...

Չգիտեի, որ լավ երեխաներ ունեմ. կարանտինի հետևանքները

Չգիտեի, որ լավ երեխաներ ունեմ. կարանտինի հետևանքները

Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված կարանտին սահմանելուց հետո հոգեբան Իրինա Ծատուրյանը հայտարարեց, որ պատրաստ է անվճար հոգեբանական ծառայություն մատուցել այն անձանց, որոնց մոտ մեկուսացման հետևանքով հոգեբանական խնդիրներ են առաջացել:

Հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ են նրան դիմել: Իրինա Ծատուրյանն օրական 9 այցելու ունի, բայց նրանցից ոչ ոք կորոնավիրուսի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների հարցով չի դիմել, այլ անձնական: Բայց հոգեբանին դժգոհել են, որ ոչ բոլորն են արտակարգ դրության պայմանները պահպանում, ինչից վրդովվում են:

«Հոգեբանական խնդիրները կարող են այնքան տարբեր լինել, ինչքան մարդկային տեսակները: Ունեմ այցելուներ, որոնք շատ լավ պահպանել են կարանտինի բոլոր կանոնները և շատ դժգոհ են, որ իրենք մեկուսացվում են, իսկ մյուսները դուրս են գնում: Դա հետագայում կարող է անդրադառնալ նրանց հարաբերությունների վրա: Դժգոհում են, թե ինչու իրենք տանը նստում, իսկ մյուսները դրսում են: Մյուսի խառնվածքն էլ այնպիսին է, որ ուզում է տնից դուրս գալ և դժգոհում է: Եթե հայտարարված է կարանտին, ուրեմն պետք է ենթարկվենք: Մենք անընդհատ ըմբոստանում ենք: Եթե սկսենք դժգոհել, ապա դժգոհելու օբյեկտիվ շատ պատճառներ կան: Կարանտին է, բայց մարդիկ ուզում են դուրս գալ և դրանով իրենց նյարդային համակարգը խանգարում են: Դրա կարիքը չկա: Հանգիստ սպասենք, երբ կարանտինը կավարտվի, հետո հանգիստ դուրս կգանք: Մենք ըմբոստանում ենք անընդհատ: Մարդիկ կան, ինչպես մինչև վիրուսը բարևելուց համբուրվում էին, այնպես էլ շարունակում են: Գյուղում ով ինձ տեսնում է այս կորոնավիրուսի ժամանակ, համբուրում է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Իրինա Ծատուրյանի խոսքով՝ յուրաքանչյուր անհատ յուրովի ընկալեց մեկուսացումը: Մի մասի համար դա հնարավորություն էր:

«Իրենք, տանը մնալով, շատ բան սովորեցին: Մյուսները գործ արեցին՝ մաքրություն: Տղամարդիկ, տանը մնալով, իրենց երեխաներին սկսեցին ավելի լավ ճանաչել: Մեկ հաճախորդ ունեմ, ասում է՝ չգիտեի, որ այսքան լավ երեխաներ ունեմ: Առավոտից երեկո աշխատանքի է եղել և երեխաների հետ շփելու քիչ ժամանակ է ունեցել՝ երեխայի հետ շփվելու բերկրանքը քիչ է վայելել: Մեկն ասում, որ սա բացարձակ ֆեյք է, մյուսն էլ հավատում է, որ կարող է իսկապես վիրուսը վտանգավոր լինել: Այստեղ այն իրավիճակն է, որ պետք է ոչ թեթևացնել, որ սա բացարձակ ֆեյք է, ոչ էլ վախեցնել, որ շատ վտանգավոր է»,- նշեց հոգեբանը:

Ասում է՝ կորոնավիրուսը նոր իրավիճակ է ստեղծել, իսկ այն, թե ինչ հնարավոր հոգեբանական հետևանքներ է թողնելու, հոգեբանները դեռ կուսումնասիրեն:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ