Փողոցից միս մի առեք
Նախատոնական օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գերծանրաբեռնված է աշխատում: Հանրապետության տարբեր վայրերից բազամթիվ սպառողներ զանգեր ու լուսանկարներ են ուղարկում փողոցում վաճառվող մսամթերքի վերաբերյալ:
Դրսում վաճառվող մսամթերքի վերաբերյալ ահազանգերն ու դեպքերն այնքան շատ են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը միայնակ ամողջ խնդիրը վերացնել չի կարող:
«Ֆիզիկապես և ռեսուրսներով մենք հարցը չենք կարող լուծել, պետք է անպայման Տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանությունը նույնպես ներգրավված լինեն այդ աշխատանքներում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Արդեն իսկ փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է: Երեկ փողոցում վաճառվող մսամթերքի ահազանգի հետքերով ՍԱՏՄ տեսուչները Ավան վարչական շրջան են գնացել, խնդիրը վերացրել են, բայց այսօր նույն տեղում կրկին մսի վաճառք է իրականացվում:
«Մսի վաճառքն արգելել ենք, սակայն, այսօր նույն խնդիրն առկա է: Մենք այնտեղ չենք կարող տեսուչ կանգնեցնել, իսկ ոստիկանությունը կարող է»,- նշեց նա:
Այս օրերին միսը ճամփեզրին է հայտնվել հատկապես մարզերում: Գրեթե բոլոր տեղերում նույն պատկերն է՝ գյուղացին անասունը մորթել է և հենց տան բակում՝ փողոցում, այն իրացնում է:
Եթե անգամ, փողոցում հենց նոր մորթված կենդանու թարմ միս է վաճառվում, ՍԱՏՄ-ն կոչ է անում բացօթյա տարածքից ոչինչ չգնել, քանի որ այդտեղ վաճառվող սննդամթերքն արդեն խնդիր ունի:
«Եթե նույնիսկ վստահ եք, որ դա շատ առողջ կենդանու միս է, միևնույն է, այդ միսն արդեն վտանգավոր է, որովհետև դուք չգիտեք՝ այդ միսը ստուգված է, թե՝ ոչ»,- հորդորում է Անուշ Հարությունյանը:
Հաշվի առնելով, նախատոնական օրերին սննդամթերքի առևտրի աշխուժացումը և, դրանով պայմանավորված սննդամթերքի անվտանգության խախտումների մեծ քանակը, Աննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները աշխատում են նաև հանգստյան օրերին:
Սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս սպառողը կարող է դիմել ՍԱՏՄ: Այստեղից խոստանում են խնդիրն արագ լուծել:
Մանյա Պողոսյան