...

Աղետյաց երկիր Հայաստանս

Աղետյաց երկիր Հայաստանս

Բնապահպանական ռիսկերը կառավարելի են: Ամիսներ առաջ այս հայտարարությունը հնչեց ղեկավարների շուրթերից: Ասվածը վերաբերում էր Ամուլսարի հարցին:

Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր չի պարունակում՝ հայտարարեց Ամուլսարի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Յուրա Իվանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք ռիսկերը կվերահսկեն, և Ամուլսարը կգործի շատ բարձր բնապահպանական չափանիշներով: Արդյոք հնարավո՞ր է կառավարել բնապահպանական ռիսկերը: Այս հարցը վերջերս ամենաակտուալն ու քննարկվողը դարձավ:

Մինչ Ամուլսարը՝ երկրում կուտակված տարբեր բնապահպանական ռիսկեր կան, որոնք դեռ չեն կառավարվում: Այդ հայտարարությունից հետո շատ չանցած բնապահպանական ռիսկերն իրար հետևից ի հայտ եկան: 

1. Չկառավարվող ռիսկից տուժածները

Ամռանը համացանցն ու լրատվամիջոցները ողողված էին Արարատի մարզի Հովտաշեն համայնքի սևացած, տկար տեսքով և յուղային շերտով ծածկված սպիտակափետուր արագիլներով: Համայնքի արագիլների մոտ 80 տոկոսը նման տեսք ուներ: Ըստ արագիլների աղտոտման նախնական վարկածի՝ թռչունների թռչել չկարողանալու պատճառը գետում լցվող ձկան սպանդի թափոններն են: Բնապահպանները ներկայացրեցին, թե այն վայրերում, որտեղ ձկնաբուծարաններ կան, սպիտակ արագիլները սևացած են եղել: Հայանիստ համայնքից մինչև Ռանչպար նույն պատկերն են արձանագրել: Հենց Արարատի մարզում են գտնվում ձկաբուծության ամենախոշոր տնտեսությունները: 

Բնապահպաններն արձանագրեցին, որ ձկնաբուծարանների դեպքում բնապահպանական ռիսկը թափոններն են, որոնք կառավարելի են: Այն պետք է վերահսկվեր պատկան մարմինների կողմից, ինչը չի արվել:

2.  Ողջին Ձեզ օրինակ 

Օրեր առաջ Սյունիքից վատ լուր եկավ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Կառավարության նիստին հարցի քննարկման ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ պոչամբարի տերերը թաքուն են պահել խնդիրը:

Զանգեզուրի կոմբինատի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով ընդամենը մի քանի րոպեի ընթացքում հոսքաջրերը լցվեցին գետը։ Սա ազդակ էր, որ 0 ռիսկ հասկացություն չկա։  Իսկ մինչ Ամուլսարը շահագործող պատրաստվող  իշխանություններն ասում են, թե «մենք կվերահսկենք այդ ռիսկերը», տեղի է ունենում վթար, որը ցույց է տալիս, որ հնարավոր չէ մետաղական հանքի շահագործման բնապահպանական ռիսկը վերահսկել:

3. Հիմա էլ ծառերն են այրում

Ծառահատումների թեման դեռ ավարտված չէ: Մի քանի օր առաջ էլ Իջևանից լուր ստացվեց, որ անտառն են այրում: Կարծիքներ շրջանառվեցին, թե հրդեհները պատահական չեն․անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը: ԱԻ նախարարն այս հարցի հետ կապված պարզաբանել էր, թե ծառերի մոտ ամենաչոր շրջանն է, և իրենց բախտը բերել է, որ անտառների խոտածածկ տարածքներն այրվում են, բայց ծառերը մնում են անվնաս։

«Ասում են՝ Իջևանում հրդեհները դիտավորյալ են անում, Էս մի քիչ պրոբլեմատիկ է դառնում»,- նկատել էր նախարարը:

4. Ռիսկեր, որ բերելու է Ամուլսարը

Ամուլսարը շահագործվելու դեպքում բազմաթիվ վնասներ է հասցվելու շրջակա  միջավայրին՝ պնդում են բնապահպանները և նշում, որ դրանք կառավարելի չեն:

Ըստ մասնագետների՝ կարևորագույն մարտահրավերը Ջերմուկի ջրերի վրա ազդեցությունն է լինելու հանքի շահագործման դեպքում: Նշվում է, որ հանքի շահագործման արդյունքում մակերևութային և ստորգետնյա ջրերն աղտոտվելու են թթվային դրենաժով, ինչն աղետալի սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար:

Փորձագետները խոսում են բազմաթիվ այլ սպասվող ռիսկերի մասին:

Ի դեպ, հարկ է նկատել, որ անհամեմատ ավելի փոքր ռիսկեր չկառավարող պետությունը համարձակվում է ավելի մեծ ռիսկի տակ մտնել: Պատկերավոր ասած՝ մի քանի հազար դրամ վարկ մարել չկարողացողը դիմում է բանկին մի քանի միլիոնի սահմաններում վարկ վերցնելու նպատակով:  

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5628 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ