...

«Ֆուդ Սիթին» ընդմիշտ պետք է զրկվի հայկական ծիրան վաճառելու առավելությունից

«Ֆուդ Սիթին» ընդմիշտ պետք է զրկվի հայկական ծիրան վաճառելու առավելությունից

«ՉԻ»-ի զրուցակիցն է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

- Պարոն Ստեփանյան, սահմանային լարվածության դեպքերից հետո, Ռուսաստանի տարածքում ադրբեջանցի առևտրականները, որոնք գրեթե ամբողջությամբ տիրապետում են ռուսական գյուղատնտեսական առևտրին, չընդունեցին Հայաստանից ներկրված ծիրանն ու մյուս գյուղմթերքը: Խնդիրը, սակայն, լուծվեց: Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանից գյուղատնտեսական ապրանքներով բեռնատարները, որոնց արգելել էին մուտք գործել Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ շուկա, «Տաշիր» ընկերության սեփականատիրոջ որոշմամբ անվճար կկանգնեն «Բուխտա» մեծածախ կենտրոնի տարածքում:

Նախ, ինչպե՞ս եք գնահատում միջադեպը, և արդյոք ստացվո՞ւմ է, որ հայ-ռուսական առևտրային հարաբերություններում դեր ունեն ադրբեջանցի առևտրականները:

- Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներգրավված պետական պաշտոնյաները և մասնավոր բիզնեսը միշտ էլ քաջատեղյակ են եղել Ռուսաստանի գյուղտնտեսական մթերքների վաճառքի ոլորտում ադրբեջանցիների մեծ ազդեցության մասին: Կարելի է նույնիսկ պնդել, որ այդ ոլորտը Ռուսաստանում մեծապես վերահսկվում է ադրբեջանական ծագումով բիզնեսի և կրիմինալի կողմից: Երկար տարիներ շատերս մտածում էինք, որ, համենայն դեպս, Ռուսաստանում ադրբեջանցիները բիզնեսը չեն խառնում քաղաքականության հետ: Բայց կատարվեց այն, ինչ կատարվեց՝ պատին կախված հրացանը մի օր կրակեց: Եվ այլևս «բարի ավանդույթի» սկիզբը դրված է, այսինքն՝ այսուհետ ադրբեջանցիները միշտ փորձելու են ռազմի դաշտում կրած պարտությունները փոխհատուցել գյուղատնտեսական դաշտում հաղթանակներով: Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիները նմանատիպ գործողություններ չիրականացրեցին, քանի որ նրանք գնահատեցին ապրիլյան պատերազմը որպես փոքրիկ, բայց հաղթանակ:

- Համացանցում տարածվող տեսանյութերից մեկի համաձայն՝ ադրբեջանցիները նաև հայկական խնձորն են ծիրանի պես բեռնատարներից հանում և թափում: Ըստ Ձեզ՝ այս միջադեպն ինչպե՞ս կանդրադառնա մեր պտուղ-բանջարեղենի արտահանման վրա: Արդյոք արտահանման հետ կապված խնդիրներ կառաջանա՞ն և ո՞րն է ցանկալի լուծումը:

- Ադրբեջանցիները մեծ և թանկարժեք գովազդ արեցին հայկական ծիրանին: Ամբողջ Ռուսաստանը հայկական ծիրանի մասին է խոսում: Մեծ գումարներ պետք է ծախսեինք նման արդյունքի համար: Եվ եթե մենք կարողանանք կարճ ժամանակում ստեղծել հայկական գյուղմթերքի վաճառքի «Ֆուդ Սիթիին» համարժեք ենթակառուցվածքներ, ապա ադրբեջանցիների մեծ գովազդի հետևանքով կունենանք հայկական գյուղմթերքի ավելի մեծ պահանջարկ, քան ունեինք մինչև «Ֆուդ Սիթիից» հայկական գյուղմթերքի տարհանումը: Այլ կերպ ասած, ադրբեջանցիները մեզ համար հնարավորություն ստեղծեցին դառնալ ավելի ուժեղ: Եվ մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից:

Այստեղ պետք է շեշտեմ, որ անթույլատրելի է խնդրի լուծումը դնել միայն հայկական ծագումով ռուսաստանյան ձեռներեցների ուսերին: ՀՀ իշխանությունները պետք է նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը և խնդրին գլոբալ լուծում տան: Իսկ հայկական ծագումով բիզնեսը կարծում եմ սիրով կօգնի իր ուժերի չափով: Պետք է լինի պետություն-մասնավոր արդյունավետ աշխատանք, որտեղ պետությունը պետք է ակտիվ մասնակցի, այդ թվում նաև ֆինանսապես:

- Հայաստանը, ԵԱՏՄ անդամ երկիր լինելով, փաստորեն, խոչընդոտների առաջ է կանգնում այդ միության անդամ հանդիսացող երկրում առևտուր կատարելու համար: Արդյոք չե՞ն գտնում, որ այստեղ միությունը ևս անելիք ունի:

- ԵԱՏՄ միության պաշտոնյաները, մասնավորապես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հայաստանյան պաշտոնյաները միանշանակ անելիք ունեն: Եվ ես կարծում եմ, որ ԵՏՀ արձագանքը իրեն չի սպասեցնի: Անելիք ունեն նաև ՌԴ իրավապահ մարմինները, քանի որ տեղի ունեցածը ոչ միայն հայկական գյուղմթերքի իրացման խոչընդոտ է, այլ նաև կրիմինալ: Անելիք ունեն և՛ Հայաստանի բիզնեսը, և՛ իշխանությունները, և՛ ԵԱՏՄ պաշտոնյաները, և՛ ռուսաստանաբնակ հայերը, և էլի շատ կողմեր Հայաստանում և Ռուսաստանում: Մենք չպետք է մեր սեփական անելիքը թողնենք և միայն հետևենք ուրիշների անելիքներին: Բոլորս պետք է արդյունավետ աշխատենք մեր տեղում: Մոսկվայի և Պետերբուրգի հայերը արդեն իսկ մեծ գործ արեցին, համախմբվելով և գնելով «դուրսը մնացած» հայկական ծիրանը: Քայլեր արեցին նաև ռուսաստանաբնակ հայկական բիզնեսը: Լուռ չմնաց նաև Ռուսաստանի հայերի միությունը և, իհարկե, նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանը: Այստեղ շատ կարևոր է, որ ՀՀ իշխանությունները և բիզնեսը չբավարարվեն ձեռնարկած ժամանակավոր լուծումներով և խնդրին գլոբալ մոտեցում ցուցաբերեն: Մի բան շատ պարզ է և միանշանակ՝ հայկական ծիրանը ուժեղ և ճանաչված բրենդ է: Եվ «Ֆուդ Սիթին» այլևս ընդմիշտ պետք է զրկվի հայկական ծիրան վաճառելու առավելությունից:

- Մեր արտահանման հիմնական շուկան եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը: Արդյոք այս միջադեպից հետո արտահանման հետ կապված խնդիրներ կառաջանա՞ն: Ըստ Ձեզ՝ չպե՞տք է արդեն Հայաստանը նոր շուկաներ որոնի:

- Հայաստանը վաղուց պետք է նոր շուկաներ որոներ: Թե՛ պետական և թե՛ մասնավոր բիզնեսի մակարդակով: Մեկ շուկայի վրա կենտրոնացումը ռիսկեր է պարունակում անկախ այն հանգամանքից, թե որն է այդ շուկան՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, թե այլ երկիր: Օրինակ, հայկական մեղրի 80 %-ը արտահանվում է ԱՄՆ, որը ևս մեծ ռիսկ է հայկական մեղրի արտահանողների համար: Ցավով պետք է նշեմ, որ բիզնեսը հաճախ վաճառվում է այնտեղ, որտեղ հեշտ է վաճառելը, իսկ ՀՀ ներկայիս իշխանությունները չունեն արտահանման շուկաները դիվերսիֆիկացման ազդեցիկ ծրագրեր: Այն, ինչ մենք ունենք, դա շատ քիչ է և չի ազդում իրավիճակի վրա:

Հակառակը, ինչպես փաստում են թվերը, Հայաստանն ամեն տարի է՛լ ավելի է ուժեղացնում իր արտահանման ազդեցությունը մեկ երկրից, տվյալ դեպքում Ռուսաստանից: Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի աստիճանը ես գնահատում եմ խիստ անբավարար, իսկ այդ հարցում պետության ակտիվությունը՝ չափազանց թույլ: Ցավով եմ դա արձանագրում:

- Եվ ընդհանուր առմամբ այս տարվա արտահանման ծավալներն ինչպե՞ս եք գնահատում: Տեսակետներ կան, որ արտահանման անկում է գրանցվել, որոշ արտահանող ընկերությունների մոտ անգամ շուրջ 80 տոկոսով: Ի՞նչ դիտարկումներ ունենք այս հարցով՝ արդյո՞ք արտահանման ծավալները կրճատվե՞լ են, թե՞ ոչ:

- 80 %-ը և նման կրճատումները դա մասնավոր դեպքերն են: Կան նաև աճ արձանագրող առանձին արտահանողներ: Իմ գնահատմամբ, Հայաստանի արտահանման անկումը 2020 թվականի տվյալներով կլինի մինչև մոտ 10 %:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2301 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ