«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է ավելացնել Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման ծավալը՝ արտադրողականությունը հասցնելով 3,5-ից մինչև 4,5 միլիոն տոննայի:
Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը շահագործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն՝ ի դեմս «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի:
Հանքավայրի տեղամասի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ արդեն 2 հանրային լսումներ են տեղի ունեցել: 2-րդ քննարկումն օրեր առաջ Մեղրի խոշորացված համայնքի Ագարակ բնակավայրում է եղել:
Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկան Ագարակ քաղաքից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, բաց հանքը՝ 7: Կարճևան գյուղը հանքի ենթակառուցվածքներից գտնվում է 1,5 կմ հեռավորության վրա:
Հանրային լսումների ժամանակ կոմբինատի ներկայացուցիչները ներկայացրել են, թե ինչ են նախատեսում կատարել, միաժամանակ պնդելով, որ բնապահպանական ռիսկերը կառավարվելու են:
Քննարկման ժամանակ ազդակիր համայնքի բնակիչների բողոքը վերաբերել է արտանետվող փոշու ծավալներին:
«Փոշու մասին էր Ագարակ համայնքի բնակիչների մտավախությունը: Մարդկանց փոշին է շատ անհանգստացնում: Կոմբինատը պետք է ջրի կուտակման հարցը լուծի, որ կարողանան ճիշտ ժամի և ճիշտ չափով ջրցան օգտագործել փոշին նստեցնելու համար»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց Ագարակի բնակիչ Հարություն Ադամյանը:
Իսկ գործարանը պարտավորվել է կատարել բնակչության պահանջը:
«Կոմբինատը ծրագրեր ունի փոշու դեմն առնելու համար՝ տեխնոլոգիաներ կկիրառվեն՝ վերազինվելու է նոր ջրցան մեքենայով, ջրի հավաքման կայան կստեղծվի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Կարճևանի բնակիչները տարիներ շարունակ ահազանգում են, որ կոմբինատի պոչերը լցվում են իրենց այգիները:
Գարնանը գյուղացիները նամակներով դիմել են Շրջակա միջավայրի նախարարություն, «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին և Մեղրիի քաղաքապետին՝ պահանջելով լուծում տալ կոմբինատի կողմից իրենց հողատարածքների պարբերաբար աղտոտման խնդրին:
Նրանք դժգհում են, որ «Ագարակի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի հանքից դուրս եկող արդյունաբերական կեղտաջրերը սխալ ջրահեռացման հետևանքով Կարճևան գետի հունով հոսում և լցվում են իրենց այգիները, թունավորում հողը՝ դարձնելով անպիտան, իսկ բերքը՝ վնասակար առողջության համար: Այդ կեղտաջրերից հողի վրա առաջանում է ծանր մետաղներ պարունակող հաստ շերտով նստվածք:
Չնայած բնապահպանական խնդրին՝ տեղի բնակչության մի մասը կողմ է, որ պղնձամոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման ծավալներն ավելանան: Բացատրում են, որ կոմբինատի գործունեությամբ իրենց օրվա հացի խնդիրն է լուծվում:
Առաջիկայում ևս մեկ հանրային լսում է սպասվում:
«Գործարանն առաջարկում է, որ մենք թույլ տանք իր աշխատանքն ավելացնել, մենք էլ համաձայն ենք: Համաձայն ենք, որ գործարանն աշխատի, դա մեր օգտին է: Ագարակից 1000-ից ավել մարդ է այդտեղ աշխատում»,- նշեց ագարակցի Խաչատուր Գևորգյանը:
Ի դեպ, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքների անմիջական կրողն է նաև Արաքս գետի Կարճևան վտակը: Այս գետը համարվում է 5-րդ՝ ամենավատ դասի աղտոտվածություն ունեցող գետ:
Գետ են լցվում բացհանքի հանքայնացված ջրերը, տեղումներից առաջացած հոսքերը, բաց հանքի ավտոհավաքակայանից և ոռոգվող տարածքներից հոսող ջրերը: Կարճևան է թափվում նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» պղնձի խտացուցիչի պարզվածքը:
Մանյա Պողոսյան