...

Ֆուլ-փաթեթը տալիս ենք, թող ծառայության գումարը հանեն. սպանդանոցի տնօրեն

Ֆուլ-փաթեթը տալիս ենք, թող ծառայության գումարը հանեն. սպանդանոցի տնօրեն

Հունվարի 15-ից ուժի մեջ մտավ բոլոր վաճառակետերում սպանդանոցային ծագման մսի վաճառքի պարտադիր պայմանը: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով: Սպանդանոցային պարտադիր մորթի որոշմանը դեմ են մսավաճառներն ու անասնապահները: Նրանք մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են անցկացնում, այսօր հանրապետության տարբեր մարզերում ճանապարհներ են փակվել:

Սպանդանոցային մորթի առանձնահատկության և անասնապահների բարձրացրած խնդրի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է Լոռու մարզի Մայակովսկի համայնքում գործող սպանդանոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի հետ: 

- Պարոն Հովհաննիսյան, բողոքի դուրս եկած անասնապահներն ու մսավաճառները պնդում են, որ սպանդանոցները պետք չեն և դա իրենց սնանկացնելու համար է: Արդյո՞ք սպանդանոցները գյուղացու շահույթը ձեռքից վերցնելու համար են աշխատում:

- Բնականաբար, նման բան չկա: Ուշ, թե շուտ պե՞տք է սպանդանոցային մորթ լինի, թե՞ ոչ: Բակային մորթը վերջապես պե՞տք է վերանա, թե՞ ոչ: Սպանդանոցային մորթը քաղաքակիրթ տարբերակ է: Տենց բան չկա, որ գյուղացուն սնանկացնելու համար է, հակառակը, պետք է ուրախ լինեն, թող դիմեն սպանդանոցին, մենք էլ գնանք բերենք, իրենց աչքի առաջ անասունը մորթվի:

- Որոշ փորձագետներ մտահոգություն հայտնեցին, որ սպանդանոցային մորթը հնարավոր է կոռուպցիոն ռիսկեր պարունակի: Կասկածում են, որ օրենքի պահանջի բավարարման համար կենդանի ունեցողները ոչ թե սպանդանոցում մորթը կիրականացնեն, այլ դրա մասին զուտ վկայող թուղթ կգնեն։ Հնարավո՞ր է նման բան:

- Թուղթ վաճառելը բացառվում է, եթե սպանդանոցը ծախս է արել, ո՞նց կարող է թուղթ վաճառել, այսինքն՝ նշանակում է՝ նա իր գործից ձեռք է քաշում: Հիմա ես այս պարագայում չեմ պատկերացնում, որ կարող է մեկը լինի, ով փորձի թուղթ վաճառել: Ոչինչ բացառված չէ, սակայն, չեմ պատկերացնում, որ կարող են թուղթ վաճառել, դա սրբապղծության նման մի բան է:

- Բողոքում են մսավաճառներ, որոնք, ըստ էության, վերավաճառողներ են, խոսում են առանց պայմաններ ապահովելու օրենքի ընդունման մասին, ինչի դեպքում իրենք կզրկվեն գումար վաստակելու հնարավորությունից: Վերավաճառողները դաշտից դուրս կմղվե՞ն:

- Նույն հաջողությամբ էլ ղասաբ կոչեցյալները կարող են համագործակցել, ոչ մեկը չի ուզենա այսօր գնալ տանը պարապ նստել: Նրանք իրենց շուկան ունեն և կենդանիների տեղը գիտեն, այդ նույն հաջողությամբ կհամագործակցեն և՛ սպանդանոցների, և՛ գյուղացիների հետ: Երևի, գերշահույթներից են զրկվում, դրա համար են այս բունտերը: Մսավաճառներն են միշտ գործընթացն արել, իրենք մորթել են, ամեն ինչը վերցրել են և իրենք էլ սպառման կետեր են հասցրել:

- Պարոն Հովհաննիսյան, սպանդանոցում մորթ անելու համար անասնատերը պետք է վճարումներ կատարի, արդեն կա հստակ գնացուցակ: Դժգոհում են, օրինակ՝ խոզի մորթի համար պետք է վճարեն 5000 դրամ, բայց այդքան եկամուտ չեն ստանում այդ կենդանուց: Որքանո՞վ է արդարացված այդ գնացուցակը և ի՞նչ հաշվարկներով է այն կազմվել:

- Հաշվի չեն առնում, որ նույն խոզը մեր մեքենայով է տեղափոխվում սպանդանոց, մեր մորթողներն են մորթում: Խոզը նորից մեր սառնարան-մեքենան է տեղափոխում սպառման կետ: Բոլոր ծախսերը ներառված են: Գյուղացու անասունը գոմից մենք ենք բերում մինչև 30 կիլոմետր շառավիղով, այդ գումարի մեջ է մտնում: Փորոտիքը՝ սիրտ է, թոք է, բոլորը գյուղացուն է հետ վերադարձվում: Սուտ է, որ գյուղացին ասում է, թե փորոտիքը սպանդանոցին է մնում: Այդ բոլորն առաջ ղասաբներին էր մնում: Ես ծառայության համար գումար եմ վերցնում, փորոտիքը, գլուխը, կաշին էլ ի՞նչ վերցնենք:

Մսեղիքը (սիրթ, թոք, մյուս ներքին օրգանները, գլուխ, ոտքեր, կաշին) տալիս ենք անասնատիրոջը, գյուղացին էլ ուզում է վաճառի, ուզում է օգտագործի: Այս ակցիաները միջնորդների կազմակերպածն են: Իրենց շահույթը, երևի, կկրճատվի:

- Կենդանիների սպանդանոց տեղափոխումը միայն մինչև 30 կմ շառավիղով, 3 գլխից ոչ պակասի դեպքում է անվճար, մնացած դեպքերում պետք է անասնատերը ծախս կատարի: Ստացվում է, որ գյուղացին լրացուցիչ ծախսի տակ է ընկնում:

- Դե հիմա կհամագործակցենք: Ենթադրենք՝ տեղափոխման գումարը 20000 դրամ է կազմում, կասեմ՝ հարգելի գյուղացի, գոնե 5000 դրամը քո գրպանից դիր, կամ էլ մոտիկ սպանդանոց տար:

Որ ենթամթերքն ամբողջությամբ տալիս էիք ղասաբին, գումար չէիք կորցնո՞ւմ: Ով որ ձեր դռան դեմն անասունը մորթում է, ամբողջությամբ ենթամթերքը իրենց էիք տալիս, հիմա մնում է ձեզ: Ենթամթերքի ընդամենը 30 տոկոսն ենք սպանդանոց կոչեցյալին տալիս: Կենդանին բերում ենք սպանդանոց, մորթում ենք: Գյուղացին նույնիսկ շահեկան վիճակում է: Փորոտիքը՝ ամբողջ ֆուլ-փաթեթով, իրենց ենք տալիս, թող տանեն վաճառեն, ծառայության գումարը միջից հանեն, մնացածն էլ իրենց քյար:

- Խոսվում է, որ արդյունքում միսը կթանկանա: Գնի բարձրացում սպասվո՞ւմ է:

- Ինչի՞ հաշվին, ես չեմ պատկերացնում՝ ինչի պետք է թանկանա, 5000 դրամ ծառայության գումար վերցնելու հաշվի՞ն: Շատ քանակի անասունների դեպքում ծառայությունը նույնիսկ 4000 դրամով ենք անում: 

- Իսկ ընդհանրապես սպանդանոց ունենալը շահավետ բիզնես է համարվո՞ւմ:

-  (Ծիծաղում է) Տեսնենք, եթե օրենքը կիրառվի: Մինչև այժմ չէ:

- Ձեր սպանդանոցը գործում է 2013 թվականից: Այս ընթացքում շատե՞րն են այդ ծառայությունից օգտվել:

- Մինչև հիմա շատ քիչ եմ մորթ արել, մի քանի գլուխ, օրենքը միշտ հետաձգվել է: Պարսկաստան գառ ենք արտահանել, խոշոր կենդանիներ և խոզ չենք մորթել: Նոր ենք սկսում, հիմա էլ բունտեր են անում: Տեսնենք, թե ինչ կորոշվի: Հիմա հնարավո՞ր է Գերմանիայում մի հատ գառ մորթել, հարևանը չի՞ բողոքի, որ իմ երեխուն սթրեսի ես ենթարկել: Մենք էլ եվրոպական ուղղվածության երկիր ենք: Պարսկաստանում սպանդանոցներում են մորթում: Հիմա մենք հետամնաց ե՞նք:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ