...

Գյուղվարկերն ուղղորդվում են շինարարներին

Գյուղվարկերն ուղղորդվում են շինարարներին

Ֆերմերները պետության առաջարկած պայմանները չեն ընդունում

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկերից ֆերմերները գոհ չեն: Կառավարությունը գյուղատնտեսներին առաջարկում է օգտվել անտոկոս վարկերի ծրագրերից կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում եղած ռիսկերից հնարավորինս քիչ տուժելու համար։ 

Արտոնություններ են սահմանված նաև ավելի խոշոր վարկերի համար։ Բոլոր տեսակի վարկերի արտոնություններից կարող են օգտվել ինչպես գյուղոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբական անձինք, այնպես էլ՝ անհատ ձեռնարկատերերը։

3-15 մլն դրամ արժողությամբ վարկերը տրամադրվում են ավելի լայն գործունեություն ծավալելու նպատակով:
Ֆերմեր Արմինե Գևորգյանը դիմել է այս վարկատեսակի համար, բայց լսելով պայմանների մասին` հրաժարվել է:

Բանկը պայման է դրել ֆերմերի առաջ, նա էլ առաջարկը չի ընդունել: 

«Պետք է հստակ ներկայացնես, թե ինչ ես սարքելու այդ վերցրած վարկով՝ ջերմո՞ց ես սարքելու, այգի՞ ես հիմնելու, անասնապահությա՞մբ ես զբաղվելու, թե՞ այլ բիզնես նպատակով ես օգտագործելու: Այդ ձևով վարկ տրամադրելը ֆերմերին օժանդակություն չէ: Ինձ ասացին՝ ի՞նչ ես անելու այդ գումարով: Ես ասացի՝ դուք գումարը տվեք, ես կորոշեմ, թե քանի մետր ջերմոց ավելացնեմ: Ասում են՝ չէ, մենք կապալառու ունենք, մեր շինարարները պետք է գան և ջերմոցը սարքեն, որ իմանանք, թե այդ գումարներն ինչի վրա եք ծախսել: Ուզում եմ իմ վերցրած գումարը ես տնօրինեմ: Իրենք ցելոֆոնի ջերմոց են առաջարկում, ես դա չեմ ուզում: Ես իմ շինարարներն էլ ունեմ, ջերմոցի տեղն էլ գիտեմ և իրենցից լավ սարքել գիտեմ: Պարտադրում են, որ իրենց ուզած շինարարների հետ պայմանագիր կնքենք, գումարն իրենց են տալիս, որ նրանք կառուցեն: Ես կարող է ավելի էժան սարքել տամ, քան իրենց ասածն է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսը:

«Գազպրոմ Արմենիան» տուգանել է
  
Ֆերմերը Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում ջերմոցային տնտեսությամբ է զբաղվում: Այսօր ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով բերքը չի կարողացել վաճառել: Չկարողանալով գումար վաստակել՝  գյուղատնտեսը լոլիկ աճեցնելու համար սպառած գազի գումարը չի տվել և տուգանվել է 52000 դրամով: Որոշել է արտոնյալ վարկերից օգտվել և տուգանքը վճարել, բայց հուսախաբ է եղել:
  
«Գազի գումարը չեմ վճարել և տուգանվել եմ: Լոլիկը լավ չի վաճառվում, շատ դանդաղ է վաճառքը գնում, դրա համար գազի գումարը չեմ կարողացել վճարել: Հիմա գազ չկա, անջատել են: Որոշել էի՝ վարկից 2 մլն դրամով տուգանքներն ու վարկերս տալ, մնացածն էլ մի 1000 մետր ջերմոց ավելացնել: Ասում են՝ այդ վարկերը մինչև հաջորդ տարի կա, գնացեք, մտածեք՝ ինչ եք ուզում սարքել: Ինձ պետք չէ, որ այդ գումարը տան շինարարին, որ ինձ համար ջերմոց սարքեն: Բանկը դարձել է շինարարներին գործ տվող»,- դժգոհեց մեր զրուցակիցը:

Վարկային արձակուրդ չեն տվել

Ասում է՝ խաբեություն է իբրև բանկերը վարկային արձակուրդ են տրամադրել: Լոլիկի մշակությամբ զբաղվող գյուղատնտեսը վարկեր ունեցել է: Պնդում է՝ բանկը գումարի վճարման ժամանակը չի հետաձգել:

«Չեմ հասկանում, որ ասում են, թե աջակցում են ֆերմերներին: Սուբսիդավորված վարկ ունեմ, ասացին՝ վարկը 2 ամիս կարող եք չմուծել, 2 ամսից հետո կբերեք, կվճարեք, բայց գումարը 20 000 դրամով բաշխվել է մյուս ամիսների վրա: 181 000 դրամ պետք է մուծեի, հիմա հաղորդագրություն է եկել, որ 221 000 դրամ պետք է մուծեք: 2 ամսվա 181 000 դրամը բաշխել են եկող ամիսների վրա»,- նշեց նա:

Արմինե Գևորգյանը տուգանվելու հարցով դիմել է Էկոնոմիկայի նախարարություն: Փոխանցել են, որ հարցի հասցեատերն իրենք չեն:

Ֆերմերի խոսքով՝ միայն ինքն այդ վիճակում չէ, հարևան ջերմոցատերերն արդեն դատարան են հասել:

«Իմ հարևան ջերմոցատերերը ծաղիկ են մշակել՝ 5-6 մլն դրամի գազ են վառել և տակից չեն կարողացել դուրս գալ: Ծաղիկը չի վաճառվել, ամբողջը թափել են և գազի գումարը չեն վճարել: Հիմա արդեն այդ ֆերմերներին դատարան են տվել»,- պատմեց Գևորգյանը:

Գյուղատնտեսությամբ զբաղվողները պետությունից ռեալ արտոնյալ պայմաններ են պահանջում: Ասում են՝ կառավարության ներկայացրած ծրագրերն իրենց շահերից չեն բխում:

Մանյա Պողոսյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ