...

Աճուրդը սկսված է․ Լոտ N 2 - Հայաստան

Աճուրդը սկսված է․ Լոտ N 2 - Հայաստան

Այն, ինչ այս օրերին տարբեր հարթակներում և տարբեր ֆորմատներով տեղի է ունենում Հայաստանի շուրջ, արդեն նույնիսկ ոչ թե «բանակցային գործընթաց» է, այլ ամենաիսկական առևտուր, որտեղ «վաճառքի առարկան» հայտնի է և տվել է իր համաձայնությունը, վաճառողները հայտնի են, պոտենցիալ գնորդները հայտնի են, ու արդեն կոնկրետ թվեր են հնչեցվում։

Եթե փորձենք փոքր-ինչ պարզեցված ներկայացնել՝ Հայաստանի շուրջ ընթացող առևտրի էությունը հետևյալն է․ Արևմուտքը ՆԱՏՕ-ի և Ֆրանսիայի շուրթերով Թուրքիային և Ադրբեջանին հորդորում է «հանգիստ թողնել Հայաստանին» և շատից-քչից տանելի պայմաններով խաղաղության համաձայնագիր ստորագրել, որովհետև հեռանկարում դա Հայաստանը դուրս կբերի ՀԱՊԿ-ից և ռուսական ազդեցության գոտուց, ինչի արդյունքում Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղվի Հարավային Կովկասից։ Ընդ որում՝ Արևմուտքը երաշխավորում է, որ այդ դեպքում Հայաստանը մեկառմիշտ կհրաժարվի Արցախից ու Ցեղասպանության հարցի արծարծումից։ Թուրքիան արտաքուստ իբր համաձայնվում է, բայց՝ պայմանով, որ Ադրբեջանը նույնպես համաձայնվի։ Ադրբեջանն էլ իր հերթին ասում է, որ շատ լավ հասկանում է ամեն ինչ, բայց Հայաստանին «հանգիստ թողնելը» կոնկրետ գին ունի։ Ու կոնկրետ թվեր է հնչեցնում․ միայն ականազերծման համար՝ 20 միլիարդ դոլար, մի քանի անգամ ավելի շատ՝ որպես «ռազմատուգանք», և այլն։ Եթե Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գումարը՝ խնդիր չկա, կարելի է քննարկել, իսկ եթե չի վճարելու՝ ինչո՞ւ պիտի իրենք «ձրի» թույլ տան Հայաստանը պոկել ռուսական ազդեցության գոտուց, եթե կարող են ուժով վերցնել «ռազմատուգանքը»՝ տարածքների տեսքով։ Ռուսաստանն էլ իր հերթին է ահավոր բարկացած, որովհետև համարում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն Արևմուտքի հետ առևտուր է անում «իրեն պատկանող ապրանքի» գնի շուրջ։ Պարզ ասած՝ «եթե իսկապես ուզում եք գնել, ե՛ս կվաճառեմ, այդ ի՞նչ աճուրդներ եք կազմակերպում իմ թիկունքում»։

Հարց է ծագում՝ պատրա՞ստ է արդյոք Արևմուտքը Հայաստանի համար որպես փրկագին վճարել այդ ընդհանուր առմամբ մոտ 100 միլիարդ դոլարը։ Բնականաբար՝ ոչ։ Անգամ Ուկրաինայի համար դեռևս այդքան չի ծախսվել։ Տեսականորեն գոյություն ունի նաև «տասնապատիկ էժան» տարբերակը՝ 100 միլիարդանոց փրկագնի փոխարեն 10 միլիարդի ժամանակակից սպառազինություն լցնել Հայաստան և «թեման փակել»։ Բայց դա՝ միայն տեսականորեն, իսկ գործնականում դրա համար ոչ ժամանակ կա, ոչ ռեսուրսներ։ Այս դեպքում ծագում է երկրորդ հարցը՝ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները համաձայնվել վաճառքի հանել սեփական երկիրը, եթե պոտենցիալ գնորդները մրցակցում են բացառապես «ապրանքը» ձրի վերցնելու համար։ Ընդ որում՝ Ռուսաստանը վերջին պահին պատրաստ է «փչացնել ապրանքը», որպեսզի հանկարծ հակառակորդի ձեռքը չընկնի, Արևմուտքն էլ իր հերթին է պատրաստ նույնն անել, եթե տեսնի, որ «ապրանքը» մնում է Ռուսաստանին։ Իսկ այդ ընթացքում առևտուրը թեժանում է, «աճուրդի փակման» հստակ ժամկետներ են նշվում, կողմերը կոշտացնում են հռետորաբանությունը, նրանց շահագրգռվածությունը տեսնելով՝ Ադրբեջանը շփում է ձեռքերն ու ամեն օր «գին բարձրացնում», իսկ Հայաստանի իշխանությունները գլուխները կախ հետևում են աճուրդին՝ ընդամենը ժամանակ առ ժամանակ թաքուն աչքով անելով պոտենցիալ գնորդներից մեկնումեկին ու հասկացնելով, թե կցանկանային, որ գնորդը հենց նա լիներ․․․ 

Հ․ Գ․ Ի դեպ՝ գնի մասին։ Մի քանի օր առաջ Հրանտ Բագրատյանը հենց այնպես, իմիջիայլոց հայտարարեց, թե Հայաստանը՝ հողով, ջրով, ընդերքով, անշարժ գույքով, մարդկային ռեսուրսներով, մի խոսքով՝ ամեն ինչով, արժե 92,2 միլիարդ դոլար։ Տեսնես ո՞նց էր հաշվել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ