...

Անբարոյականության շքահանդեսի եզրափակիչ փուլը

Անբարոյականության շքահանդեսի եզրափակիչ փուլը

Հնարավոր չէ անընդհատ կեղծել սեփական պատմությունն ու միաժամանակ փորձել դասեր քաղել այդ նույն պատմությունից։ Եթե, իհարկե, իսկապես դասեր քաղելու ցանկություն կա։ Իսկ եթե չկա՝ պատմություն կեղծելը մարդկանց հիմարացնելու լավագույն մեթոդներից է։

Եթե նկատել եք՝ վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտում նոր «թրենդ» է հայտնվել։ Այն է՝ Նիկոլը գիտակցաբար զոհաբերում է Արցախը հանուն Հայաստանի ապագայի, այսինքն՝ առաջնորդվում է «մասը զիջենք, որպեսզի ամբողջը պահպանենք» սկզբունքով, բայց դա նորություն չէ, որովհետև 90-ականներին էլ Հայաստանի «պարտվողական» իշխանություններն էին փորձում առաջնորդվել ճիշտ նույն սկզբունքով։ Այս տխմարությունը քարոզում են ռոբա-սերժա-դաշնակցական քարոզիչները, նիկոլականներն էլ կարծես թե առանձնապես դեմ չեն։ Թե ինչու դեմ չեն՝ հասկանալի է։ Չէ՞ որ եթե դա «նույն սկզբունքն է», այդ դեպքում ստացվում է, որ իրենք ոչ թե պատմության ընթացքում հավասարը չունեցող աղետաբեր պատուհասներ են, այլ ընդամենը նախկինում գոյություն ունեցած ինչ-որ ծրագրի «մի թեթև անհաջող» շարունակողներ։ Դրա համար էլ երևի թաքուն հրճվում են, երբ իրենց բութ արկածախնդրությունը գնահատվում է որպես «մասը զիջելով ամբողջը փրկելու» փորձ։

Իրականում այս համեմատությունն իսկապես տխմարություն է։ Որովհետև 90-ականներին Հայաստանը պահպանել-չպահպանելու հարց ընդհանրապես չկար, «ամբողջը» Արցախն էր, «մասը»՝ ազատագրված տարածքները, և այդ սկզբունքը նշանակում էր զիջել ազատագրված տարածքների մի մասը՝ պահպանելու համար Արցախը (նախկին ԼՂԻՄ-ը), գումարած Լաչինի շրջանը գրեթե ամբողջությամբ, այդ տարածքի վրա ունենալ միջազգայնորեն ճանաչված փաստացի անկախ պետություն, շատ կոնկրետ վերահսկողություն սահմանել Քելբաջարի շրջանի վրա, և այլն։ Ընդ որում՝ դա երազանք չէր, դա բարի ցանկություն չէր, դա շատ կոնկրետ ծրագիր էր, որին Ադրբեջանը պաշտոնապես համաձայնվել էր։ Իսկ հիմա «ամբողջը» ասելով նկատի է առնվում Հայաստանն ու այն, ինչ մնացել է Արցախից, իսկ «մասը» Արցախն է, «Զանգեզուրի միջանցքը», անկլավները, սահմանամերձ «դժբախտ-դժգույն սարերը»․․․ Պարզ ասած, այն ժամանակ հարցը դրված էր այսպես՝ «ուրիշինը վերադարձնենք, որպեսզի մերը պահպանենք (դեռ մի բան էլ ավելին)», իսկ հիմա՝ «մերի մի մասը հանձնենք, որպեսզի խղճան ու գուցե մյուս մասը թողնեն մեզ»։ Համաձայնվեք՝ համեմատության եզրեր չկան, սկզբունքորեն տարբեր մոտեցումներ են։

Հիմա անցնենք չորս հիմնական արձանագրումներին։ 1․ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցնելու համար բացառիկ հիմարություն էր պետք։ Այդպես է լինում, երբ ամբիցիոզ կիսագրագետների թայֆան գլխից մեծ գործեր է բռնում։ 2․ Բացառիկ տհաս պիտի լինել՝ չհասկանալու համար, որ Արցախից հրաժարվելը Հայաստանի համար «հանգիստ կյանք» չի ապահովելու։ Եվ բացառիկ արկածախնդիր պիտի լինել՝ երկիրն այդ ուղղությամբ տանելու համար։ 3․ Բացառիկ անբարոյականություն է նույն հարթության մեջ երկու այնպիսի սկզբունքներ դիտարկելը, որոնցից մեկի հիմքում Արցախը պահելու նպատակն է, երկրորդի «առանցքային դրվագը»՝ նույն այդ Արցախը հանձնելը։ 4․ Նույնքան բացառիկ անբարոյականություն է՝ ձևացնելը, թե իբր այս ամենը չես հասկանում, ու հանուն ինչ-ինչ այսրոպեական քաղաքական շահերի սեփական ժողովրդին հիմարացնելը։

Չնայած՝ ո՞ւմ ենք ասում։ Ինչ-ինչ, բայց անբարոյականության հարցում իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունն արժանի մրցակիցներ են։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ