...

70-80 տոկոս զեղչելը կասկածելի է. «Սև ուրբաթ»

70-80 տոկոս զեղչելը կասկածելի է. «Սև ուրբաթ»

Այսօր ամբողջ աշխարհում «Սև ուրբաթ» է: Համաշխարհային շոփինգ իրադարձության շրջանակներում Հայաստանում գործող գրեթե բոլոր բրենդային հագուստի, կոշկեղենի և էլեկտրատեխնիկայի խանութները ևս զեղչեր են հայտարարել:

Նախորդ տարի, սակայն, դեպք եղավ, երբ ապրանքը զեղչի անվան տակ ավելի բարձր գնով էր վաճառվել: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը եղել է մի քանի խանութներում և արձանագրել, որ վերջին տարիների համեմատ պատկերը փոխվել է:

«Մոտ 7 տարի առաջ «Սև ուրբաթի» շրջանակներում հայտարարված զեղչերի ժամանակ տնտեսվարողները սպառողներին խաբում էին: Ի սկզբանե բարձր գին էին դնում, հետո ասում՝ մեծ զեղչեր են: Երբ ուսումնասիրեցինք, տեսանք, որ իրականում նույն կամ ավելի բարձր գնով են վաճառել ապրանքը: Մարդիկ էլ, տեսնելով, որ մեծ զեղչեր են, միանգամից գայթակղվում են՝ առանց մտածելու՝ համապատասխանում է դա իրականությանը, թե՝ ոչ:

Շատերը խաբված են դուրս գալիս: Եթե հիմա համեմատում ենք, շատ բան է փոխվել: Բրենդային խանութներում հիմա քիչ են այդպիսի զեղծարարությունները: Իրականությանը համապատասխանում է, երբ մինչև 20 տոկոս են զեղչ հայտարարում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում մատնանշեց «Սպառողների խորհրդատվական կենտրոնի» ղեկավարը:

Նկատում է, որ վերջին ժամանակներս տնտեսվարողները զեղչերի դեպքում սկսել են բարեխիղճ գտնվել, քանի որ սպառողն էլ առաջվանը չէ՝ ավելի գիտակից է և մոլորեցնելը դժվարացել է:

Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, կասկածելի է, երբ խանութը գների կտրուկ իջեցման մասին է հայտարարում: Ամողջ աշխարհում ընդունված է տարեկան մեկ անգամ մեծամասշտաբ գների իջեցում ազդարարելը: Շատ երկրներում մեծ զեղչեր են արվում: Փորձագետը նույնը չի կարող ասել մեր երկրի մասին: Ասում է՝ շուկան տարբեր է:

«Մենք այդպիսի մեծ շուկա չունենք, որ տասնյակներով նույն ապրանքից վաճառած լինեն և միանգամից զեղչ հայտարարեն: Դա իրական չէ: Եթե տեսնում ենք 70-80 տոկոս զեղչ, արդեն կասկածի տեղիք է տալիս»,- նշեց նա:

Թեև առցանց վաճառքը մեր երկրում դեռ զարգացած չէ, բայց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահը գնորդների ուշադրությունը սևեռում է այս փաստի վրա: Վիրտուալ հարթակում կատարվող առևտրի դեպքում սպառողների խորհրդատուն այլ խնդիրներ է տեսնում: Ցանցային վաճառքը վստահություն չի ներշնչում:

«Եթե խանութներում գնումներ կատարելուց հետո, որոշ դեպքերում կարող ես ապրանքը ետ վերադարձնել, կամ էլ փոխանակել, այս դեպքում շատ դժվար է: Բազմիցս է եղել, երբ հեռուստաընկերություններում հեռարձակվող «Տելեմարկետ» հաղորդման շրջանակներում ապրանքը գնում են և կրակն ընկնում, քանի որ ապրանքը չի գոհացնում գնորդին: Գովազդածն իրականությանը չի համապատասխանում»,- հիշեցնում է նա:

Կարեն Չիլինգարյանը սպառողներին հաճախ է զգուշացնում օնլայն առևտուր կատարելու ժամանակ զգոն լինել:
«Սև ուրբաթի» կապակցությամբ էլ կոչ է անում սպառողներին մեծ զեղչերի մասին հայտարարվող գովազդներից չգայթակղվել, տնտեսվարողը կարող է մոլորեցնել:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1860 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ