...

Ֆեյք ժողովրդավարության սպիտակ ագռավը՝ Ռեյկյավիկում

Ֆեյք ժողովրդավարության սպիտակ ագռավը՝ Ռեյկյավիկում

Ռեյկյավիկում Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի մեղավորը ոչ թե Ադրբեջանն է, այլ Հայաստանը։ Պատերազմի պատճառը, ըստ նրա, «Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել»։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը տեսավ, որ Հայաստանը ձգտում է ժողովրդավարական երկիր դառնալ, ու հարձակվեց, իսկ եթե ժողովրդավարության չձգտեինք՝ չէր հարձակվի։

Սա, իհարկե, լիակատար ցնդաբանություն է, թեև Նիկոլ Փաշինյանի հերթական «կռուտիտի» նպատակը հասկանալի է․ նա փորձում է պատերազմի՝ մեզ համար աղետալի հետևանքները բացատրել ոչ թե իր ապաշնորհ կառավարմամբ, այլ ժողովրդավարության նկատմամբ իր անսասան սիրով։ Թեև, վստահաբար, նույնիսկ իր մակարդակի մանիպուլյատորը չի կարող բացատրել, թե ինչպե՞ս պատահեց, որ արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք՝ ի թիվս բազմաթիվ գործոնների նաև նրա շնորհիվ, որ «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ է» (սա ոչ թե մեր, այլ միջազգային հանրության գնահատականն էր), իսկ երկրորդ պատերազմում պարտվեցինք ճիշտ նույն պատճառով՝ որովհետև «Հայաստանը ձգտում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ դառնալ»։ 

Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև, թե «2020 թ․ նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմը, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»։ Նախ՝ կառավարության և խորհրդարանի վրա հարձակման պատճառը ստորագրված հայտարարությունը չէր, այլ այն, որ իշխանությունները 44 օր շարունակ հասարակությանն ամենաստոր ձևով խաբում էին՝ իբր «հաղթելու ենք», անգամ ստորագրությունից մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են», ու հանկարծ պարզվեց, որ ոչ միայն ջախջախիչ պարտություն ենք կրել, այլև պարտավորվել ենք հանձնել անգամ այն, ինչը հաջողվել է պաշտպանել։ Եթե մարդիկ ավելի վաղ իմանային, թե իրականում ինչ վիճակ է ռազմադաշտում ու ինչ փնթի ղեկավարում է իրականացվում, հաստատ չէին սպասի փաստաթղթի ստորագրմանն ու ավելի վաղ կհարձակվեին «պետական ինստիտուտների վրա»։ Եվ երկրորդ՝ ի՞նչ է նշանակում «պատերազմը նաև Հայաստանում Կառավարություն փոխելու նպատակ ուներ», դե եթե այդքանը հասկանում էիր՝ հոկտեմբերի 19-ին հրադադարի առաջարկն ընդունեիր ու հրաժարական տայիր։ Թե՞ պետք էր անպայման ևս մի քանի հազար զոհ տալ՝ միայն թե «Հայաստանում Կառավարություն փոխելու նպատակը» ձախողվի։

Ինչևէ։ Ռեյկյավիկում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Բրյուսելում «ևս մեկ քայլ առաջ շարժվելու» մասին, իսկ նույն օրը նույն ժամին Երևանում էկոնոմիկայի նախարարը կիսաձայն (որ հնարավորինս աննկատ մնա) ու ամոթխած «բացատրեց», թե ինչպես է Հայաստանը պատկերացնում Մեղրիով Նախիջևանն Ադրբեջանին կապող երկաթուղու աշխատանքը։ Պարզվեց՝ մեր «տեսլականն» այն է, որ ՀՀ սահմանին պիտի ոչ թե մաքսատուն լինի, այլ շվեյցարական, ֆրանսիական կամ որևէ այլ ընկերություն պիտի «մուտքի և ելքի կետերում» զննի բեռները, և վերջ, այսինքն՝ Հայաստանը փաստացի պիտի այդ ամենի հետ գործ չունենա։ Պարզ ասած, միջանցքը տալիս է, բայց՝ այնպես, որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»։ 

Բա հո «ժողովրդավարության ձգտող» երկիրը չի՞ կարող ի՛նքը վերահսկել իր ճանապարհները՝ «մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ