Կոնյակի շուկայում մրցակցությունն անբարեխիղճ է։ Այս մասին հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Արտադրողների մեծ մասն օրենքի դաշտում չեն աշխատում»,- իր հերթին «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ օրենքում հստակ ամրագրված է, որ կոնյակը պետք է արտադրվի միայն հայկական խաղողի տեխնիկական սորտերից, բայց ոչ բոլորն են օրենքի այս պահանջը կատարում:
«89 ձեռնարկություն ունենք, որ զբաղվում են խաղողի վերամշակմամբ՝ գինու, կոնյակի, օղու-լիկյորի արտադրությամբ, բայց միայն 7-8 արտադրող է գյուղացուց խաղող մթերում»,- մատնանշեց միության նախագահը:
Ասում է՝ կոնյակ արտադրողները կեղծ սպիրտ են գնում, արտադրություն կազմակերպում, իսկ խաղողի մթերման գործընթացում հավելագրումներ կատարում: Արտակ Սարգսյանի կարծիքով ՝մինչև այս խնդիրը չլուծվի, չենք ունենալու ոչ զարգացած խաղողագործություն և ոչ էլ բարձրորակ կոնյակի արտադրություն:
«Օրինակ՝ արտադրում ենք մոտ 60 000 տոննա խաղող, չպետք է այն գրեն ու ներկայացնեն 130 000 տոննա: Մենք դրանով կոնյակի շուկայի հերն էլ ենք անիծում, խաղողագործությանն էլ: Սա է միակ սեպը, որ խրված է այդ ոլորտում, որին չի ուզում ոչ ոք մոտենալ, և այդ սեպը հանել, որպեսզի կոնյակագործությունը զարգանա»,- մտահոգություն հայտնեց նա:
Սարգսյանի պնդմամբ՝ քանի դեռ անորակ սպիրտն օգտագործվում է կոնյակի արտադրության մեջ, խաղողի գինը չի բարձրանա: Խաղողագործների միության նախագահը հույս ուներ, որ հեղափոխությունն իրենց ոլորտ էլ կհասնի, բայց մինչև օրս այդտեղ դեռ հին կանոններով են աշխատում:
«Սպիրտը լցնում են շշերը, ոլորտը փչացնում են, կոնյակի անունը գցում են: Իրենց կեղտոտ սև գործն անում են, գերշահույթներ ստանում, իսկ խաղողի գինը 135 դրամից չի բարձրանում: Գյուղապետարանից տեղեկանք են տանում, թե այսքան տոննա խաղող ենք մթերել»,- նշեց մեր զրուցակիցը:
Պաշտոնական տվյալներով՝ կոնյակի արտադրության ծավալներն այս տարի ավելացել են: Հուլիս ամսվա դրությամբ՝ արտադրվել է 21 300.0 հազար լիտր կոնյակ, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 14 554.9: Այս թվերին զուգահեռ Արտակ Սարգսյանը խաղողի այս տարվա ծավալներն է ներկայացնում:
Նրա տեղեկացմամբ՝ անցյալ տարվանից խաղողի բերքը մոտ 50 տոկոսով պակաս ենք ստացել: Իր սև գործը եղանակն է արել:
«Օդի հարաբերական խոնավության հետ կապված խնդիր ենք ունեցել՝ ծաղկումից հետո պտուղը չի կազմավորվել: Տարին երաշտային էր: Երբ 21 օր տեղումներ չի լինում, կառավարությունը պետք է գյուղատնտեսության ոլորտում արտակարգ դրություն հայտարարի: Բայց ոչ ոք նման բան չասեց, որովհետև եթե հայտարարեին, պետք է փոխհատում տային»,- ներկայացրեց Սարգսյանը:
Մասնագետն ասում է՝ պետք չէ դրսից ներդրումներ փնտրել, տեղում էլ այն կարող է լինել հենց խաղողագործության ոլորտում: Եթե գյուղացին վստահ լինի, որ բարձր և մրցունակ գնով իր մշակած խաղողը կմթերվի, այգիներ կհիմնի:
Ի դեպ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կոնյակ արտադրող ռիսկային օբյեկտներում ստուգումներ է անելու, ընդ որում՝դիտարկումներ են իրականացնելու և՛ մթերումների, և՛ խմորումների ցանցում:
Մանյա Պողոսյան