...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Ազգամիջյանից՝ միջազգային պատերազմ

Չափազանց բարդ գործ է ամփոփել շաբաթը, երբ ծանր պատերազմ է ընթանում: Պատերազմ, որն ամեն օր խժռում է մեր լավագույն տղաներին, պատերազմ, որն արդեն բախել է մեզանից յուրաքանչյուրի դուռը:

Օր-օրի նոր թափ է հավաքում այս պատերազմը, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն աստիճանաբար ներգրավվում են աշխարհի խոշոր գերտերությունները, տարածաշրջանի երկրները:

Ընդ որում, եթե Թուրքիայի մասնակցությունը պատերազմին հաստատված փաստ է, ապա բացառված չէ, որ ինչ-որ պահից կոնֆլիկտին միջամտեն Ռուսաստանն ու Իրանը: Սա բոլորովին այլ կոնֆիգուրացիաներ է ենթադրում, այլ մոտեցումներ, իրավիճակը կարող է դետոնատորի դեր խաղալ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս:

Թուրքիայի նպատակներից մեկը ոչ միայն լիակատար կախվածության մեջ դնելն է Ադրբեջանին, այլև Անդրկովկասում ամրացնել իր դիրքերը՝ այստեղից դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին: Այս պատերազմը դադարել է հայ-ադրբեջանական լինելուց և ավելի մեծ չափեր է ստացել:

Կա մեկ այլ խնդիր, որը նորից Թուրքիայի ձեռամբ կարող է առաջանալ: Խոսքը պատերազմին կրոնական երանգ հաղորդելն է: Թուրքական իշխանությունները հազարավոր ծայրահեղ իսլամական ահաբեկիչների են տեղափոխել հակամարտության գոտի, կան տեղեկություններ, որ դիմել են Աֆղանստանին, որպեսզի վերջինս էլ իսլամական գրոհայինների ջոկատներ տրամադրի: Սա պատահաբար չի արվում. սրանով նաև Թուրքիան փորձում է իր ազդեցությունը մեծացնել մահմեդական աշխարհում:

1990-ականներին, որքան էլ պատերազմը սաստիկ էր, թեժ և արյունալից, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը զերծ էին մնում կոնֆլիկտին կրոնական աստառ տալ՝ հասկանալով, որ դա կարող է էլ ավելի թեժացնել պատերազմը և հատկապես Ադրբեջանում իսլամական ծայրահեղական խմբերի համար պարարտ հող ստեղծել: Իսկ թե ինչ խնդիրներ են առաջացնում ծայրահեղականները, դա տեսել ենք Սիրիայի, Լիբիայի, Իրաքի, Աֆղանստանի, Եգիպտոսի օրինակով:

Որոշ վերանայումներ

Ի՞նչ պետք է անի Հայաստանը: Բավական բարդ խնդիր է դրված մեր իշխանությունների և դիվանագիտական կորպուսի առջև: Մի ուղղությունը գծագրել են. այն է՝ պատերազմ մղել հակաահաբեկչական ենթատեքստով, ինչը ենթադրում է նման պայքարում ահաբեկչության դեմ պայքարող երկրների ներգրավում, կարելի է ասել՝ կոալիցիա:

Երկրորդ. պետք է վերանայվեն մեր արտաքին քաղաքականության որոշ վեկտորներ: Մասնավորապես՝ Իսրայելի հետ հարաբերությունները: Պարզ ասենք. ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պաշտոնավարման տարիներին գեթ մեկ անգամ Իսրայել չի մեկնել, քանի որ գերադասում էր լավ հարաբերություններ պահպանել Իրանի և արաբական մի շարք այլ երկրների հետ: Տեր-Պետրոսյանը եղել է Իրանում, Սիրիայում, եթե ճիշտ ենք հիշում՝ Եգիպտոսում, բայց ոչ Իսրայելում: 

Հիմա այս պատերազմը ցույց տվեց, թե ով ինչ դեր և նշանակություն ունի Հայաստանի համար. Արցախյան բանակի հիմնական կորուստները իսրայելական և թուրքական արտադրության ԱԹՍ-ներից են, Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին, մինչդեռ Իրանը ընդգծված չեզոքություն է պահպանում: Ինչպես 1990-ականներին:

Նույնկերպ պետք է խորացնել հարաբերությունները արաբական երկրների հետ, որոնք գրեթե բոլորը ներկայումս այս կամ այն չափի խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Նույնիսկ Սաուդյան Արաբիայի հետ պետք է փորձել որոշ կապեր հաստատել, մանավանդ, որ վերջինիս հարաբերությունները Թուրքիայի հետ ծայրահեղ լարված են, սաուդյան իշխանությունները լիակատար էմբարգո են հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ և պատրաստվում են այլ պատժամիջոցներ նույնպես կիրառել: 

Աֆղանստանի հետ էլ կարելի է լեզու գտնել, դրա փորձն էլ ունենք. 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հասել էր Աֆղանստան և գաղտնի պայմաններում հանդիպում ունեցել Աֆղանստանի վարչապետ Գյուլբեդին Հեքմաթյարի հետ և վերջինիս համոզել զերծ մնալ Ադրբեջան ուղարկել աֆղանական վարձկանների: Հեքմաթյարը մի քանի օր հետո համաձայնեց և դրանից հետո լիակատար զինադադար հաստատվեց:

Ռուսական գործոնի անհրաժեշտությունը

Բայց կարևորը Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Ինչքան էլ այստեղ քննադատեն Ռուսաստանին, ասեն՝ չի օգնում, այսպես է, այնպես է, թուրքերի մաման չի լացացնում, պետք է հասկանալ, որ ռուսական արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է, և նա ոչ մեկին սիրուն աչքերի համար չի օգնում, եթե դա չի բխում իր շահերից:

Հետևաբար, պետք է ռուսական ուղղությամբ գերակտիվ քաղաքականություն իրականացնել, եթե անհրաժեշտ է, ներգրավել հմուտ, փորձառու դիվանագետների և նախկին պաշտոնյաների, որոնք ժամանակին արդյունավետ են աշխատել ռուսների հետ, փոխշահավետ համաձայնությունների և գործարքների հասել: Բարդ է, քանզի թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կան ուժեր, որոնք անընդհատ փորձում են այս իշխանություններին ներկայացնել որպես հակառուսական, արևմտամետ, սորոս-մորոսի մասին ընդհանրապես չենք խոսում:

Ու հետաքրքիր է, որ երբ մենք այս մասին գրում էինք, Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատեց ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանին: Մինչ այդ վարչապետը խոսել էր ռազմի դաշտում, դիրքերում ինչ-որ մարդկանց դավաճանական գործողությունների մասին, որոնցից մեկին էլ արդեն Երևան են բերել, ու 5 րոպե անց հանում է Քյարամյանին: Հիմա սրա հետ կապված հազար ու մի ենթադրություն կա. ամենապարզունակը, որ վարչապետը դժգոհ է մնացել Քյարամյանից, վերջացրած նրանով, որ Քյարամյանը այդպես էլ յուրային չդարձավ մեր հետախուզական համակարգում, և նրա հանդեպ վստահության պակաս կար նաև մեր դաշնակից երկրների համապատասխան կառույցների շրջանում: Այսինքն, կա այդ վարկածը, որ սա Ռուսաստանի հետ մերձեցմանն ուղղված քայլ էր: Եթե պարզ ու շիտակ խոսենք:

Կապրենք, կտեսնենք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   2367 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ