...

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը «դրսից տղա կկանչի»

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը «դրսից տղա կկանչի»

Հայաստանի իշխանություններն իրենց «աննախադեպությամբ» պարծենալու նոր առիթ են գտել՝ հայտարարում են, թե առաջին անգամ իրենք են գործի գցել ՀԱՊԿ մեխանիզմը։ Ռուսաստանյան մերձիշխանական շրջանակներից էլ գովում են Փաշինյանին ու վստահություն հայտնում, որ եթե վաղը-մյուս օրը նա ինքը նույնպիսի օգնության կարիք ունենա, ՀԱՊԿ-ը չի կարողանա մերժել։ Ընդ որում՝ խոսքն ակնհայտորեն ոչ թե արտաքին ագրեսիայի մասին է, այլ ներքաղաքական զարգացումների և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «բռնությամբ տապալելու հնարավոր փորձերի»։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանությունը պահպանելու պատրաստ է գնալ նման քայլի՝ կասկածից վեր է։ Չէ՞ որ նա ամեն ինչում է «աննախադեպ»։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր իշխանության ամենածանր պահերին անգամ «դրսից տղա չի կանչել»՝ գերադասելով երկրի ինքնիշխանությունը։ Ռոբերտ Քոչարյանը նույնպես 2008-ին չի դիմել արտաքին ուժերին, բայց՝ ոչ թե այն պատճառով, որ բարձր էր գնահատում Հայաստանի ինքնիշխանությունը, այլ որովհետև գործ ուներ խաղաղ, անզեն ցուցարարների հետ, որոնց հարցերը կարող էր լուծել նաև «սեփական ուժերով»՝ ներքին զորքերով, հատուկ ստորաբաժանումներով, օլիգարխների կրիմինալ բանդաներով և այլն։ Իսկ ահա 1999 թ․ հոկտեմբերի 27-ից հետո, երբ իշխանությունը կորցնելու վտանգն իրական էր, ռուսաստանյան «Ալֆա» ստորաբաժանումը կայծակնային արագությամբ հայտնվեց Հայաստանում (հասկանալի է, չէ՞, որ առանց պետության ղեկավարի համաձայնության նման բան չէր կարող լինել)։ Բայց՝ ինչպես հայտնվեց, այնպես էլ վերադարձավ։
2018-ին Սերժ Սարգսյանն ուզեր էլ՝ չէր կարող դիմել ՀԱՊԿ-ին։ Նախ՝ ֆորմալ առիթը չկար, երկրորդ՝ նրան արդեն «դուրս էին գրել» և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում։ Մի քանի օր նա փորձեց սեփական ուժերով ճնշել շարժումը՝ հիմնականում ձերբակալությունների ու կրիմինալ բանդաների միջոցով, բայց շատ արագ հասկացավ, թե ինչ է կատարվում իրականում, ու մի կողմ քաշվեց։ ՀԱՊԿ-ին դիմել կարող էր թերևս Կարեն Կարապետյանը, եթե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ստանձներ վարչապետի պաշտոնը ու անմիջապես օգնություն խնդրեր Մոսկվայից, բայց նա կամ ինքը հրաժարվեց այդ արկածախնդրությունից, կամ էլ Մոսկվայից հասկացրեցին, որ գնացքն արդեն մեկնել է։ Այսպես թե այնպես՝ Հայաստանը գոնե ֆորմալ առումով կարողացավ թույլ չտալ արտաքին կոպիտ միջամտություն իր ներքին գործերին։

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն այդպիսի արգելակներ չունի։ Նրան երևի թվում է, թե արդեն վերջ, իրեն հնազանդ պահելով և «ՀԱՊԿ մեխանիզմը գործի գցելով» վաստակել է այդ կազմակերպության ղեկավարների կողքին հավասարը հավասարի պես կանգնելու իրավունքը և դրանով իսկ ապահովագրել իր իշխանությունը։ Առանց հասկանալու, որ հնարավոր չի լինելու միաժամանակ զորախումբ ուղարկել թյուրքական աշխարհի առանցքային պետություններից մեկը, զուգահեռաբար կարգավորել հարաբերությունները թյուրքական աշխարհի երկու այլ պետությունների հետ, հավատարմության երդում տալ ՀԱՊԿ-ին ու պետության վերականգնման հույսը դնել Արևմուտքից ստացվելիք երկուսուկես միլիարդ դոլարի վրա։ Սեփական իշխանությունը որոշ ժամանակով երկարաձգել գուցեև հաջողվի, բայց արդյունքը լինելու է այն, որ ինչ-որ պահի նրան «դուրս են գրելու» և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում (եթե արդեն դուրս չեն գրել), իսկ գործնականում դա իրականացվելու է «ՀԱՊԿ մեխանիզմը գործի գցելով»։ Առավել ևս, որ Հայաստանում միշտ էլ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք պատրաստ կլինեն ընդհանուր ֆոնն ապահովելու համար մի քանի խանութ ու մեքենա հրկիզել։ 

Արդյունքում կորցնելու ենք ինքնիշխանության այն վերջին փշրանքները, որ դեռ հրաշքով պահպանում էինք անգամ պատերազմից հետո։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2850 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ