...

Չկա ատելություն, կա հմտորեն ուղղորդված կեղծ թեզ

Չկա ատելություն, կա հմտորեն ուղղորդված կեղծ թեզ

Արդեն 1.8 ամիս է, ինչ մեզ փորձում են համոզել, որ հասարակության մեջ կա աննախադեպ ատելություն: Պետք է խոստովանել՝ այդ կեղծ թեզի ամրապնդման և հաստատման ուղղությամբ կատարվում է բավական լայնածավալ և լավ կազմակերպված քարոզչական աշխատանք: Եթե որոշ կեղծ թեզեր ժամանակ առ ժամանակ նետվում են հասարակական դիսկուրս և արագ մոռացվում, այս մեկի ուղղությամբ աշխատանքները հիմնովին են և որոշակի արդյունք տալիս են:

Նոնսենս է խոսել հասարակական լուրջ ատելության մասին, բայց որևէ փաստարկ չբերել: Տեղի է ունեցել հեղափոխություն կամ եթե կուզեք՝ իշխանափոխություն: Բայց տեղի ունեցածը սովորական իշխանափոխություն չէ: Իշխանությունից հեռացվել են ուժեր, որոնք կեղծիքի, բիրտ ուժի միջոցով էին տարիներ շարունակ պահպանում իրենց դիրքերը: Դա անում էին հասարակության մեծամասնությանը ճնշելով, ստորացնելով և փոքրամասնության կամքը թելադրելով մեծամասնությանը: Բայց տրանսֆորմացիան անցավ առանց վրեժխնդրության: Մինչդեռ լրիվ բնական կլիներ, եթե տարիներ շարունակ ճնշված մարդիկ փորձեին հաշվեհարդար տեսնել իրենց ճնշողների հետ:
Տեղի չունեցավ գեթ մեկ հաշվեհարդարի դեպք: Տեղի չունեցավ գեթ մեկ ունեցվածքի խլում՝ ամբոխի հարձակման արդյունքում: Գեթ մեկի աչքի տակ չհայտնվեց կապտուկ: Ինչ ատելության մասին կարող է խոսք գնալ, երբ որևէ մեկը չփորձեց հաշվեհարդար տեսնել Մանվել Գրիգորյանից:

Հակառակը, նախկին իշխանությունների կողմնակիցներն են արհեստական գրգռում ատելության մասին կեղծ թեզը: Կեղծիքի անատոմիայի շրջանակներում են պատրաստում ֆեյքերի գրառումներ, թե պետք է վառել ու ոչնչացնել և այնուհետև դա տիրաժավորում են իբրև ատելության իրողություն: Այդ ուժերն են արհեստական գրգռում կրքերը, երբ մի ամբողջ հանրության անվանում են զոմբի: Նրանք չեն հաշտվում և հասկանում, որ նախկին իշխանություններին մերժել է ոչ թե Փաշինյանը, ոչ թե «Իմ քայլը», այլ հասարակության 90 տոկոսից ավելին: Եվ լրիվ բնական է, որ զոմբի պիտակին արժանանալուց հետո, ի պատասխան ստանում են մի քանի քաղցր խոսք, որը որևէ դեպքում չի կարելի դիտարկել իբրև կազմակերպված և ուղղորդված ատելություն:

Ատելության բացակայության մասին է խոսում երեկվա միջադեպը: Ալեն Սիմոնյանի անհաջող հեգնանքն առ Սերժ Սարգսյան արժանացավ միանշանակ դատապարտման անգամ իշխանության մոլի կողմնակիցների կողմից:

Չկա ատելություն, կա անհանդուրժողականություն ռևանշի ձգտողների հանդեպ: Կա վճռականություն չթողնելու մանիպուլյացիաների ու կեղծիքների միջոցով սրբագրելու ժողովրդի ընտրությունը: Բնական ձգտումը չթողնելու ամեն ինչ վերադառնալու ի շրջանս յուր, ատելության հետ որևէ աղերս չունի:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1873 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ