...

Չարի իրական գրոհին ընդառաջ

Չարի իրական գրոհին ընդառաջ

Եվ իհարկե չարի վերջից են խոսում… այո, այո, այո, բացականչում եմ ես, բայց սա նույնիսկ սկիզբը չէ: Որովհետև այլ է, ուրիշն է ՉԱՐԸ: Այլ տեղում է: Նույնիսկ գեներալ մանվելի դիպվածը սկիզբը չէր, չնայած հեղափոխության ամենատաք ալիքի վրա տեղի ունեցավ: Ու ոչ էլ հարկային օլիգարխ էն մի գագոյի ու որդու դեպքը, ոչ էլ պազիկի շոՓերի գործը… մի խոսքով: Երբ, իմ ընտրած, նաև իմ չարչարանքով ընտրված հեղափոխական իշխանությունը չարի դեմ մեթոդական կռվի փոխարեն` սահմանադրություն, լյուստրացիա, վեթթինգ, ապօրինի գույք-ու-ֆինանսների վերադարձ, ինձ դեմ է տալիս դատարկ ճառաբանություն, դիպվածային վարք ու միտումնավոր գայթող, անմիտ ձևացող իրավապահ համակարգ, ես սկսում եմ զայրանալ, ես իրավունք ունեմ կասկածելու և սկսում եմ կասկածել: Երկու տարի: Հաղթած հեղափոխության աստեղային ժամը` առաջին ամիսները, հետո երկրորդ ժամը, ու հետո մնացած բոլոր ժամերը… ու նոր միայն` երկու տարի անց, երբ տատանվել ու երերալ է սկսում ամեն բան, իմ ընտրյալները վերջապես գլխի են ընկել: Բայց արդյոք գլխի՞ են ընկել: 

Ո՞վ է գագիկ ծառուկյանի բուն «տիկնիկագործ-տիկնիկավարը»: Ռոբ-մարդասպանը: Ովքե՞ր են հիմա ստվերում հրճվում, բայց և սարսափում գագիկ ծառուկյանի հետ տեղի ունեցողից` հանրապետականները: Ո՞վ է լուռ ու մունջ` ես հետո կխոսեմ` մարաղ մտած, այս ամենին հետևողը` սերժը` ինչպես միշտ` սերժը, բայց նաև աղվան-մարդասպանը: Ովքե՞ր են, վերջապես, ինչպես միշտ` կողմ ըլլալով` դեմ: Այո, հենց իրենք` դաշնակցությունը: Եվ սրանք բոլոր-բոլորը մեկ միասնական ճակատով, միշիկ մեդիա և ընկ. հզորագույն հրետանազարկերով, միահամուռ Հայաստանն են ուզում փրկել նիկոլից, ծառուկյանին` բանտարկությունից, իրենց` էքսպրոպրիացվելուց, ոմանց` «գնդակահարությունից»` ցմահից:

Բայց տեսեք որ տակը բաներ կան: Տեսեք, որ մաֆիա-կառավարություն, էսպես ասած բուֆերը` լֆիկ-տաշիր-գռզո` նրանք, որ Նիկոլին ԻԲՐ մոտ են, ու հաշտ են ԻԲՐ ու համերաշխ հետը, ծառուկյանին սադրել` մի կողմ են քաշվել ու հիմա հետևում են իշխանության քայլերին: Ծառուկյանը փորձաքար է: Իշխանությունը քննություն է հանձնում: Վրիպակներով է քննություն հանձնում: Լուրջ սայթաքումներով: Բայց առայժմ հանձնում է: Ծառուկյանի խնդիրը չէ: Ծառուկյանը միշտ է եղել փորձաքար ու խամաճիկ: Դեռ  իննսունականների կեսերից: Ծառուկյանի համար ահա այսպես քաղաքականությանը մասնակցելը իր մշտական վարքն է` նրան միշտ դեմ են արել` խաբել, օգտագործել ու վարկաբեկել հրապարակում, իրենք մնացել ստվերում: Իհարկե, իր կարծիքով ինքը շահել է` յուրաքանչյուր այսպես` մեծ կամ փոքր չափով ու ձևով դեմ արվելուց ու վարկաբեկվելուց հետո, նա նոր շրջափուլով իր մաֆիա-բիզնեսն ու տնտեսական դիվիդենտներն է բազմապատկել: Ու իր ուրույն «բուկովսկիական», ձեռք բերովի այս ռեֆլեքսի տրամաբանությամբ նա նրանց ծեծ ուտող ջանավարն է դարձել` ծեծ է ուտում` ունեցվածքն ու փողերը շատանում են, ծեծ է ուտում` իր նոր բիզնեսների վրա աչք են փակում: Ու… եթե հիմա էլ չի սխալվել ծառուկյանը, այդպես է լինելու: Իր կարծիքով: Բայց կարծեմ` այս անգամ ե՛ս չեմ սխալվել` ծառուկյանը սխալվել է: Եվ նրան ոչ թե «զոհում», այլ զոհո՛ւմ է հետևում կանգնած այդ եռյակը, իսկ նրանց հետևում` սերժը: 

Մեծ հաշվով, այստեղ բացարձակապես այլ, այլանդակ խաղ է. ռոբ-մարդասպանը պիտի չվերադառնար ու պիտի չբանտարկվեր` չափազանց մեծ էին խաղադրույքներն ու բացվող ինֆորմացիան մահեր, մահեր, մահեր, Արցախի հարց, դավաճանություն, դավաճանություն ու այս ամենի հետևում` ռոբ-մարդասպան, աղվան-մարդասպան և միշտ, ամեն տեղից բացակա, իր աջը քաշած սերժ: Էն ով էր չեբուրաշկա կոչել նրան: Ոչ մի չեբուրաշկա` կա-լա-բոկ` ես տատիկից փախա, ու պապիկից փախա, ու աղվեսից փախա ու քեզանից էլ, այ հարիֆ, կփախչեմ: Ահա սերժը: Ու ռոբը պիտի հետ չգար, ու հալած յուղի պես սերժի գծած սցենարը տեղի կունենար: Ուրո՛ւյն տրամաբանությամբ սցենարը:

Եվ ՀՀ իշխանությունը, Նիկոլը, այսօր քննություն է հանձնում: Ծառուկյանը փորձնական բիլիարդի փորձնական քար է: Ամենահեշտը: Էլի է գրոհ լինելու: Մի քանի գրոհ է լինելու: Դժվար գրոհներ: Բայց քննության էականն այն է, որ Նիկոլը մե՛զ է այդ քննությունը հանձնում: Բայց կարծում է` սերժին է հանձնում: Եվ ապագային է քննություն հանձնում: Եվ անընդհատ կամուկացի, չիմացության, տատանման մեջ է: Եվ նրա խորհրդականներն են կամ էին` էն եռյակը, վանեցյանը, օսիպյանը, ջանջուղազյանը, անանյանը… ու նրա դաշնակիցն էին ծառուկյանը, մարուքյանը... է, հետո՞: Հեղափոխության հզոր իներցիան ու ժամանակ առ ժամանակ իր գլխում միացող առողջ բնազդն ու ինտուիցիան դեռ փրկում են, բայց շրջանը նեղանում է: Ու թերևս մենք էլ ենք դեռ փրկում իրեն: Բայց թավշի սիրուն, Նիկոլ, թավշի իմաստն էն էր, որ արյուն չթափվի ու հենց այդ պատճառով եմ ես վստահ` եղե՛լ է պայմանավորվածություն սերժի հետ` հանձնելու իշխանությունն անարյուն` հանուն Հայաստանի և հանուն Արցախի, և հենց այդ փաստը ենթակա է անվերապահ լյուստրացիայի առաջին հերթին: ԲԱՅՑ ախր ծիծաղելի չէ, զավեշտալի է, Նիկոլ, քո ռեսուրսով իր ռեսուրսի դեմ կանգնելը ու հայտարարելը, թե քաղաքական դաշտում ներկան միայն դու ես, իսկ անցյալը միայն իրենք ու պայքարը միայն քո ու սերժի միջև է: Բա որ հավատա՞նք ու մի կողմ քաշվենք: Ու առերես մնաս: Այն դեպքում երբ շուրջդ, տակդ, մեջքիդ, կողքիդ լիքը սերժ է կանգնած…

Պատրաստվենք կռվի, Նիկոլ, որովհետև դու ուշացրել ես. դեռ չես էլ սկսել իրական կռիվը: Այն, ինչ տեղի է ունենում, զորավարժություն է: 

Հակոբ Գրիգորյան      

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020       

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ