...

Չբռնե՞նք «երկիրն այս վիճակից դուրս բերելու» բիզնես դնենք

Չբռնե՞նք «երկիրն այս վիճակից դուրս բերելու» բիզնես դնենք

Հայաստանում կուսակցությունների ու դաշինքների պակաս երբևէ չի եղել, բայց հիմա դրանց ավելացել են նաև զանազան շարժումները, միավորումներն ու ճակատները, որոնց թիվը տասնյակների է հասնում։ Դրանց բոլորի՝ պաշտոնապես հռչակված նպատակը մեկն է․ Հայաստանը դուրս բերել այս ծանր վիճակից։ Իսկ թե ինչու են դրանք այդքան շատ՝ հասկանալի է․ ինչպես բիզնեսի ցանկացած այլ ոլորտում՝ այնպես էլ այս դաշտում գործում են ազատ շուկայական հարաբերություններ, և մրցակցությունը բավականին թեժ է։

Այո, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի «ներքաղաքական կյանքում», քաղաքականության հետ առանձնապես կապ չունի, սովորական բիզնես-գործունեություն է։ Ինչ-որ մարդիկ շինարարական գործունեություն են ծավալում, ուրիշները՝ բանջարեղեն վաճառում, տաքսի քշում կամ դեղատներ բացում, ու չարժե զարմանալ, որ մերձքաղաքական շրջանակների ինչ-որ խմբեր էլ «երկիրն այս վիճակից դուրս բերելու» բիզնես են դրել։ Այլ հարց է, որ այս բիզնեսն իր նրբություններն ունի և առնվազն երկու կետով տարբերվում է մյուս բիզնեսներից։ 1․ Եթե դեղատան սեփականատերը հայտարարի, թե իր նպատակը բացառապես մարդկանց առողջություն պարգևելն է, և ինքը հանուն դրա է զբաղվում այդ գործով, նրա վրա կծիծաղեն, եթե բանջարեղեն վերավաճառողն ասի, որ իր միակ մտահոգությունը մարդկանց սոված չթողնելն է, կամ շոտլանդական վիսկիի գնով դամբուլի «յաթրջի» վաճառողն ասի, որ այդ գործով զբաղվում է բացառապես տեղական արտադրանքը խթանելու համար, նրա երեսին կհռհռան, բայց «երկիրը փրկելու» բիզնեսի դեպքում հակառակն է՝ մարդիկ կծիծաղեն, եթե «փրկիչներն» անկեղծորեն ասեն, որ այդ բիզնեսով զբաղվում են հանուն փողի կամ փող վաստակելու հեռանկարի։ 2․ Եթե մյուս բիզնեսների դեպքում եկամտի աղբյուրը քաղաքացիներն են, «երկիրը փրկելու» բիզնեսի եկամտի աղբյուրները խիստ սահմանափակ թվով կոնկրետ մարդիկ են։ 

Իսկ բիզնեսն աշխատում է մոտավորապես այսպես․ Հայաստանում կան մի քանի հոգի, ովքեր ունեն ահռելի ֆինանսական ռեսուրսներ և իշխանության հասնելու կամ այն վերադարձնելու ահռելի ցանկություն, բայց քանի որ ժողովրդի մեծամասնությունն իրենցից զզվում է՝ իրենք չեն կարող անձամբ իրականացնել այդ ցանկությունը։ Եվ ահա սնկի պես աճում են «երկիրը փրկող» ՍՊԸ-ները, որոնք էլ այդ մի քանի հոգուն առաջարկում են իրենց ծառայությունները․ «դուք մեջտեղում մի երևացեք, մենակ փողը տվեք, մենք այդ փողով «կուկլա» շարժում կսարքենք՝ իրա ծրագրերով, միտինգով-բանով, հենց որ պահը գա՝ դուք կիջնեք ասպարեզ, մեզ էլ՝ ինչ կտաք-կտաք»։ Բայց քանի որ մրցակցությունը մեծ է՝ այդ մի քանի հոգին բոլորի ծառայությունները չէ, որ ընդունում են։ Մանրամասն քննարկում են առաջարկները, գնացուցակները և այլն։ Գնացուցակները, ի դեպ, նույնն են, ինչ իշխանական դաշտում, պարզապես «երկիրը Նիկոլից փրկելու» բիզնեսում մեծ մասը «նիսյա» է, իսկ «նախկին հանցավորների վերադարձը թույլ չտալու» բիզնեսում աշխատում է «նաղդը»։ Նրանք, ովքեր հասցրել են ճիշտ ժամանակին ՔՊ-ական դառնալ՝ վաղուց ստանում են այդ բիզնեսի իրենց շահաբաժինը, ովքեր էլ «հեղափոխության պահապաններ» են կամ «արտախորհրդարանական ուժեր»՝ ժամանակ առ ժամանակ հնարավորություն են ստանում տեսախցիկների առջև սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը ու հետագայում դա «կապիտալիզացնել»՝ իրենց մոտիկներին տեղավորելով երկրորդական-երրորդական պաշտոններում կամ գոնե, պայմանականորեն ասած, «գառաժի հարց լուծել»։ Եվ երկու դեպքում էլ միակ «ներդրումը» բարոյական նորմերից հրաժարվելն է, միակ ռիսկը՝ այն, որ մութ ժամերին մարդիկ փողոցում կճանաչեն ու մոտակա դալանում կծեծեն։ Չնայած՝ այդ ո՞ր բիզնեսը ռիսկեր չի պարունակում։

Անհասկանալի է միայն, թե ինչու է բիզնեսի այս յուրահատուկ ոլորտն անվանվում «ներքաղաքական կյանք»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ