...

26․12․2021․ Հայաստանի հերթական բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև

26․12․2021․ Հայաստանի հերթական բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև

Տեղ հասանք։ Հայաստանի և Արցախի իշխանություններն իրար հետ շփվում են ֆեյսբուքյան հրապարակումներով, որոնք ավելի շատ լեզվակռիվ են հիշեցնում։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանին երևի քիչ էին թվացել դեկտեմբերի 24-ի ասուլիսում հնչեցրած շոկային մտքերը, ու նա որոշել էր երկու օր անց նաև «կանտրոլնի» պարզաբանումներ ներկայացնել։ Դրանց բովանդակությանն անդրադառնալը երևի առանձնապես իմաստ չունի, որովհետև ասողը Նիկոլ Փաշինյանն է՝ մարդ, որը կարող է օրը մի քանի անգամ նույն թեմայով իրար հակասող բազմաթիվ հայտարարություններ անել ու հաջորդ օրը ասել, որ ինքը դա նկատի չուներ, բայց ամեն դեպքում՝ մեկ-երկու կետի արժե անդրադառնալ։

Մարդն ասում է՝ Ղարաբաղը հայկական չէր մնալու, որովհետև կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին նաև ԼՂԻՄ-ում բնակվող ադրբեջանցիներն էին մասնակցելու, հանրաքվեն էլ բալքիմ մի 100 տարի հետո լիներ, ու կանխատեսելի է, որ Արցախում ժողովրդագրական պատկերը կփոխվեր։ Սա պարզունակ մանիպուլյացիա է, և ահա թե ինչու։ Խորհրդային 70 տարիների ընթացքում, երբ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմում էր, ու այդ հանրապետության ղեկավարներն ամենակոշտ մեթոդներով ամեն ինչ անում էին ինքնավար մարզը հայաթափելու համար, նրանց, միևնույն է, չհաջողվեց Ղարաբաղում ժողովրդագրական պատկերը փոխել։ 1989 թ. մարդահամարի տվյալներով հայերը կազմում էին ԼՂԻՄ բնակչության 80,1 տոկոսը։ Հարց՝ ինչպե՞ս պիտի Ադրբեջանը կարողանար ժողովրդագրական պատկերը փոխել սեփական կառավարություն, բանակ ու ոստիկանություն ունեցող փաստացի անկախ Արցախում, առավել ևս՝ որ հստակ ֆիքսվում էր հանրաքվեի մասնակիցների էթնիկ համամասնության պահպանման անհրաժեշտությունը։

Հաջորդը։ Ասում է՝ 2016-ին բանակցային գործընթացում աղետ է եղել, որովհետև փաստաթղթերից հանվել է այն կետը, որի համաձայն՝ մինչև հանրաքվեն Ղարաբաղը պիտի միջանկյալ կարգավիճակ ստանար։ Թե ինչու է սա աղետ՝ անհասկանալի է, որովհետև եթե մինչև հանրաքվեն Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ստանում, նշանակում է՝ պահպանում է նախկին փաստացի կարգավիճակը։ Իսկ այդպիսի կարգավիճակ Ղարաբաղը ուներ։ Ղարաբաղը չճանաչված պետություն էր, որը փաստացի անկախ էր և ուներ «դե ֆակտո իշխանություններ»։ Հասկանալի է, չէ՞, որ հենց այդ վիճակն էլ պահպանվելու էր մինչև վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն։

Կարելի է, իհարկե, կետ առ կետ քննարկել նաև Նիկոլ Փաշինյանի մյուս «պարզաբանումները», բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, որ իրականում նա ընդամենը փորձում է պարզունակ հնարքներով խեղաթյուրել իրողություններն ու «կռուտիտներով» արդարացնել իր աղետաբեր գործունեությունը։ Իսկ թե իրականում ինչ նպատակներ ունի՝ երևում է ոչ այնքան նրա բուն ելույթից, որքան կողմնակիցների ֆեյսբուքյան «քոմենթներից»։ Հասկանալի է, չէ՞, որ իշխանական ֆեյքերի բանակը գրոհում է անձամբ իր հրամանով, հիմնական «թեզերն» էլ իր հետ են համաձայնեցվում, հետևաբար՝ դրանք են Նիկոլ Փաշինյանի իրական նպատակների ամենաճշգրիտ ցուցիչը։ Իսկ դրանց հիմնական «թեզը» մոտավորապես սա է՝ «հալալ ա մեր հզոր վարչապետին, դու Հայաստանով զբաղվի, թող Ղարաբաղը ոնց ուզում ա իրա գլխի ճարը տենա, բոլ էղավ-հերիք էղավ»։ Սա ընդամենը մի բան է նշանակում․ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հրաժարվում է Արցախից ու բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստանն այլևս բացարձակապես որևէ պատասխանատվություն չի կրում Արցախի համար, թող ոնց ուզում են՝ հարմարվեն ադրբեջանցիների ու ռուսների հետ, չեն հարմարվի՝ թող ուր ուզում են գնան։

Հ․ Գ․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո տպավորությունն այնպիսին էր, թե Արցախը կիսվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Մեկ տարի անց ակնհայտ է դառնում, որ այդպես կարծողներն անհույս լավատեսներ էին, որովհետև իրականում ողջ Հայաստանն է կիսվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Արցախի հայկական մնացած հատվածն անցել է Ռուսաստանին, ՀՀ-ն՝ Թուրքիային։ Ընդ որում՝ ոչ Հայաստանի իշխանություններն են դեմ սրան, ոչ Արցախի։ Պարզապես ազդեցության տարբեր գոտիներում են հայտնվել ու հիմա ակտիվ լեզվակռվի մեջ են։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2601 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ