...

Անիշխանության նշաձողը

Անիշխանության նշաձողը

Մալաթիայի տոնավաճառը ժամանակավորապես փակելու որոշման շուրջ բարձրացած աղմուկը ցույց տվեց, որ «հեղափոխական իշխանություններ»-«հպարտ քաղաքացիներ» հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։ Խնդիրը չարախնդացողների առատությունը չէ՝ «Նիկոլին ընտրողներ, ձեզ հասնում ա» և այլն, խնդիրը նույնիսկ ստորջրյա պրոցեսները չեն՝ արդյոք սա արվում է, որպեսզի առևտրականները տեղափոխվեն իշխանահաճո օլիգարխների շուկանե՞րը, իրական պատճառը «Մալաթիայի» սեփականատերերի՝ ոչ նիկոլական լինե՞լն է, թե՞ տեսչական մարմինները պարզապես ուզում են «շեֆի» առաջ աչքի ընկնել։ Խնդիրն այն է, թե ինչպիսին էր ժամանակավորապես գործազուրկ դարձած առևտրականների վերաբերմունքը։

Տեսախցիկների առջև ելույթ ունեցողների պակաս չկար։ Մեկը բողոքում էր Նիկոլից, մի ուրիշը՝ հայտարարում, թե իրենք, միևնույն է, էլի Նիկոլին են ընտրելու, բայց մեծ հաշվով՝ բողոքողների հիմնական պահանջը նույնն էր․ «մի՛ խանգարեք, թողեք մի կերպ վաստակենք մեր օրվա հացը»։ Այ հենց սա է «նշաձողի իջեցումը», որովհետև նորմալ երկրներում ժողովուրդն իշխանություններից պահանջում է կոնկրետ քայլեր ձեռնարկել, իսկ Հայաստանում՝ հակառակը, պահանջում է ոչ մի բան չանել և ընդամենը չխանգարել։ 

Խորհրդային տարիներին բոլորը լսել էին «Շկոլ» մականունով հայտնի բժշկի մասին։ Նա այնքան վատ վիրաբույժ էր, որ հիվանդների հարազատները կաշառք էին տալիս, որպեսզի հանկարծ նա՛ չվիրահատի իրենց հիվանդին։ Մալաթիայի շուկայի առևտրականների վերաբերմունքը Նիկոլի ու նրա իշխանության նկատմամբ փաստորեն նույնն է։ Խնդրում են չխանգարել։ Ավելին՝ անուղղակիորեն նույնիսկ կաշառք են խոստանում։ Անընդհատ շեշտում են, թե չեն քաղաքականացնում իրենց բողոքը (այսինքն՝ «մենք ձեզ չենք խանգարում, ինչքան ուզում եք՝ իրար պարգևավճար բաժանեք, բայց դուք էլ մե՛զ մի խանգարեք մեր օրվա հացը վաստակել»), տոնավաճառը չբացվելու դեպքում սպառնում են մյուս անգամ չընտրել Նիկոլին (այսինքն՝ բացվելու դեպքում խոստանում են ընտրել), և այլն։ Ու այս վերաբերմունքը միանգամայն հասկանալի է։ Մարդիկ վաղուց են հասկացել, որ Նիկոլի իշխանությունից որևէ դրական բան ակնկալելն անիմաստ է, նա, միևնույն է, պատասխանատվությունը դնելու է իրենց ուսերին ու ամեն ինչում հենց իրենց էլ մեղադրելու է։ Այդպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը չորրորդ թե հինգերորդ օրը դադարեցրեց մոբիլիզացիան ու կոչ արեց այստեղից-այնտեղից զրահաբաճկոն-բան ճարել, ջոկատներ կազմել ու գնալ առաջնագիծ, ինչը թարգմանաբար նշանակում էր «ոչ իմ վրա հույս դրեք, ոչ պետության, մի ձև ձեր գլխի ճարը տեսեք», այդպես է հիմա, երբ Արցախին կոչ է անում իր վրա հույս չդնել ու «մի ձև լեզու գտնել ռուսների ու ադրբեջանցիների հետ», ու իրենց դեպքում էլ է այդպես վարվելու։ 

Իսկ իշխանությունների համար սա իդեալական վիճակ է, կատարյալ երանություն։ Իրենցից արդեն որևէ քայլ չեն ակնկալում, որևէ բան չեն պահանջում, ընդամենը խնդրում են ոչինչ չանել, մարդկանց հանգիստ թողնել և չխանգարել։ Ուրիշ բան, որ իրենք, միևնույն է, ոչ մեկին հանգիստ չեն թողնելու։ Որովհետև իրենց էությունն է այդպիսին։ Եթե չարաճճի երեխան անպայման քանդում է, ասենք, սեղանի ժամացույցը, որպեսզի տեսնի, թե մեջը ինչ կա՝ դա գուցեև նորմալ է, բայց եթե մեծ տարիքում էլ է նույնն անում (ռուսերեն դրանց անվանում են «дурак с инициативой»), դա արդեն լուրջ պատուհաս է։ Առավել ևս, որ սրանք ամեն «ախմախ նախաձեռնությունից» հաստատ կոնկրետ օգուտ ունեն։ Ֆինանսական էլ չլինի՝ հերթական ախմախությունը կեսից ընդհատելն ու դրանով լավամարդ դառնալը կա ու կա։ Ու պատկերացրեք՝ նույն տոնավաճառի առևտրականներից շատերը երախտապարտ կլինեն Նիկոլին։ Կասեն «տեսա՞ք, կարար հացներիս վայիս ըլներ, բայց չեղավ, այ է՛դ ա իսկական ժողովրդասեր վարչապետը»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   682 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ