...

Արտաքին աշխարհի «կոլցո» օպերացիան

Արտաքին աշխարհի «կոլցո» օպերացիան

Դժվար է առանց ՀՀ իշխանություններին Քրեական օրենսգրքի 137 հոդվածի «բ» կետով նախատեսված գնահատականներ տալու խոսել այսօրվա իրողությունների մասին, բայց իրավիճակի լրջությունն այնուամենայնիվ ստիպում է մի կողմ դնել էմոցիաներն ու փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, և ինչ սպասել առաջիկայում։

Եվ այսպես՝ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց, ՀՀ իշխանություններն անմիջապես դիմեցին «պատկան մարմիններին» (ՀԱՊԿ, Ռուսաստան, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ), դրանով էլ իրենց պարտքը համարեցին կատարած ու սպասում են արտաքին աշխարհի հակազդեցությանը։ Ադրբեջանն, իհարկե, ոչ միայն Հայաստանի այդ քայլն էր հաշվարկել, այլև աշխարհի արձագանքը, ու մեծ հաշվով՝ արհամարհեց դա։ Թե ինչու՝ փորձենք հասկանալ։ 

ՀԱՊԿ արձագանքը կանխատեսելի էր․ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ դաշնակիցներ ու անթաքույց «ֆանատներ» ունի, քան Հայաստանը։ Ռուսաստանից էլ մերձկրեմլյան գործիչների շուրթերով ասվում է այն, ինչը պաշտոնական Մոսկվան երբեք բարձրաձայն չի ասի։ Այն է՝ Ռուսաստանում շատ լավ տեսնում ու հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին ու «նետվել Արևմուտքի գիրկը», դրա համար էլ անտարբեր են իրենց «ռազմավարական դաշնակցի» պրոբլեմների նկատմամբ։ Ավելին՝ հարցն այնպես են ներկայացնում, թե Ադրբեջանը պարզապես նոյեմբերի 9-ի փաստաթղթով  «խոստացված» միջանցքներն է ուզում, Հայաստանն իբր փորձում է ետ կանգնել այդ պայմանավորվածություններից, դե նրանք էլ փորձում են ուժով վերցնել (այսինքն՝ փաստացի լեգիտիմացնում են Ադրբեջանի ագրեսիան)։ Պարզ ասած՝ Ռուսաստանում համարում են, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով իսկապես էլ միջանցք էր խոստացել, որը պիտի վերահսկեին հենց ռուսները։ Նաև բաց տեքստով ասում են, որ եթե անգամ ՀԱՊԿ-ը մտնի Հայաստան՝ առաջին հերթին մտնելու է ՀՀ տարածքում գտնվող ամերիկյան բիոլաբորատորիաները վերացնելու համար, այսինքն՝ Հայաստանը վերջնականապես ռուսական մարզ դարձնելու նպատակով, իսկ եթե դա տեղի չունենա՝ «իրենք չեն զարմանա», եթե ադրբեջանական զորքը հայտնվի Երևանի մատույցներում։

ԱՄՆ-ը նույնպես դեմ չի լինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան ստանան «Զանգեզուրի միջանցքը», որովհետև այդպիսով Թուրքիան ուղիղ կապ կստանա մինչև Հյուսիսային Կովկաս, Իրանի շրջափակումն էլ հյուսիսից կամբողջանա։ Բայց ԱՄՆ-ին պետք է, որ դա տեղի ունենա առանց պատերազմի՝ «խաղաղության համաձայնագրով», որպեսզի «միջանցքում» ռուսներ չլինեն, Հայաստանն էլ մոտ ապագայում դուրս գա ՀԱՊԿ-ից։ Արևմուտքի ինչի՞ն է պետք «միջանցքը», եթե այն պիտի լինի ռուսների վերահսկողության ներքո։ Այստեղից էլ՝ ԱՄՆ կոշտ և հասցեական արձագանքը ադրբեջանական ագրեսիային։ 

Իրանը, հասկանալի է, կտրականապես դեմ է սահմանների փոփոխությանը, և եթե սա լիներ զուտ հայ-ադրբեջանական պատերազմ՝ հնարավոր է նույնիսկ անմիջականորեն ներգրավվեր։ Բայց այնտեղ, անկասկած, հասկանում են, որ սա շատ ավելի լայնամասշտաբ «օպերացիա» է, որի մեջ անմիջականորեն ներգրավվելը կարող է պայթեցնել ոչ միայն տարածաշրջանը։ 

Այսպիսով Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն գնել չի կարող (նրանք իրենք դրա խիստ կարիքն ունեն, Նիկոլի իշխանությանն էլ չեն վստահում), Արևմուտքից գնել չի կարող (Ռուսաստանի հակազդեցությունը շատ խիստ կլինի), Իրանից չեն կարող (կհայտնվենք արևմտյան պատժամիջոցների տակ), Սյունիքի ապագան էլ բոլորը տեսնում են ում վերահսկողության տակ ասես՝ բացի Հայաստանից։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Իսկ ՀՀ Ազգային ժողովում հանգիստ քննարկում են հեռուստահաղորդումների սուրդոթարգմանությունների հարցը։ Ու դա հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն էլի կոմֆորտ վիճակում է հայտնվել։ Կկարողանանք Սյունիքը պահել՝ կներկայանա որպես հերոս, չենք կարողանա՝ կասի «դե ես ի՞նչ անեմ, ուժով են գրավել»։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ