...

․․․Եվ այդ մեկ հանցագործը ես եմ

․․․Եվ այդ մեկ հանցագործը ես եմ

Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 18-ին Ազգային ժողովում ունեցած ելույթով Հայաստանի ներքաղաքական կյանքը, եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ունի, մտավ նոր փուլ։ Եթե մինչ այդ ընդդիմությունը նրան հանցագործ ու դավաճան էր անվանում, իսկ նա պատասխանատվությունը բարդում էր ուրիշների վրա, ապա այդ ելույթում բաց տեքստով հայտարարեց՝ այո, ինքը հանցագործ է, ինքը պոպուլիստ է, կոպտագույն սխալներ է գործել, որոնց համար իրեն արժե դատել, և ի՞նչ․ դե տղա եք՝ դատեք։

Սա երևի համաշխարհային պատմության մեջ իսկապես բացառիկ երևույթ է։ Պետության ղեկավարը հրապարակավ խոստովանում է իր հանցանքը, ընդ որում՝ փոխաբերական իմաստով չի ասում, դա հռետորական հնարք չէ, բալզակյան տարիքի տիկնոջ կոկետություն չէ, որ հաճոյախոսություն պոկելու համար ինքն իր արտաքինը փնովի․․․ Մարդը շատ կոնկրետ նշում է իր հանցանքը՝ թեև գիտեր, որ «պրծած խաղ է», բայց երկիրը գիտակցաբար տարավ աղետի, մարդը կոնկրետ նշում է հանցագործության մոտիվը՝ եթե այլ կերպ վարվեր, իրեն դավաճան կանվանեին, հանցագործության հետևանքները բոլորի աչքի առաջ են՝ 4 հազարից ավելի զոհեր, կորսված հայրենիք, պետականության փլուզում, շարունակվող աղետ․․․ Ու այդ խոստովանությունից հետո հանգիստ իջնում է ամբիոնից ու գնում «գործի»՝ պետության ղեկավարումը շարունակելու։ Որովհետև ժողովուրդն է ընտրել «իրենց»։

Իրականում ժողովուրդը 5 տարի առաջ «իրենց» չի ընտրել, միայն իրեն է ընտրել։ Ինքն է, չէ՞, ասում «էսինչի ականջից բռնած՝ պատգամավոր դարձրեցինք»։ Իրականում «ականջից բռնողը» միայն ինքն էր, ու ճիշտ այդպես էլ մի ուրիշին ականջից բռնած ԱԺ նախագահ դարձրեց, էն մյուսին՝ պաշտպանության նախարար, երրորդին՝ քաղաքապետ, և այդպես շարունակ։ Բայց որպեսզի միակ հանցագործն ինքը չլինի՝ խոսում է ոչ թե իր, այլ «իրենց» մասին ու այդպիսով հանցագործության պատասխանատու դարձնում և՛ բոլոր նրանց, ում ականջից բռնած՝ «մի կտոր հացի տեր է դարձրել», և՛ ժողովրդին, որն իրեն այդպիսի հնարավորություն է տվել։

Մեխանիզմը հասկանալի է։ Ի՞նչ տեղի կունենար որևէ նորմալ երկրում, եթե այդ երկրի՝ թեկուզ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարը, ասենք, բոլորի աչքի առաջ գրպանից հաներ ատրճանակն ու մի տասը հոգու սպաներ։ Ճիշտ է, գլխավոր դատախազությունն անմիջապես քրեական գործ կհարուցեր ու որպես առաջին քայլ՝ կմեկուսացներ հանցագործին։ Եթե Հայաստանում նման բան տեղի չի ունենում, նշանակում է՝ գլխավոր դատախազը (կամ ԱԱԾ պետը, կամ ՆԳ նախարարը) հանցավոր անգործություն է ցուցաբերում, այսինքն՝ թաքցնում է առերևույթ հանցանքը և դրանով իսկ հանցակից է դառնում։ Ի՞նչ կաներ այդ դեպքում խորհրդարանական մեծամասնությունը։ Ճիշտ է, անվստահություն կհայտներ հանցագործի ղեկավարած կառավարությանը, նոր կառավարություն կձևավորեր՝ նոր գլխավոր դատախազով, ԱԱԾ նոր պետով և այլն, ու եթե չի անում՝ դրանով իսկ հանցակից է դառնում։ Նիկոլ Փաշինյանը, հրապարակավ իր հանցանքը խոստովանելով, հենց այդ խնդիրն է լուծում՝ ասում է «հա, ես հանցագործ եմ, էդ ամեն ինչը ես եմ արել, գիտակցաբար եմ արել, լավ եմ արել, էլի եմ անելու, բայց իրավապահները իմ կողմից են, պատգամավորները իմ կողմից են, ժողովրդի մեծ մասն իմ կողմից է, այսինքն՝ իրենք իրենց ծափերով, իմ ներս մտնելուն պես ոտքի կանգնելով, գյուղերում ինձ աղուհացով դիմավորելով ինձ հետ հավասարապես կիսում են հանցանքը, հարցեր կա՞ն»։ 

Ոչ, համենայն դեպս Ազգային ժողովում հարցեր չկային, բայց եթե անգամ լինեին՝ հարցերն անիմաստ են, պատասխաննե՛ր են պետք։ Ընդ որում՝ պատասխանները պիտի կոնկրետ քայլերի տեսքով լինեն, որովհետև սեփական հանցանքը խոստովանածի ու դրանով հպարտացողի հետ լեզվակռիվն անիմաստ է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ