...

1in.am-ն անդրադարձել է «Չորրորդ իշխանության» դատավարությանը

1in.am-ն անդրադարձել է «Չորրորդ իշխանության» դատավարությանը

Օրերս տեղեկացրել էինք, որ մեր լրատվամիջոցի դեմ դատարան հայցադիմում է ներկայացրել ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պահանջելով 1 միլիոն դրամ հատուցում՝ նրան իբր հասցրած վիրավորանքի համար: Սեպտեմբերի 24-ին կայացել է դատական առաջին նիստը, որին անդրադարձել է 1in.am լրատվական կայքը՝ «Ինչու է «ՉԻ» ներկայացուցիչը բացարկ հայտնել «Արմենիա TV»-ի նախկին իրավաբան դատավորին և ինչ կապ ունի Միքայել Մինասյանը» վերնագրով։

Ներկայացնում ենք հատված լրատվամիջոցի հրապարակումից։

«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ընդդեմ «Չորրորդ իշխանության» գործով դատական նիստը։

Գորգիսյանը, հիշեցնենք, դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ՝ համարելով, որ լրատվամիջոցի կողմից արված մի հրապարակում վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Գորգիսյանը պահանջում է ներողություն և միլիոն դրամ փոխհատուցում հասցված վիրավորանքի համար։

Այս գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։ «Չորրորդ իշխանություն» թերթի ներկայացուցիչները, սակայն, երեկվա նիստում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ ուսումնասիրել և պարզել են, որ Դանիել Մխեյանը ընդամենը մեկ տարի առաջ` 2019-ին հանդիսացել է «Արմենիա» հեռուստաընկերության իրավաբանը։ «ՉԻ» ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այն հիմքով, որ կարծում են՝ այս դատավորը այս գործով չի կարող անկողմնակալ լինել, քանի որ, թե՛ «Արմենիա» հեռուստաընկերությունը, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կապվում են Միքայել Մինասյանի անվան հետ։ «Հենց այդ հիմքով էլ ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո էլ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Մենք համարում ենք, որ, անկախ դատարանի որոշումից, այդ հանգամանքը կարող է կասկածի տակ դնել սույն գործով վերջնական դատական ակտը»,- ասաց Խաչատրյանը։

Մենք տեղեկացանք, որ դատավորը հայցվորի ներկայացուցչին պատասխանող կողմի ներկայացուցչին միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չի ընձեռել՝ համարելով, որ ներկայացված միջնորդությունը վերաբերում է բացառապես պատասխանողին ու իրեն։ Այսինքն՝ Գևորգ Գորգիսյանի փաստաբանը չի կարողացել դիրքորոշում հայտնել «Լուսավոր Հայաստանին» Միքայել Մինասյանի առնչության վերաբերյալ»։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ