...

Անկախության ծանր բեռը

Անկախության ծանր բեռը

1991-ի սեպտեմբերի 21-ին հաջորդած 31 տարիների ընթացքում Անկախության օրը երբևէ չէր նշվել այսպիսի տագնապալի իրավիճակում։ Իհարկե՝ սա է՛լ կանցնի, բայց Անկախության օրը նաև առիթ է, որ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ ենք սխալվել, և ինչպե՞ս ուղղել ընթացքը։

Ցանկացած ժողովրդի համար անկախությունն, իհարկե, բարձրագույն արժեք է, բնական կենսակերպ, բայց առաջին հերթին՝ պատասխանատվություն սեփական վարքագծի ու դրա հնարավոր հետևանքների համար։ 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն 99 տոկոսով «Այո» ասաց Անկախությանը, բայց արդեն սեպտեմբերի 22-ին մենք պիտի բոլորովին այլ հասարակություն ունենայինք՝ շատ ավելի սթափ ու պատասխանատու, որովհետև փաստացի հայտնվել էինք «բաց տարածքում», որտեղ կարող էինք ապավինել բացառապես սեփական ուժերին։ Որովհետև «աշխարհասփյուռ հայությունը»՝ կազմված ԱՄՆ, Ֆրանսիայի, Լիբանանի կամ այլ երկրների քաղաքացիներից, այո, կարող էր պահանջել պատմական արդարության վերականգնում, Խորհրդային Հայաստանում ապրող ԽՍՀՄ քաղաքացիները, «երկաթյա վարագույրով» պաշտպանված, կարող էին ժամանակ առ ժամանակ Թուրքիայի դրոշ այրել, բայց անկախ Հայաստանն արդեն ինքն իրեն նման վարքագիծ թույլ տալ չէր կարող։ 

Մտածողության հենց այդ փոխակերպումն է, որ տեղի չունեցավ, կամ ավելի ճիշտ՝ կիսատ մնաց։ Երրորդ Հանրապետության «հիմնադիր հայրերը» կարևորագույն հարցերում ամեն ինչ ճիշտ արեցին ու ոչ միայն կործանված կայսրության փլատակների տակ չմնացին, այլև հաղթանակով դուրս եկան ծանրագույն պատերազմից, հասարակությունն էլ սկզբում կարծես թե ընդունեց անկախ պետականության պարտադրած «վարքագծային կանոնները», բայց այդ ճշգրիտ ընթացքը մեզ չէր ներվելու և չներվեց։ Իշխանության եկան նրանք, ում համար Հայաստանի անկախությունն ընդամենը առանց Կրեմլից ու ՕԲԽՍՍ-ից վախենալու երկիրը թալանելու հնարավորություն էր, իսկ արտաքին աշխարհի հետ շատ ավելի ապահով կլիներ առնչվել «ավագ եղբոր» թիկունքում թաքնվելով, ինչը հնարավորություն կտար օգտագործել ռազմահայրենասիրության սովոր բառապաշարը՝ առանց հետևանքների մասին մտածելու և դրանց համար պատասխանատվության։ 

Պետք է անկեղծորեն խոստովանել՝ հասարակության մեծամասնությանը նույնպես դա դուր եկավ։ Չափահաս մարդը ստիպված է լինում զսպել իր ցանկությունները, հաշվի նստել իրողությունների և սեփական հնարավորությունների հետ, իսկ ահա երեխայի կարգավիճակը հոգեբանորեն շատ ավելի գայթակղիչ է․ երեխային ամեն ինչ թույլատրվում է՝ կարելի է ում ասես լեզու ցույց տալ, նույնիսկ հայհոյել, միևնույն է՝ «պապան-մաման» թույլ չեն տա, որ իրենց ծեծեն, կպաշտպանեն ու նույնիսկ կկերակրեն։ 25 տարի շարունակ հենց սա էր, չէ՞, մեր հասարակական-քաղաքական «մեյնսթրիմը»․ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ դավաճանություն է, իսկ հետևանքներից վախենալ պետք չէ, որովհետև «պապան» թույլ չի տա նոր պատերազմ։ Արդյունքում՝ «պապան» թույլ տվեց, ու հիմա պետք է նոր «պապա» գտնել։ 

Իրականությունն այն է, որ այսօր էլ մեր զինվորները զոհվում են հանուն Հայաստանի անկախության, իսկ իշխանություններն ու ընդդիմությունը, պաթոսախառը ելույթների ծխածածկույթի տակ, ընդամենը վիճում են՝ արժե՞ նոր «պապա» գտնել, թե ոչ։ Մինչդեռ Անկախությունը թերևս այն միակ միջոցն է, որի շնորհիվ մենք ինքներս կարող ենք փորձել լուծել մեր հարցերը։ Հակառակ դեպքում դա անելու են ուրիշները՝ մեր հաշվին։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1031 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ