...

Բենզինը թանկացավ, հաջորդը սեղմված գազն է

Բենզինը թանկացավ, հաջորդը սեղմված գազն է

Բենզինը թանկացել է

Արդեն մի քանի օր է՝ բենզինի գները 20-30 դրամով բարձրացել են. «Ռեգուլյար» տեսակի բենզինը բենզալցակայաններում վաճառվում է 300 դրամով: Իսկ «Պրեմիում» տեսակի բենզինի մեկ լիտրը 300 դրամից թանկացել է՝ դառնալով 320 դրամ: Մինչդեռ վերջին ամիսների ընթացքում նավթամթերքն այնքան էր էժանացել, որ «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում էր 250-280 դրամով:

Բենզինի գնանկման պատճառը նավթի համաշխարհային գների նվազումն էր: Դեր խաղաց նաև կորոնավիրուսը: Վերջին օրերին, սակայն, դիզվառելիքի շուկայում պատկերը փոխվել է: Այժմ նավթի համաշխարհային գներն աճում են, ինչի արդյունքում բարձրանում է նաև բենզինի արժեքը: Աշխարհը տոտալ «լոքդաունից» վերադառնում է, ավելացել է բենզինի պահանջարկը:

«Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանի համոզմամբ՝ չի բացառվում, որ առաջիկայում բենզինի գինն էլի կբարձրանա:

«Ամբողջ աշխարհում սպառումը նվազել էր, լճացում էր առաջացել, բնականաբար, գինն իջել էր: Էժանացել էր, ցածր գնով առան և վաճառեցին: Այսօր արդեն սկսել են աշխատել, և այս շուկան էլ միաժամանակ կարգավորվում է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Բենզինի թանկացումը ավտովարորդների համար միակ վատ լուրը չէ: Շուտով բենզինի ճակատագրին նաև ավտոգազը կարժանանա: Հուլիսի կեսից սեղմված գազի համար վարորդները ստիպված կլինեն թանկ վճարել:

Սեղմված գազի գինը ևս կբարձրանա

Ներկայումս սեղմված գազի մեկ կիլոգրամի արժեքը 290-300 դրամ է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ հուլիսի 16-ից գազը որոշ սպառողների համար կթանկանա, ինչի հետևանքով նաև սեղմված գազի գինը կփոփոխվի: Մկրտիչ Տիգրանյանը ընդգծում է, որ դեռ պարզ չէ, թե ինչքան կբարձրանա սեղմված գազի արժեքը: Առայժ հաշվարկներ են կատարում:

Իր կանխատեսմամբ՝ հաջորդ ամսվանից սեղմված գազի գինը հնարավոր է բարձրանա մոտ 5-10 տոկոսով:

«Դա կախված է նրանից, թե գազալցակայանը որտեղ է գտնվում: Դա նաև կախված է գազի սպառման ծավալներից: Օրինակ՝ տարբեր մարզերում գազի սպառման ծավալները տարբեր են: Ինչքան գազալցակայանը մեծ քանակի գազ է սպառում, իր մոտ հնարավոր է գինը ցածր լինի: Երբ սպառման ծավալները ցածր են, գինը համեմատաբար ցածր է լինում: Առաջին օրերին գինը կարող է մի քիչ բարձր լինել, բայց հետո շուկան կկարգավորի: Գինը ցանկություն չէ, որ գազալցակայաններն ուզենան շատ բարձրացնեն: Շուկան է կարգավորում գնագոյացումը, իսկ գազալցակայանների շուկայում լուրջ մրցակցություն կա: Գինը, բնականաբար, բարձրանալու է, բայց առայժմ հստակ չէ, թե ինչքան»,- մատնանշեց նա:

«Ավտոգազ» ասոցիացիայի նախագահն ընդգծում է, որ սահմանափակումների հետևանքով տուժել են նաև գազալցակայանները: Նրանց աշխատանքի շահութաբերությունը կախված է տնտեսական ակտիվությունից:

Իսկ առանց այն էլ սոցիալական վատ վիճակում հայտնված քաղաքացիների՝ մասնավորապես վարորդների գրպանին նաև սեղմված գազի գնի բարձրացումն է հարվածելու:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ