Վերջին շրջանում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի շուրջ աղմուկ էր բարձրացել: Ուռուցքաբանության կենտրոնի հետ երբևէ կապ ունեցած քաղաքացիները բողոքում էին այնտեղ տիրող իրավիճակից, բժիշկների անտարբեր վերաբերմունքից: Տասնյակ քաղաքացիներ պատմում էին, որ կենտրոնում իրենց հարազատներին են կորցրել:
Բարձրացված աղմուկին հաջորդեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից հեռացումը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է աշխատանքից կենտրոնի վերաբերյալ բողոքների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելու հիման վրա:
Նախարարը հայտնել է, որ ըստ իրանական ընկերության տնօրենի՝ Ուռուցքաբանականի նախկին տնօրեն Արմեն Տանանյանը պահանջել է ներդրող ընկերության բաժնետոմսերի 50%-ն իրեն տալ և ասել, որ Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հատկացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Իրանական ընկերությունը համաձայնել է, քանի որ արդեն կանխավճարներ են տրված եղել։ Այսպես, ըստ առողջապահության նախարարի հրապարակած նամակի, ներդրում կատարող «Իրա Մեդիքլ Գրուպ» ընկերության բաժնետոմսերի 50 %-ն անցել է Հայկ Տանանյանին՝ Արմեն Տանանյանի եղբորը։
Բացի այս, Պետական առողջապահական գործակալությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 43 միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել։
Բողոք-նամակ ուռուցքաբանության կենտրոնի դեմ
Տանանյանին պաշտոնից ազատելու մասին Առողջապահության նախարարի որոշումը ևս բուռն արձագանք ստացավ: Մինչ ոմանք նախարարի որոշումը քննադատում են, քաղաքացի Մամիկոն Գյուլումյանն ահազանգում է, որ այս կենտրոնում հորը՝ Իշխան Գյուլումյանին է կորցրել:
«ՉԻ»-ին հասցեագրած նամակում պատմում է, որ դիմել են կենտրոնի բժիշկ Գագիկ Համբարձումյանին, վիրահատություն է կատարել, բայց օրեր անց հիվանդը մահացել է:
«Ասեցինք, երբ անենք վիրահատությունը, ասեց՝ մի օր շուտ պետք է անենք, հետո պառկեցրին հիվանդանոց, բայց մինչև գումարը չունենանք՝ չէին անում: 3 օր պառկեցրին, հետո վիրահատություն արեցին. տևեց 6 ժամ: Վիրահատությունից իջավ, բոլորս հավաքված իրան էինք սպասում: Եկավ ու առաջին բառը՝ ինձ պետք է 200 000 դրամ տաք, ասեցինք՝ խնդիր չկա, կտանք, դու ասա՝ ո՞նց է անցել վիրահատությունը: Ասեց՝ շատ լավ, իրոք, վիրահատությունը շատ լավ էր անցել: Հայրս ոտքի վրա էր ու գնալով ավելի լավ էր զգում իրան: 10 օր անց, Վիկտորյա Գենրիխովնան եկավ վերջին դրինաժը հանելու, հանեց: Հայրս ասեց՝ հինգ հատ դրինաժ կար, ոչ մեկը չցավեց, բայց այս մեկը շատ ցավոտ էր: Հետո գիշերը մայրս զանգեց, ասեց՝ թե բա շուտ եկեք հիվանդանոց, պապայի կարերից ինչ-որ արտադրություն է դուրս գալիս: Ես ու եղբայրս շտապեցինք հիվանդանոց: Տեսանք՝ հայրս լավ չի և աղմուկ բարձրացրեցինք: Եկավ հերթապահ բժիշկը, նայեց և ասեց՝ ոչինչ, ուղիղ պառկեցրեք, երկուշաբթի կնայենք: Մենք ավելի աղմուկ բարձրացրեցինք ու բոլորին կանչեցինք հիվանդանոց: Հետո շատ դժվարությամբ եկավ Գագոն, խմած վիճակում և ասեց, որ նորից պետք է վիրահատենք: Հաջորդ օրը՝ ժամը 11:00-ին, պետք է վիրահատեին: Փողոցում կանգնած սպասում էինք, որ Գագոն կժամանի, տեսնենք ՝ մեքենան հիվանդանոցի մոտով գնում-գալիս է: Կանգնեցրեցինք, ասեցինք՝ չե՞ք գալիս, արդեն ժամը 11:00-ն է: Ասեց՝ գիշերը Ծաղկաձորում ավտոն խփել եմ, տանեմ-թողնեմ արհեստավորի մոտ, կգամ: Հետո ժամանեց... Վիրահատությունը տևեց 3-4 ժամ: Նորից իջավ ու ասեց, որ սաղ լավ է՝ «կողքից աղիքը հանել ենք, սաղ նորմալ է»:
Նրա նկարագրելով, հոր վիճակը գնալով վատանում էր՝ մինչդեռ բժիշկներն անտարբերությամբ ասում էին, որ անհանգստանալու առիթ չկա:
«Միշտ թանկ դեղեր էին ուզում, գնում-բերում էինք, բայց վստահ եմ, որ այդ դեղերը հորս չէր հասնում: Մեզ անգամ հիվանդանոցի հարկում էին բերում այդ դեղից էժանով առաջարկում ու ասում էին՝ շտապ է պետք, որ իրենցից առնեինք: Մի քանի օրից հորս դուրս են գրում: Տանում են տուն, բայց ոչ մի դեղ չեն նշանակում, միայն ասում են՝ թող լավ սնվի: Գնալով հորս վիճակն ավելի է վատանում: Զանգում ենք Գագոյին, ասում ենք, որ ուզում ենք հիվանդանոց բերենք, ասում է, որ ստեղ մի բերեք: Մենք էլի կռվեցինք Գագոյի հետ, թե ոնց թե, ինքը Ձեր հիվանդն է: Մի խոսքով՝ տարանք: Պառկեցրեցինք վերակենդանացման բաժնում, ու 5 օր հետո հայրս մահացավ: Ու ասեմ, որ Գագոյի անուշադրության հետևանքով տենց եղավ: Իմանալով, որ տենց վատ վիճակում է, 4-րդ հարկից 9-ը բարձրացավ 2 ժամում: Անգամ ինքն այնքան անտեղյակ էր իր հիվանդի վիճակից, որ ասում ենք՝ մահանում է, էլի դեղեր էր գրել, որ գնեինք: Մահանալուց հետո մեզ չթողեցին տանել ուրիշ դիահերձարան, ասեցին՝ մենք Միքայելյանի դիահերձարանում վճարումներն արել ենք, պետք է տանենք այդտեղ: Տարանք, բայց մեզանից վերցրեցին դիահերձման գումար՝ չեկերն էլ տվեցին: Մեզ դիահերձող բժիշկն ասեց, որ աղիքների կպումից է մահացել: Թղթի վրա, սակայն ուրիշ բան է գրած: Ասեմ, որ տեղի աշխատակից Աստղիկ անունով մի աղջիկ մեզ 20 օր խաբելուց հետո նոր տվեց դիահերձման արդյունքները»:
Մամիկոն Գյուլումյանը բողոքում է, որ այդ հիվանդանոցում ներարկիչն ու կատետրը իրենք էինք գնում: Հարազատ կորցրածները դիմել են կենտրոնի արդեն նախկին տնօրեն Տանանյանին, խոստացել է խնդիրը լուծել, սակայն ոչինչ էլ չի արել: Նա նաև ասել է, որ ղեկավարած կենտրոնում դեղեր և այլ անհրաժեշտ բժշկական պարագաներ կան՝ մինչդեռ հիվանդների հարազատները հակառակն են պնդում:
Արձագանք հիվանդանոցից
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Ուռուցքաբանության կենտրոնի Կրծքավանդակի և որովայնի ուռուցքաբանության (թորակո-աբդոմինալ) բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանի հետ: Հարցերի պատասխանելուց խուսափեց: Ասաց, որ այս պահին ո՛չ ցանկանում է որևէ հարց լսել, ո՛չ էլ մեկնաբանել: Երբ ճշտեցինք, որ հարցն իր հիվանդին է վերաբերում, կրկին պնդեց, որ ոչինչ չի ուզում լսել:
«Իմ նախկին հիվանդների հետ կապված որևէ հարցի չեմ ուզում պատասխանել՝ ո՛չ լավ, ո՛չ վատ: Մեկնաբանություն չեմ տալիս»,- արձագանքեց նա:
Մանյա Պողոսյան