...

Երկու ամանորյա ուղերձ, երկուսն էլ մի բոյի

Երկու ամանորյա ուղերձ, երկուսն էլ մի բոյի

Դեկտեմբերի 31-ին՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվանից մի քանի ժամ անց, Նիկոլ Փաշինյանը, կարմիր գորգի վրա կանգնած, ինչ-որ տարօրինակ ամանորյա ուղերձ հղեց՝ լավ իմանալով, որ հասարակությունը հակադարձելու որևէ հնարավորություն չի ունենալու (հեռուստացույցի ձայնն անջատելուց բացի)։ Այդ ուղերձում Նիկոլը մտովի «պինդ գրկեց» շրջափակման մեջ գտնված արցախցիներին, ու դա, ցավալիորեն, ավելի շատ հրաժեշտի գրկախառնության էր նման։ Այդպես երևի Համբոն է հրաժեշտ տվել Գիքորին՝ ինքն իրեն համոզելով, թե ոչինչ, մի օր սոված կպահեն, մի օր կծեծեն, «ծառայի կարգն» է այդպիսին, բայց գուցե այդպես հաջողվի ինտեգրվել «անիրավ աշխարքին»․․․ 

Բայց «գեղարվեստական մասը» մի կողմ թողնենք։ Նկատեցի՞ք, որ բովանդակային առումով Նիկոլի և Ալիևի ուղերձները բավականին համահունչ էին։ Նիկոլի հիմնական ասելիքն այն էր, որ Հայաստանի իշխանությունները պատասխանատու են բացառապես 29,8 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար, այսինքն՝ իրենց պատասխանատվության տիրույթում Արցախ ընդհանրապես չկա, իսկ խաղաղությունը Հայաստանի առջև բացելու է այս-այս-այս հնարավորությունները, Ալիևն էլ իր հերթին հայտարարեց, թե Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դա հնարավորություն է տալիս հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ բնականաբար, իրենց առաջարկած պայմաններով։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը Երկիր Նաիրիից հրաժարվեց, իսկ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանից» ու «Էրիվանից»՝ ոչ, բայց Արցախի հարցում դուետը բավականին սինխրոն էր։ Ինչևէ։

Հիմա՝ ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ուղերձն ընթերցում էր ոչ թե որպես ՔՊ առաջնորդ, Աննայի ամուսին կամ Մարիամիկի պապա, այլ որպես ՀՀ ղեկավար։ Իսկ ՀՀ ղեկավար նա դարձել է մեկուկես տարի առաջ տեղի ունեցած այն ընտրությունների արդյունքում, որոնց ժամանակ հայտարարում և խոստանում էր, որ խաղաղության դարաշրջանը բացվելու է, Հայաստանն էլ շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Հիմա խաղաղության դարաշրջանը շատ ավելի հեռու է, քան մեկուկես տարի առաջ, Նիկոլ Փաշինյանն էլ փաստորեն Արցախի ապագայի հարցում Հայաստանի դերակատարման վերաբերյալ միանձնյա որոշում է ընդունում։ Հարց՝ քանի որ ընտրությունների ժամանակ նա այդպիսի մանդատ չի ստացել, արդյոք իրավունք ունի՞ նման ճակատագրական որոշումներ ընդունել առանց հանրաքվեի։ 

Խնդիրն այն չէ՝ այլ որոշում ընդունելու հնարավորություն ունի՞, թե՞ ոչ։ Չունի՝ թող հենց այդպես էլ ձևակերպի հանրաքվեի հարցը․ «ժողովուրդ ջան, ես ձեզ ինչ-որ բաներ էի խոստացել, դուք ինձ վստահության քվե եք տվել, բայց տարբեր պատճառներով չեմ կարողացել խոստացածս կատարել, համաձա՞յն եք, որ շարունակեմ ղեկավարել երկիրը, թե՞ ռադըս քաշեմ, եթե անգամ իմ փոխարեն ով էլ գա՝ նույնն է անելու»։ Այ դա իսկապես ազնիվ կլինի։ Թե չէ ստացվում է՝ անընդհատ ասում էր, որ Արցախի վերաբերյալ ժողովրդից թաքուն որևէ որոշում չի ընդունելու, հետո թաքուն ընդունում է այդ որոշումը ու սկսում լոլոներ կարդալ Երկիր Նաիրիից հրաժարվելու մասին՝ ձևացնելով, թե չի հասկանում, որ պետության ցանկացած ողջամիտ ղեկավար ի սկզբանե պիտի հրաժարված լիներ պատրանքներից, ու եթե ինքն «էն գլխից» ողջամիտ լիներ՝ այսօրվա աղետը չէր լինի։ 

Այ սա՛ պիտի լիներ իրական ամանորյա ուղերձը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ