...

25 տարի անց. փուլայի՞ն, թե՞ փաթեթային կապիտուլյացիա

25 տարի անց. փուլայի՞ն, թե՞ փաթեթային կապիտուլյացիա

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռևս 1991-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ասում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի։ Ըստ էության՝ հենց սա է Հայաստանի օրվա իշխանությունների պատասխանը Ադրբեջանի ներկայացրած մեկ էջանոց վերջնագրին, որը, եթե թարգմանենք ժողովրդական լեզվով, հնչում է մոտավորապես այսպես՝ «պրինցիպի համաձայն ենք, բայց էկեք մի քիչ քննարկենք»։ Ընդ որում, Ադրբեջանը նաև այս պատասխանին է անդրադարձել՝ «քննարկել-մննարկել չկա, բան ունեք ասելու՝ կոնկրետ ասեք, ի՞նչ եք սար ու ձոր ընկել»։ Իսկ ՀՀ իշխանությունները «կոնկրետ բան» ասելուց խուսափում են։ Որովհետև եթե հանկարծ Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնեն, Ալիևը ևս մեկ անգամ կասի «ի՞նչ կարգավիճակ, կարգավիճակ չկա, գյոռբագյոռ էղավ», ու մեզ կմնա միայն միջազգային կառույցներին բողոքելու հեռանկարը։

Հայաստանն, ի դեպ, «դեռևս 1991-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց» հետո պնդել է նաև, որ Արցախի հարցը չի կարող լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում վետո է կիրառել այդ բովանդակությամբ նախագծի վրա, բայց Էդուարդ Աղաջանյանն այն ժամանակ 8 տարեկան էր ու կարող է նաև չիմանալ այդ մասին։ Խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ նրա ներկայիս շեֆն այսօր չի կարողանում անգամ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի հարց բարձրացնել, որովհետև նրան վերջնագիր են ներկայացրել՝ «էս 5 կետերն են, համաձայնվում եք՝ համաձայնվեք, չեք համաձայնվում՝ ուրեմն ոչ մի խաղաղության համաձայնագիր, պատերազմը շարունակվում է»։ Ընդ որում՝ նրանք իրենց այդքան լկտի են պահում ոչ թե այն պատճառով, որ հաղթողի դիրքերից են հանդես գալիս, այլ որովհետև իրենց այդ համաձայնագիրը պետք չէ, նրանց համաձայնագրի բացակայությունն է պետք։ Հասկանալի է, չէ՞, օրինակ, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայից հետո նրանք չեն կարողանալու որտեղ խելքներին փչի խորանալ ՀՀ տարածքում, չեն կարողանալու ցանկացած պահի պայթեցնել Արցախը սնուցող գազատարը կամ էլեկտրահաղորդման գծերը, որովհետև դրանք գործելու են միջպետական համաձայնագրերով, և այլն։ Այսինքն՝ եթե նրանց նպատակն Արցախը հայաթափելն է, համաձայնագրի բացակայությունն ավելի ձեռնտու է։ Ռուս խաղաղապահների վրա էլ, ի դեպ, առանձնապես չարժե հույս դնել։ Նրանք անգամ մի գազամուղի վերականգնման հարց չեն կարողանում (չեն ցանկանում) լուծել, ավելի լուրջ հարցերն ինչպե՞ս են լուծելու։ Արդեն մեկուկես տարի է այնտեղ են, Երևան-Ստեփանակերտ քանի՞ չվերթ է իրականացվել։ 

Ի դեպ՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանի իշխանություններն այսօր իրենց հիմնական խնդիրը համարում են Արցախը գոնե ինչ-որ կարգավիճակով հայկական պահելը, բայց դա այդպես չէ։ Արցախի մասին ՀՀ իշխանությունները երբեմն-երբեմն կեսբերան ինչ-որ բաներ են ասում ընդամենը իրենց դեմքը փրկելու համար, իսկ իրականում համաձայնվել են, որ այնտեղ հայեր չապրեն (եթե ռուսներին դա պետք է՝ թող նրանք էլ ապահովեն դա), իսկ իրենց միայն մի բան է հետաքրքրում՝ որ Արցախն ամբողջությամբ հանձնելու դիմաց գոնե ինչ-որ բան ստանան։ Գոնե ճանապարհների ապաշրջափակում, գոնե ՀՀ սահմանների անձեռնմխելիություն․․․ Ու նույնիսկ դա՛ չի հաջողվում։ Ասում են «դուք հլը սկզբից Ղարաբաղը հանձնեք, մնացածը հետո կտեսնենք»։ Սրանց համարձակությունն էլ միայն այնքան է հերիքում, որ ասեն «չէ, բերեք փաթեթով որոշենք»։

Հետաքրքիր է՝ ռազմահայրենասերների մտքով երբևէ կանցնե՞ր, որ «փուլային-փաթեթային» երկընտրանքն ի վերջո այս բովանդակությունն է ստանալու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3027 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ