...

Բենզին ներկրողների թիվը պակասել է

Բենզին ներկրողների թիվը պակասել է

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել բենզինի շուկայում

2018 թ. բենզին ներմուծող ամենամեծ ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս՝ նախկին 51-ի փոխարեն: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի ներկայացմամբ՝  մենաշնորհների դեմ պայքարում հաջողություններ են արձանագրել:

Մրցակցային վիճակը երկրում բարելավվել է, դաշտ է բացվել այլ ընկերությունների գործունեության համար։
Մեր երկրում ամենակենտրոնացած շուկաներից մեկ եղել է վառելիքի շուկան։ Բենզինի ներկրմամբ իրավունք են ունեցել զբաղվելու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապերով կապված Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Ֆլեշ» և Աշոտ Սալազարյանի «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ընկերությունները:

Պետական եկամուտների կոմիտեից «ՉԻ»-ին փոխանցած տվյալների համաձայն՝ 2018 թ. ՀՀ բենզին ներմուծել են 5 կազմակերպություններ՝ «Էյ բի էքսպորտ», «Ֆլեշ», «Ռուսնեֆտ էքսպորտ», «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» և «Պլատինիում Օյլ»:

Այս տարի, սակայն, բենզին ներկրողների թիվը ավելանալու փոխարեն մեկով պակասել է:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2019 թվականին ներկրում իրականացրել են «Պլատինիում Օյլ», «Ֆլեշ», «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» և «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունները:

Ստացվում է, որ շուկան լքել է 2 խաղացող՝ «Ռուսնեֆտ էքսպորտը» և «Էյ բի էքսպորտը», փոխարենը հայտնվել է նոր տնտեսվարող՝ «ՍիՓիԷս Օիլը»:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համաձայն՝ «Պլատինիում Օյլ» ընկերության հիմնադիրն Աղասի Մանուկյանն է, գործունեությունը սկսել է անցյալ տարվանից:

Իսկ «Էյ բի էքսպորտ» ՍՊԸ-ն 2016-ին հիմնադրել է Արման Ղազարյանը: Այն այժմ գործունեությունը դադարեցրել  է:

«Ռուսնեֆտ էքսպորտ» ՍՊԸ-ի հիմնադիրը պետռեգիստրում գրանցված է Աշոտ Սալազարյանը: Ընկերությունը գործունեությունը սկսել է 2018-ին, բայց այժմ մասնակցությունը դադարեցված է:

«ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ի հիմնադիրը նույնպես Աշոտ Սալազարյանն է: Ընկերությունը բացվել է 2012 թվականին:

Նրա անունով է գրանցված բենզինի շուկայում նոր խաղացող «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ն: Պետռեգիստրում նշված է, որ հիմնադիր Աշոտ Սալազարյանն իր մասնակցությունը դադարեցրել է: Ճշտեցինք, որ «ՍիՓիԷս Օիլի» տնօրենն այժմ Արթուր Դանիելյանն է: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ընկերության գործունեության վերաբաշխում, ինչի հետևանքով գործառույթների մի մասը փոխանցվել է նորաբաց «ՍիՓիԷս Օիլին»: 

Ի դեպ, այս տարվա խոշոր հարկատուների առաջին տասնյակում տեղ է գտել նաև «ՍիՓիԷս Օիլը»` 9,1 մլրդ դրամ վճարած հարկով:

Այսպիսով կարելի է փաստել, որ բենզինի շուկայում մենաշնորհների դեմ պայքարը չափազանցված է:

Չնայած նոր ներմուծող կազմակերպությունների հայտնվելուն՝ շուկան բևեռացված է Բարսեղ Բեգլարյանի և Աշոտ Սալազարյանի միջև:

Ինչո՞ւ է բենզինի գները նվազել

Հարկ է նկատել, որ վերջին շրջանում բենզինը գինը 20 դրամով նվազել է: Այսօր «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արժե 400 դրամ:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանել էր, որ գների նվազումը շուկայում կատարված փոփոխությունների արդյունք է։ Ըստ նրա՝ բենզինի ներկրման ու գնի վրա մի քանի հանգամանք է ազդել` միջազգային գները, տրանսպորտային ծախսերը:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 1.9 % և 5.3 %-ով: 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.0% և 5.7%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% և 3.4-ով:

Հավելենք նաև, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի քանի ամիս ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի և դիզվառելիքի շուկայում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ