...

Պետք է ուժեղացնել կոմերցիոն «հետախուզությունը»

Պետք է ուժեղացնել կոմերցիոն «հետախուզությունը»

«ՉԻ»-ի զրուցակիցն է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

- Պարոն Ստեփանյան, էկոնոմիկայի փոխնախարարը արտակարգ դրության ժամանակահատվածում հայտարարեց, որ Հայաստանը կորոնավիրուսի հետ կապված արտահանման խնդիրներ չունի: Արդյոք այդպե՞ս է, խնդիրների առաջ չե՞նք կանգնել:

- Կարծում եմ, որ փոխնախարարը տվյալ հայտարարությունն արել է կոնկրետ հարցերի համատեքստում ինչ-որ ժամանակաշրջանի համար: Օրինակ՝ նախկին ինչ-որ արգելքների կամ խնդրի վերացման առումով: Բոլորն էլ, ներառյալ պետական պաշտոնյաները, հասկանում են, որ կորոնավիրուսը չի կարող խնդիրներ չհարուցել բիզնեսների ճնշող մեծամասնության, այդ թվում՝ արտահանողների համար:

- Գյուղմթերքի արտահանման սեզոնն արդեն մեկնարկել է: Կեռասի այգի ունեցող գյուղացիներն ահազանգում են, որ նախորդ տարվա համեմատ, արտահանումը կաղում է՝ քիչ թվով բեռնատարներ են գալիս կեռաս արտահանելու համար: Ի՞նչ եք կարծում, գյուղմթերքի արտահանումն այս տարի ինչպես կընթանա, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնենք:

- Բնական է, որ գյուղմթերքի արտահանման հիմնական հաջողությունը կապված է բերքի քանակից, որակից և, իհարկե, հայկական սննդամթերքի արտահանման հիմնական երկրում՝ Ռուսաստանում, գների մակարդակից և տնտեսական իրավիճակից: Բարձր կլինեն գները, ուրեմն կունենանք հայկական մրգի լավ վաճառք: Իսկ եթե ոչ, ապա կվաճառենք զգալի քիչ: Ռուսաստանում, այլ երկրների համեմատ, այս տարի գները կարծես այդքան էլ բարձր չեն: Ուրեմն՝ մեր արտահանողները պետք է փնտրեն նոր գործընկերներ կամ Ռուսաստանի ավելի հեռավոր, հյուսիսային մարզերում, կամ որ շատ ավելի լավ է՝ այլ երկրներում: Օրինակ, ակնկալվում է, որ այս տարի կեռասի առավելագույն գինը կգրանցվի Ուկրաինայում: Թեպետ իրավիճակը կարող է փոխվել, բայց վերջին տվյալները դրա մասին են վկայում: Մենք պետք է ուժեղացնենք կոմերցիոն «հետախուզությունը», ունակություններն ու կապերը: Ուժեղ կոմերսանտներ ունենալու դեպքում խնդիրները կլինեն զգալիորեն ավելի քիչ: Նույն այդ կոմերսանտներն էլ պետք է ֆերմերներին ուղղություն տան, թե ինչ որակի և տիպի արտադրանքի կարիք է լինելու հաջորդ տարիներին: Մի խոսքով, հաջողության հասնելու համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) պայմանը գրագետ և պրոակտիվ կոմերսանտներն են:

- Ընդհանուր առմամբ, այս շրջանում ինչպե՞ս է տուժում արտահանումը:

- Կորոնավիրուսի ժամանակ արտահանման խնդիրները բաժանվում են 2 հիմնական մասի՝ լոգիստիկ և կոմերցիոն: Լոգիստիկ խնդիրների մի մասը լուծվել է: Արդեն չկա այն աղետալի վիճակը, որն ունեինք գարնանը՝ Հայաստան-Վրաստան սահմանին մոտ 2 շաբաթ տևած «խցանման» պատճառով: Այժմ որոշ խնդիրներ լուծվել են, մյուսներին արդեն հարմարվել ենք: Օբյեկտիվ պատճառներով չլուծված է մնացել միայն օդային բեռնափոխադրումների խնդիրը, որը շարունակում է վնասել այն արտահանողներին, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող արտահանել վերգետնյա ճանապարհով: Իհարկե, ժամանակ առ ժամանակ լինում են չարտերային չվերթներ, բայց դրանք իհարկե շատ քիչ են մեղմում իրավիճակը:

Կորոնավիրուսի պայմաններում կոմերցիոն տիպի խնդիրներին կարելի է դասել արտահանման հիմնական երկրների ազգային արժույթի կտրուկ անկումը, հանքահումքային արտադրանքի միջազգային գների անկումը, տեղաշարժի և առևտրային գործունեության սահմանափակումները և ամենակարևորը՝ սպառողների գնողունակության կտրուկ նվազումը:

- Կորոնավիրուսի հետ կապված ավելացել են արտահանման ռիսկերը: Բեռներն ուշ են տեղ հասնում, այդ պատճառով էլ փչանում է բերքը: Ստեղծված ճգնաժամային պայմաններում, կառավարության ձեռնարկած քայլերը համահո՞ւնչ են իրավիճակին: Ճգնաժամային լուծում առաջարկվո՞ւմ է:

- Ի տարբերություն մեր հիմնական մրցակիցների՝ ԵԱՏՄ կամ ԱՊՀ երկրների, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի շրջանում հատուկ արտահանողներին ուղղված պետական օժանդակության ծրագրեր չկան: Եվ հարցը այստեղ միայն այն չէ, որ մրցակից երկրները տիրապետում են Հայաստանի համեմատ ավելի հզոր ֆինանսական ռեսուրսների: Ուղղակի այդ երկրներում կան արտահանմանը խթանող առանձնացված կառույցներ: Այսինքն՝ կա առանձնացված ուշադրություն: Եվ հենց տվյալ կառույցներն էլ մշակել են այդ ծրագրերը:

Արտահանման առանձնացված կառույցներ կան ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Հայաստանից: Ավելին՝ Բելառուսում կա և արտահանման առանձնացված կառույց, և Առևտրի նախարարություն (խոսուն անվանում է), և դրանից բացի նաև արտահանման համար ուղղակի պատասխանատու է Բելառուսի արտգործնախարարությունը: Համոզված եմ, որ շնորհիվ նման հատուկ վերաբերմունքի է Բելառուսի արտահանումն առավել զարգացած: Բարձր տեմպերով զարգանում է նաև Ուզբեկստանի արտահանումը, որտեղ առանձնացված Արտաքին առևտրի նախարարություն է գործում:

- Ունե՞ք վերլուծություն, արդյոք այս ընթացքում արտահանման ծավալները կրճատվե՞լ են, թե՞ ոչ և ի՞նչ կանխատեսումներ կան՝ այս տարի արտահանման ծավալները կկրճատվե՞ն, թե՞ոչ:

- Գիտեմ այն, ինչը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն՝ ունենք արտահանման երկնիշ անկում թե՛ ծավալային, թե՛ դրամային արտահայտությամբ: Եվ դա բնական է, քանի որ կորոնավիրուսի պատճառով ծագած խնդիրների զգալի մասը Հայաստանում և արտահանման երկրներում չի վերացել: Եթե արտահանման ոլորտում հեղափոխական քայլեր չունենանք, ապա տարին կավարտենք մինչև 10 % անկմամբ: Եվ կարևոր կլինի հասկանալ, թե որքանով այդ արդյունքը կախված կլինի կառավարության ապագա այս կամ այն հեղափոխական ծրագրերի կամ դրանց բացակայության հետ:

- Արտակարգ դրությամբ պայմանավորված բեռնափոխադրող ընկերությունները բարձրաձայնեցին Լարսում կուտակումների, մաքսային մարմինների կողմից ստեղծած խնդիրների մասին: Բեռնափոխադրողները նշում են, որ տարիներ շարունակ Լարսում նույն իրավիճակն է: Ի՞նչ պետք է անել այս ուղղությամբ:

- Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա հուսանք, որ այս տարի կլինի դրական տեղաշարժ, քանի որ հայկական կողմը ամենաբարձր պետական մակարդակով անցած տարվա ընթացքում բարձրաձայնել է հայկական բեռների համար «կանաչ ուղու» անհրաժեշտության մասին: Նաև, կարծում եմ, որ կարող է ազդել ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանի ներկայությունը: Թեպետ այդ առումով «մեծ կռիվը» դեռ առջևում է: Սեզոնի ավարտին այդ նշանակման արդյունավետությունը առավել ցայտուն կերևա: Ընդհանուր առմամբ, Վերին Լարսը դա օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների բարդ կծիկ է: Եվ բոլոր առնչվող կողմերը, այդ թվում՝ Հայաստանը, ունեն բացթողումների սեփական բաժինը, որը պետք է շտկել:

- Ձեր կարծիքով, ներկայիս կորոնավիրուսի պայմաններում արդյոք առավելություն ունե՞ն արտահանող ընկերությունները տեղական շուկայում վաճառող ընկերությունների համեմատ:

- Իհարկե, արտահանողները բազմաթիվ առավելություններ ունեն: Արտահանման շուկաները բազմաթիվ են, իրավիճակը ամեն երկրում տարբեր է: Ուստի արտահանողը ունի աճի, մանևրելու, մի բան փոխելու անսահման հնարավորություններ: Իհարկե, եթե իր արտահանող կոմերսանտները արհեստավարժ են և փորձառու: Իմ գնահատմամբ, զարգացած արտահանում ունեցողները զգալիորեն քիչ են տուժում ներկայումս միայն տեղական շուկայում վաճառողների համեմատ: Օրինակ, մեր գործարանը արձանագրել է ոչ թե արտահանման անկում, այլ արտահանման աճի դանդաղում: Թեպետ այժմ արդեն ընթացքի մեջ են նոր արտասահմանցի գործընկերների հետ պայմանագրերի կնքումը, որը մեզ թույլ կտա ոչ միայն վերականգնել, այլև ավելի արագացնել արտահանման աճի մինչկորոնավիրուսային մակարդակը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2483 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ