «բայց այդ ձրիակերները ոչ թե ապօրինաբար զավթել են իշխանությունը, այլ ընտրվել են ժողովրդի կողմից»։ Ոչ, նրանք նախ զավթել են իշխանությունը և միայն ամիսներ անց դա ամրագրել ընտրությունների միջոցով, իսկ իշխանությունը զավթելու պահին ընդամենը ընտրություններում 7 տոկոս ստացած ուժի ներկայացուցիչներ էին։ Այնպես որ՝ ով-ով, բայց այս իշխանություններն «ապօրինաբար պետական շենքերում բնակվելու անթույլատրելիության» մասին խոսելու իրավունք չունեն։ Ի վերջո խոսքը 150-200 «վարչապետների» մասին է, իրենց «ժողվարչապետից» ինչ տեսել՝ այն էլ սովորել են։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   718 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ