Երկու տարի է, ինչ ցանկացած դիսկուրսի ժամանակ ասվում է՝ ձեր իշխանության ժամանակ, բա չէ, ձեր իշխանության ժամանակ: Նույն կերպ՝ ձեր ընդդիմություն եղած ժամանակ, բա չէ, ձեր ընդդիմություն եղած ժամանակ:
Այս դիսկուրսն ամեն տեղ է և ամեն առիթով: Ասենք կենցաղային հողի վրա դեպք է տեղի ունեցել որևէ փաստաբանի հետ կամ հնչել է ատելության հերթական հրապարակային խոսքը: Միանգամից սկսվում է երկկողմանի հրաձգությունը և մեղադրանքների տեղատարափը՝ մեր ու ձեր ժամանակների համեմատության ու տեղը տեղին չքննադատելու վերաբերյալ:
Եվ շատ հաճախ իշխանության ներկայացուցիչներն են ներքաշվում այդպիսի փոխհրաձգության մեջ՝ փորձելով ցույց տալ, որ նախկինում ավելի վատ էր, իսկ հիմա՝ ավելի լավ:
Մինչդեռ իմաստ չունի ներքաշվել այդպիսի դիսկուրսի մեջ՝ մեկ պարզ պատճառով: Բանավեճի հիմքում դրված են սխալ բազային տվյալներ՝ չկա նախկին իշխանություններ հասկացություն: Երբևիցե ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ չանցկացրած խունտան չի կարող համարվել իշխանություն, ուստի իմաստ չունի դիտարկել՝ ինչն է լավ արել, ինչը՝ վատ:
Հեղափոխությունից անմիջապես հետո առաջին և ամենակարևոր գործը պետք է լիներ քաղաքական գնահատականը, հստակ ջրբաժան քաշելը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը 20 տարի ապօրինի են զբաղեցրել նախագահի պաշտոնը: Նրանց կազմակերպած խորհրդարանական ընտրությունները չեն եղել օրինական, չեն արտահայտել ժողովրդի կամքը, ուստի բովանդազուրկ է դիտարկել, թե ինչն են վատ արել, ինչը՝ լավ:
Նախկինները պետք է հռչակվեին խմբավորում, որն ուժի միջոցով տիրացել է իշխանական լծակներին և 20 տարի երկրի քաղաքացիներին պահել պատանդի կարգավիճակում:
Քաղաքական գնահատականի բացակայությունն է հնարավորություն տվել այսօր կասկածի տակ դնել հեղափոխության լեգիտիմությունը, նաև նախկինների քաղաքական հաճախորդներին ճամարտակելու, որ կա ռեգրես:
Եթե քաղաքական գնահատականը հնչած ու արդեն ամրագրված լիներ, անգամ Էդմոն Մարուքյանը չէր կարող շատ մեծ ցանկության ու պատվերի դեպքում նման աբսուրդային գնահատականներ հնչեցնել:
Քաղաքական գնահատականի բացակայությունն է ոգևորել հայտնի ուժերին: Նրանք սպասում էին, որ կհայտարարվեն օրենքից դուրս, իսկ իրենց իշխանության տարիները կհռչակվեն իբրև ժամանակաշրջան, երբ Հայաստանում իշխում էր բանդիտական լավ կազմակերպված խմբավորում:
Նախկինները չեն եղել լավ կամ վատ իշխանություն, նույն կերպ նրանք չեն կարող լինել լավ կամ վատ ընդդիմություն: Բանդայի գործունեության հիմքում լրիվ ուրիշ շարժառիթներ ու շահեր են դրված: Բանդան կամ հայտարարում են օրենքից դուրս՝ դրանից բխող հետևանքներով կամ էլ համակերպվում, որ այն կհաստատի իր տիրապետությունը՝ դրանից բխող հետևանքներով:
Արիս Վաղարշակյան