...

Բանկերը գյուղվարկ չեն տալիս

Բանկերը գյուղվարկ չեն տալիս

Դադարեցրել են 1 միլիոն դրամ վարկի նոր հայտերի ընդունումը

«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը» ժամանակավորապես դադարեցրել է գյուղատնտեսական վարկերի դիմումների ընդունումը: Այս մասին «ՉԻ»-ին ահազանգեցին ֆերմերները:

Դժգոհում են, որ արդեն 4 օր է՝ բանկն օնլայն դիմումներ չի ընդունում: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով բանկը միայն առցանց է դիմումներն ընդունում:

Կառավարությունը գյուղատնտեսներին առաջարկում է օգտվել անտոկոս վարկերի ծրագրերից կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում եղած ռիսկերից հնարավորինս քիչ տուժելու համար։ Միկրովարկերի դեպքում, որոնք մինչև 1 մլն դրամ արժողությամբ վարկերն են, սահմանվում է 0 տոկոսադրույք և 9 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ: 

Իսկ այսօր ֆերմերները բողոքում են, որ բանկերը մինչև 1 մլն դրամ վարկ այլևս չեն տրամադրում:

«Բոլոր բանկերում էլ նույն վիճակն է: Մինչև 1 միլիոն դրամանոց վարկեր չենք կարողանում ստանալ, բանկերը չեն տրամադրում: Որոշ կազմակերպությունների տրամադրած լիմիթները սպառվել են արդեն: Մի շարք բանկերում էլ հայտերն են շատ և նորն այլևս չեն ընդունում: Կառավարության կողմից ինչքան որ ներդրվել է, արդեն բաշխել են: Մնացել է 3-15 միլիոն դրամանոց անտոկոս վարկը: Դա էլ վերցնելու համար ֆերմերը պետք է հայտ ներկայացնի, թե ինչի վրա է ծախսելու այդ գումարը՝ ֆերմա՞ է կառուցելու, ջերմո՞ց, այգի՞ է հիմնելու»,- ասաց Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Արմեն Սիմոնյանը:

Ֆերմերները խուճապի են մատնվել

Լսելով անտոկոս հատկացվող գյուղատնտեսական վարկերի մասին՝ գյուղացիները շտապել էին հայտեր ներկայացնել և օգտվել արտոնյալ վարկերից: Մեծ թվով դիմումների արդյունքում այսօր նոր հայտեր չեն ընդունում, իսկ ծրագրից օգտվել ցանկացողները հայտնվել են անելանելի վիճակում:

«Այդ 1 միլիոնանոց վարկը մի 15 օրվա մեջ տրամադրվել է դիմողներին: Մարդիկ վռազեցին, դիմեցին ու ստացան: Իսկ ում պետք է, չհասավ: Մարդ կա՝ 1 միլիոն դրամանոց վարկը վերցրել է և բազկաթոռ է գնել, իսկ ինձ նման մարդկանց, որոնց շատ է պետք այդ վարկը գյուղատնտեսության համար, հիմա չեմ կարողանում դիմել»,- վրդովվեց գյուղատնտեսը:

Աննախադեպ քանակությամբ հայտեր

«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը» պարզաբանում է, որ ստացել են աննխադեպ քանակությամբ հայտեր, որոնք չեն կարողանում դիտարկել: Ուստի ժամանակավորապես մինչև 1 միլիոն դրամ վարկի նոր հայտեր չեն ընդունում:
Բանկի Մասիսի մասնաճյուղի աշխատակից Լուսինե Մնացականյանի փոխանցմամբ՝ օրական մոտ 200 օնլայն դիմում են ստանում: Պնդում է, որ արտոնյալ վարկերի տրամադրումը չի ավարտվել:

«Հիմնականում դիմում են մինչև 1 միլիոն դրամ անտոկոս վարկերի համար: Չկա նման բան, որ Կառավարության կողմից տրամադրված վարկի քանակությունն արդեն սպառվել է: Պետության կողմից ֆոնդը չի կարող սպառված լինել: Բոլոր գործընթացները շարունակվում են: Գործընթացը որոշակի ծավալով բարդ գործընթաց է և ժամանակատար: Դա է նոր հայտեր չընդունելու պատճառը: Օնլայն հայտեր չենք ընդունում ժամանակավորապես, բայց դա շուտով կկարգավորվի»,- մեկնաբանեց  բանկի ներկայացուցիչը:

Իսկ թե շուտով երբ կարող է ֆերմերը 1 մլն դրամ արտոնյալ վարկի համար դիմել, բանկից հստակ ժամկետ չեն նշում: Ասում են՝ նոր հայտեր ընդունելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնեն:

Բանկի կողմից նոր հայտեր ընդունելու կոնկրետ ժամանակ չնշելու հանգամանքն էլ ֆերմերների մոտ խուճապ է առաջացրել: Տարակուսում են, որ մեծ թվով հայտերը կարող են միայն պատրվակ լինել: Իսկ ժամանակավորապես դադարեցման անվան տակ կարող է այլևս 1 մլն դրամանոց արտոնյալ վարկը չտրամադրվել:

Միաժամանակ Ակբա բանկի կայք-էջից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումների մեկնարկից մինչ օրս տրամադրել է 4586 հատ գյուղատնտեսական վարկ, ընդհանուր՝ 4.590.240.000 դրամի։

Մանյա Պողոսյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ