...

«Ցանկացած գնով խաղաղության» ծուղակը

«Ցանկացած գնով խաղաղության» ծուղակը

Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հայտարարել է, թե «Հայաստանը համաձայնվել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից»։ Գեղեցիկ է հնչում, բայց «տարանջատելն» այն է, երբ կողմերը որոշում են այդ հարցերը ոչ թե փաթեթով քննարկել, այլ միմյանցից անջատել և քննարկել առանձին-առանձին։ Իսկ երբ դիմացինդ հայտարարում է, որ տարանջատելու բան չկա՝ գոյություն ունի միայն հայ-ադրբեջանական խնդիր, իսկ «ԼՂ հիմնախնդիր գոյություն չունի, այն արդեն պատմություն է», և դու համաձայնվում ես քննարկել «այդ միայն մի խնդիրը», դա արդեն ոչ թե տարանջատում է, այլ անդամահատություն։ 

Բայց Հայաստանի իշխանություններին նման «մանրուքները» չեն հետաքրքրում։ Նրանց համար կարևորը պրոցեսն է կամ պրոցեսի իմիտացիան, որովհետև դա սեփական իշխանությունը երկարաձգելու հնարավորություն է տալիս։ Հիմա, օրինակ, ամենաքննարկվող թեման Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումն է, և պատկերացրեք՝ Հայաստանում իշխանությունների նախաձեռնությամբ լայն քննարկումներ են սկսվել, թե արդյոք դա չի՞ նշանակում Արցախի «ռեինտեգրացիայի» սկիզբ Ադրբեջանի կազմում, իսկ եթե հենց դա է նշանակում՝ ի՞նչ վատ բան կա դրանում, և այլն։ Ու սա՝ այն դեպքում, երբ «ռեինտեգրացիա» կոչվածը բացարձակապես կեղծ օրակարգ է և հավասարապես անընդունելի է ինչպես Արցախի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Ադրբեջանին ոչ թե «ռեինտեգրացիա» է պետք, այլ Արցախի ամբողջական հայաթափում, իսկ կոշտ մեթոդներով «ռեինտեգրացիան» ընդամենը շատ արագ այդ նպատակին հասնելու գործիք է լինելու։ 

Նույն տրամաբանությունը, ի դեպ, գործում է նաև հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ քննարկումների դեպքում։ Բոլորը «վիզ դրած» այդ պայմանագրի մասին են խոսում՝ առանց հասկանալու, որ խաղաղությունը մի՛ բան է, խաղաղության պայմանագիրը՝ բոլորովին այլ բան, ու Ադրբեջանն այդ պայմանագրի շուրջ բանակցում է ընդամենը մի նպատակով՝ որպեսզի Հայաստանը կամ չստորագրի այն և դրանով իսկ նոր պատերազմի առիթ տա Ադրբեջանին, կամ ստորագրի այնպիսի պայմանագիր, որի առանձին կետեր մոտ ապագայում անխուսափելիորեն կհանգեցնեն նոր պատերազմի։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցում է բացառապես հաջորդ պատերազմը «փաստաթղթերով հիմնավորելու» նպատակով։ Ու պատահական չէ, որ բառացիորեն այսօր այդ երկրի փոխարտգործնախարարը հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի հարցը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի բաղադրիչ մասը», այսինքն՝ ադրբեջանցի փախստականները «պետք է վերադառնան Արևմտյան Ադրբեջան, և պետք է ապահովվի նրանց անվտանգությունը»։ 

Պարզ ասած՝ Ադրբեջանը մեր առջև հայելային պայմաններ է դնում։ Սկզբում պահանջում էր, որ Լաչինի միջանցքն ունենա նույն պայմանները, ինչ «Զանգեզուրի միջանցքը», իսկ հիմա խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին (այն հեռանկարով, որ նրանց անվտանգության ապահովման մեխանիզմները պիտի արցախահայության անվտանգության մեխանիզմների հետ նույնական լինեն)։ Իսկ նպատակը նույնն է․ որպեսզի հայկական կողմը մերժի, և այդպիսով փակվի «Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության միջազգային մեխանիզմների» թեման, կամ էլ՝ հայկական կողմն ընդունի, հետո ՀՀ տարածքում հայ-ադրբեջանական բախումներ լինեն, և իրենք զորք մտցնեն՝ «իրենց հայրենակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով»։ 

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ առաջ քաշում։ Նրանց փոխարեն ով էլ լիներ՝ այդպես կվարվեր։ Նրանք պարզապես օգտվում են Նիկոլ Փաշինյանի՝ «ամեն գնով խաղաղության օրակարգն առաջ մղելու» պատրաստակամությունից։ Հասկանալի է, չէ՞, որ եթե հայտարարում ես, որ ինչ-որ բանի դիմաց պատրաստ ես վճարել ցանկացած գին, այդ գինն անընդհատ բարձրացնելու են։ Առավել ևս՝ որ իրականում այդ «ինչ-որ բանը» վաճառելու մտադրություն չունեն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ