...

Այգեգործությունը գրավիչ է

Այգեգործությունը գրավիչ է

Նորարար այգիներ

Եկող տարվանից Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 60 հեկտար ինտենսիվ այգիների տարածքները կավելանան: Ներդրողների համար այգեգործությունը գրավիչ է: 4 ընկերություն ինտենսիվ այգիներ հիմնելու համար տարածքներ է ձեռք բերել: 

Հողատարածքների մոտ 600 հեկտարը խնձորի այգիներն են զբաղեցնում: 90 հեկտարը նորատունկ է՝ 3-5 տարվա ծառեր են: Հսկա խնձորենիների կողքին վերջին տարիներին ցածր տնկիներ են սկսել աճեցնել: Դրանք նոր տեխնոլոգիայով աճեցվող ինտենսիվ այգիներ են: Բերքը և՛ կարկուտից է պաշտպանվում, և՛ շատ է լինում:

«Մի շարք առավելություններ ունեն, որոնցից մեկը ջրի խնայողությունն է, ինչը շատ կարևոր է գյուղատնտեսության համար: Ինտենսիվ այգիների համար տնկվող ծառերը բերքատու են, ավելի շուտ են բերք տալիս»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց Նոր Գեղի համայնքի ղեկավարի տեղակալ Տարոն Բարսեղյանը:

Բերքատվությունը ցածր է եղել 

Նախորդ տարի խնձորի այգիներից 8000 տոննա են հավաքել: Այս սեզոնին պահեստավորված խնձորը 5000-6000 տոննայի սահմաններում է: Կարկուտ և ցուրտ չարեց, բայց ծառերը հանգստանալու կարիք ունեին: Նոր Գեղիի խնձորը տեղական շուկայում է վաճառվում, մի մասն էլ՝ արտահանվում: Հունվարին խնձորով լցված բեռնատարները կուղևորվեն Ռուսաստանի Դաշնություն: Ի դեպ, նշենք, որ Ռուսաստանում այս տարի բերքը պակաս է, և խնձորի մեծածախ գինն աճել է: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նոյեմբերին 1 կիլոգրամ խնձորի մեծածախ գինը կազմել է 50.9 ռուբլի: Միևնույն ժամանակ և՛ ներմուծված, և՛ տեղական խնձորները 2019-ին թանկացել են:

«Կիլոգրամը 400-500 դրամով արտահանվում է: Այս տարի, բայց շատ չենք տա արտահանման, քանի որ բերքը քիչ է և տեղում էլ ենք թանկ վաճառում: Եթե համեմատենք բերքի քանակի հետ, արտահանման գինը ցածր է, որովհետև արտահանման մրցակցություն չկա: Արտահանողների քանակը քիչ է, եթե նրանք շատ լինեին, գինն ավելի բարձր կլիներ»,- ասացին Նոր Գեղիի բնակիչները:

Խնձորի շնորհիվ Նոր Գեղիի բնակիչների սոցիալական խնդիրները լուծվում են: Գյուղացիների մոտ 70 տոկոսն օրվա ապրուստը վաստակում է այգեգործության միջոցով: Աշխատանքից և վաստակած գումարից դժգոհ չեն:

«Վատ չեն ապրում, եթե լավ են աշխատում: Ճիշտ աշխատող ֆերմերները եկամուտ կարողանում են ստանալ: Հիմա մեր խնդիրն այն է, որ գյուղացիները ճիշտ աշխատեն, կարողանան բիզնես զարգացնել և եկամուտ ստանալ: Խոշոր այգետերերը միայնակ չեն կարողանում աշխատել: Ներգրավում են այն բնակիչներին, ովքեր այգիներ կամ այլ աշխատանք չունեն: Բարձր վարձատրում են, նրանք էլ կարողանում են իրենց առօրա կարիքները հոգալ»,- ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը: 

Խնձորը սիմվոլ են դարձրել 

Խնձորը գյուղացիները պատրաստվում են բրենդ դարձնել: 2 ամիս առաջ խնձորի արձան են տեղադրել գյուղամիջում: 

Նրանց խոսքով՝ խնձորը բրենդավորելու գործում առաջին քայլն արդեն արված է: Արձանն այդ նպատակով են կանգնեցրել: 

«Մեր արտադրանքը հիմնականում խնձորն է, և դա փորձում ենք բրենդ դարձնել նաև աշխարհով մեկ: Այս տարի նաև խնձորի փառատոն անցկացրեցինք՝ նվիրված խնձորին: Այս արձանով նաև մեր գյուղը ճանաչելի կլինի: Խնձորը մեր սիմվոլն է, բնակչությունը դրանով է ապրում»,- ասաց համայնքապետարանի ներկայացուցիչը: 

Խնձորի արձանը համայնքապետարանի վրա նստել է մոտ մեկ միլիոն դրամ: 

Մանյա Պողոսյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ