Երևանում օրերս անցկացված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության մշակած, իր բնութագրմամբ, հավակնոտ մի ծրագրի մասին, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Վարչապետն ասաց, որ այդ օրը` 10-րդ ամսի 10-րդ օրը, նախատեսում են Հայաստանում տնկել 10 միլիոն ծառ, ինչը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը:
Փաշինյանի այս գաղափարը բավական բուռն քննարկումների տեղիք տվեց: Փորձագիտական մի շրջանակ գտնում է, որ ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառածածկ տարածքները, մեղմ ասած` իրականության հետ որևէ առնչություն չունի:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է այդքան ծառ տնկել: Բայց հիշեցրեց 2006 թվականի ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կազմակերպած «Միասնության ծառատունկ» միջոցառումը, որի շրջանակներում նախատեսված էր տնկել 3 միլիոն ծառ: Բնապահպանն ասում է՝ այնպես չլինի, որ պատմությունը կրկնվի՝ ծառ տնկվի և մոռացության մատնվի:
«3 միլիոն տնկած ծառից 3 հատ չի մնացել: Խնամք չի եղել, ամբողջը չորացել է: Ծառ տնկելը մի բան է, այն անտառ դարձնելն՝ այլ: Դրա համար պետք է տարանջատել՝ 10 միլիոն ծառ ենք տնկում և ասում, որ ծառատունկ ենք արել, թե ուզում ենք անտառ հիմնել: Ծառը պետք է երեխայի պես խնամել: Խրախուսելի է, որ նման ծրագիր կա, բայց մյուս կողմից ծառ տնկելը պետք է ինքնանպատակ չլինի: Մենակ ծառ տնկելով չէ: Ծառը երեխայի պես է, եթե ունենաս և գցես փողոց, ոչ մի բանի չես հասնի: Եթե հասունացնես, հասցնես այն աստիճանին, որ ծառն իր գործառույթը կատարի, դա լրիվ ուրիշ բան է»,- նշեց նա:
Մասնագետի խոսքով՝ անտառ հիմնելը բարդ աշխատանք է. պետք է համալիր մոտեցում ցուցաբերել: Նկատում է՝ միայն հայտարարել, թե ծառ ենք տնկում, դրանով որևէ հարց չի լուծվում: Իսկ առաջին հերթին տնկած անտառը պետք է կառավարել: Ըստ Վարդանյանի, սակայն, մենք կառավարող մարմին չունենք:
«Եթե կառավարող մարմին չունենք, այդ 10 միլիոն ծառը ով է կառավարելու: Անտառային օրենսգրքի փոփոխություն են կատարում, որով Անտառային կոմիտեն կվերացնեն, լինելու է «Հայանտառ», ՊՈԱԿ-ի կարգավիճակով Շրջակա միջավայրի նախարարության կազմում, որն անդեմ մի բան է լինելու: Անտառային կոմիտեն մտցրել են Շրջակա միջավայրի նախարարության կազմ, որոնք իրար հետ շահերի բախում ունեն, որովհետև նախարարության ենթակայության տակ է գտնվում նաև փորձաքննական կենտրոնը, որը նախարարի ստորագրությամբ թույլ է տալիս այս կամ այն տնտեսության գործունեությունը, դա լինի հանքարդյունաբերության թե այլ ոլորտում: Եթե կոմիտեն լիներ առանձին կառույց, իրենց կարծիքը կհայտնեին և անտառի շահերը կպաշտպանեին: Շրջակա միջավայրի նախարարությունն իր հարցերը չի կարողանում լուծել, ուր մնաց անտառ կառավարի»,- մատնանշեց մեր զրուցակիցը:
Բնապահպանի խոսքով՝ պարզ չէ նաև, թե ինչ տեսակի ծառեր են տնկվելու: Նազելի Վարդանյանի դիտարկմամբ՝ եթե պտղատու ծառատեսակներ տնկեն, դա անտառ չի կարող համարվել:
«Այդքան տնկիներ չունենք, այդ հարցն էլ պարզ չէ: Ենթադրվում է, որ կներկրեն: Իսկ ամեն բան չպետք է ներմուծվի, հենց դա է հարցը: Կան գենետիկորեն ձևափոխված տեսակներ, որոնք չի կարել ներմուծել: Կան նաև մեր բնությանը ոչ բնորոշ տեսակներ: Եթե տնկվեն մեր միջավայրին ոչ համապատասխան ծառատեսակներ, ապա աչքը շինելու տեղը հոնքն էլ կքանդենք, մեր անտառները կկորցնենք: Այսօրվանից արդեն պետք է խորհրդակցել մասնագետների հետ, ոչ թե միայն ծառ տնկել և քաշվել մի կողմ»,- շեշտեց նա:
Այս ծրագրով իշխանությունը նախատեսում է անտառային տարածքները մինչև 20,1 տոկոս մեծացնել: Բնապահպանը մատնանշում է, որ պետական ֆոնդում այդքան հող չունենք: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրենը մտավախություն ունի, որ սխալ աշխատանքի հետևանքով կարող է ծրագրի համար նախատեսված 424 մլն դրամը փոշիանա, իսկ գաղափարներն էլ չիրականանան:
Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում անտառապատվածությունը 6,8 տոկոս է կազմում: Եթե այն հասցնենք 20,1-ի, նշանակում է, որ 3 անգամ պետք է կրկնապատկվեն անտառապատ տարածքները:
«Անտառ տնկելը, պահելը շատ թանկ հաճույք է: Դա տաժանակիր աշխատանք է, և մեծ գումարներ է պահանջում: Պետք է ճիշտ հողեր ընտրվեն, ճիշտ ծառատեսակներ, երկարատև խնամք լինի: Մեր կլիման այնպիսին չէ, որ ծառ տնկես և այն ինքն իրեն աճի: Պետք է ջրես, բուժես: Պետք է ցանկապատում արվի: Եթե տնկին դրեցիր, անասունը մտավ կերավ, ծառ չի դառնա: Մեր հողերի մեծ մասն անջրդի է. ունենք ոռոգման հետ կապված խնդիրներ: Պետք է տնկած ծառը, անտառը ճիշտ կառավարվի»,- եզրափակեց բնապահպանը:
Մանյա Պողոսյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019