...

5-րդ շարասյան իրական մոդերատորները

5-րդ շարասյան իրական մոդերատորները

«5-րդ շարասյան» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունը, բնականաբար, բուռն քննարկումների առիթ դարձավ։ Հիմնական եզրակացությունն էլ, եթե մի կողմ դնենք հայհոյանքները, մոտավորապես սա էր՝ «այդ շարասյունը Նիկոլն է իր թիմով»։ Բայց փորձենք դուրս գալ «քաչալ-քաչալը դու ես» մակարդակի լեզվակռվի տրամաբանությունից ու հասկանանք, թե իրականում ինչի մասին է խոսքը։

«5-րդ շարասյուն» արտահայտությունը, ինչպես հայտնի է, Իսպանիայի բռնապետ, գեներալ Ֆրանկոյի ելույթից է։ 1939-ին, ելույթ ունենալով զորքի առաջ, նա հայտարարել էր, թե «մենք Մադրիդին կմոտենանք 4 շարասյուներով, իսկ քաղաքում մեզ կսպասի 5-րդ շարասյունը»։ Այսինքն՝ հստակ հայտնի էր, թե ում կողմից է այդ շարասյունը և ում հրամաններն է կատարելու։ Ու հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է հայկական բանակում գործած (գուցե մինչև հիմա էլ գործող) «5-րդ շարասյան» մասին, հարց է ծագում՝ ո՞ւմ է ենթարկվում այդ շարասյունը, և ո՞վ է դրա հրամանատարը։ Նիկոլն այդ մասին ոչինչ չասաց, բայց, սովորության համաձայն, ակնարկեց բոլորին։ Ե՛վ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին, և՛ ընդդիմությանը։ Ադրբեջանի մասով՝ հայտարարեց, թե 50-ից ավել սպաներ մեղադրվում են լրտեսության համար, ընդդիմության մասով՝ հայտարարեց, որ 2021 թ․ ընտրություններից առաջ բարձրաստիճան հրամանատարը միտումնավոր չի կանխել ՀՀ տարածքի զավթումը Վարդենիսի ուղղությամբ, Ռուսաստանի մասով էլ վախվորած կմկմաց, թե «հիմա չասեմ՝ ձրի զենքը․․․ ձրի զենքը․․․ ինչ ա»։ 

Ենթադրենք՝ երեք դեպքերում էլ Նիկոլ Փաշինյանն իրավացի է, այսինքն՝ մեր բանակում իսկապես էլ եղել է «5-րդ շարասյուն», և այն կազմված է եղել երեք պայմանական վաշտերից, որոնցից մեկը կատարել է Ադրբեջանի հրամանները, մյուսը՝ Ռուսաստանի, երրորդը՝ Քոչարյանի կամ Սերժի։ Շատ լավ, իսկ ինչո՞վ էին զբաղված Հայաստանի հատուկ ծառայությունները մինչև 44-օրյա պատերազմը։ Հիշեցնենք՝ ադրբեջանական լրտեսներին բացահայտելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով սատանաներ էին հայտնաբերում։ Հիմա՝ Ռուսաստանի մասին։ Եթե «5-րդ շարասյան ռուսական վաշտը», Մոսկվայից եկող հրամանները կատարելով, նպաստեց հայկական կողմի պարտությանը, որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե այդ ի՞նչ տխմար արտաքին քաղաքականություն էիք որդեգրել, որ ձեր՝ լավից-վատից ռազմավարական դաշնակցին ձեր պարտությունն էր ձեռնտու։ Ինչ վերաբերում է «նախկինների օգտին աշխատող» և հանուն նրանց վերադարձի միտումնավոր տարածքներ ու բնակավայրեր հանձնող զինվորականներին, ապա հարց է ծագում՝ քանի՞ այդպիսի դեպք է հայտնաբերվել, քանի՞ փաստով է հիմնավորվել այդ զինվորականների կապը Քոչարյանի կամ Սերժի հետ ու նրանցից հրահանգներ ստանալը, և ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում «ես գիտեմ, բայց ապացույցներ չունեմ»։ Իսկապե՞ս։ Չունես՝ բերանդ փակ պահիր։ Կամ գուցե լավ էլ ունես, բայց գերադասում ես այդ ապացույցները պահել «նեղ օրվա» համա՞ր, որպեսզի եթե հանկարծ վերահսկողությունից դուրս գան ու փորձեն խլել իշխանությունը՝ հրապարակես ու կալանավորես պետական դավաճանության մեղադրանքով։ 

Հակառակ դեպքում՝ առանց կոնկրետ անուններ տալու և ապացույցներ ներկայացնելու աջուձախ բոլորին դավաճանության մեջ մեղադրելը միայն մի հետևանք կարող է ունենալ․ անվստահություն սերմանել բանակի ներսում, անվստահություն սերմանել բանակի նկատմամբ, և մեծ հաշվով՝ էական վնաս հասցնել երկրի պաշտպանունակությանը։ Եվ դա՝ «նոր էսկալացիայի մեծ վտանգի» պայմաններում։

Ցանկացած 5-րդ շարասյան նպատակը, ի դեպ, հենց դա է՝ ներսից քայքայել հակառակորդի պաշտպանունակությունը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ