...

Ամանորին հավկիթի շուկայում խուճապ չի լինի

Ամանորին հավկիթի շուկայում խուճապ չի լինի

Հավկիթի շուկայում գերարտադրություն է

«Ամանորի նախաշեմին հավկիթը չի թանկանա»,- «ՉԻ»-ի հետ զրույցում վստահեցրեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ հավկիթի արտադրության ծավալներով Հայաստանն ինքնաբավ երկիր է համարվում: Նա բացառում է, որ տոներին ընդառաջ արհեստական խոչընդոտներ կստեղծվեն շուկայում, և հավկիթը կթանկանա:

«Հավկիթի հարցով բացարձակապես խնդիր չունենք: Բացառված է, որ հավկիթի գինը բարձրանա, որովհետև հավկիթը շատ է: Եղանակն էլ նպաստեց հավկիթի արտադրության ծավալների ավելացմանը: Ֆերմերային տնտեսությունները մինչև հիմա թռչնագլխաքանակից հավկիթ են ստանում: Մենք օրական մոտավորապես  երեք հազար հարյուր արկղ հավկիթ ենք արտադրում, միլիոնից ավել հավկիթ ենք մենք ամեն օր շուկա հանում»,- ներկայացրեց ոլորտի ներկայացուցիչը:

Հավկիթը նաև այս տարի էժանացել է: Արտադրության մեծ ծավալներով պայմանավորված գնի մոտ 10,5 դրամ նվազում է եղել:

«01 համարի հավկիթի բացթողնման գինը 40 դրամ է: Նախորդ տարի բացթողնման գինը 52 դրամ էր: Արտադրողականությունը բարձրացել է, ինքնարժեքը նվազել է և հավկիթի քանակը բավականին մեծ է՝ համարյա գերարտադրություն է: Հնարավոր չէ, որ խանութները արհեստական գին բարձրացնեն, որովհետև գիտեն, որ անընդհատ էժանանում է, և հավկիթը կարող է մնալ իրենց վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Թռչնաբույծների միության նախագահն ասում է նաև, որ թարմ պաղեցված տեղական արտադրության թռչնամիսն էլ է բավարարում շուկայի պահանջարկը: Անցյալ տարվա համեմատ թռչնամսի արտադրության ծավալները 8 տոկոսով ավելացել են: Սերգեյ Ստեփանյանն այս ցուցանիշը քիչ չի համարում:

«Մեր արտադրության մեջ սեզոնայնություն գոյություն ունի: Օրինակ՝ ամռանը հավկիթը շատ դժվար է վաճառվում, իսկ ձմռանը վաճառքի ծավալներն ավելանում են: Ամանորի նախաշեմին, գարնանը ևս պահանաջարկն ավելանում է: Մերոնք արդեն հարմարվել են, սեզոնների ժամանակ այնպես են կազմակերպում արտադրությունը, որ դեֆիցիտ չառաջանա»,- նշեց նա:

Մեկ սպառողը տարեկան շուրջ 14 կիլոգրամ թռչնամիս է օգտագործում: Ցուցանիշն ավելացել է: 2008 թվականին մեկ շունչը 5,8 կիլոգրամ թռչնամիս էր օգտագործում: Մսատեսակներից ամենադյուրամարսն է, դրա համար նախապատվությունը տալիս են թռչնամսին:

Ներկրված թռչնամիսը կթանկանա

Թռչնամսի ներկրումը 2020 թվականին դառնալու է 24 տոկոս, իսկ վերջնական՝ 2022-ից մեկ ընդհանուր մաքսատուրք է սահմանվելու` 80 %:

Թռչնաբույծների միության նախագահը նկատում է, որ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո ներկրվող թռչնամսի մաքսատուրքը տարեցտարի ավելանում է:

Հայաստան խորը սառեցված թռչնամիս է ներկրվում թե՛ ԵԱՏՄ-ի անդամ երկրներից՝ ՌԴ-ից, Բելոռուսից, Ուկրաինայից, թե՛ երրորդ երկրներից՝ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից: Ստեփանյանը մատնանշում է, որ մաքսատուրքերի բարձրացումը կբերի շուկայի փոփոխության:

«Տեղական թարմ պաղեցված մսի արժեքն ավելի բարձր է, քան ներկրվածինը: Գնողունակությունը սկսել է նվազել, այսօր էլի մարդիկ ներկրված խորը սառեցված միս են գնում: Այդ միսն էժան է և կասկածելի որակ ունի»,- փաստեց նա:

10 տարվա ընթացքում տեղական արտադրությունը կրկնապատվել է: Այսօր թռչնամսի արտադրության ծավալները 11 000 տոննայի են հասնում: Իսկ 10 տարի առաջ 5800 տոննա էր կազմում: Տարեկան արտադրության 4 տոկոս աճ է գրանցվում:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ