...

Գազ տուր. ջերմոցների ջեռուցումն անջատել են

Գազ տուր. ջերմոցների ջեռուցումն անջատել են

Պահանջում են հետաձգել գազի գումարի վճարումը

Ֆերմերներն անելանելի վիճակում են հայտնվել: Ամբողջ ձմռան ընթացքում ջերմատունը տաքացնելու համար գազ են սպառել և այսօր կանգնել խնդրի առաջ:

Ներդրումներ են արել՝ ակնկալելով, որ գարնանը բերքը կվաճառեն, հասույթ կստանան և պետության նկատմամբ ունեցած պարտք ու պահանջը կկատարեն, բայց կորոնավիրուսը ծրագրերը խառնեց:

Սահմանափակումների պատճառով ջերմոցում աճեցրած ծաղիկն ու լոլիկը չեն կարողացել իրացնել, գազի գումարներն էլ կուտակվել են: Այսօր շատ ֆերմերներ տուգանվել են, մյուսների գազն էլ անջատել են:

Իսկ անձրևային եղանակը պահանջում է, որ ջերմոցը դեռ տաքացվի: Հակառակ դեպքում, «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանի խոսքով, բույսերը կվնասվեն:

«Եղանակը ցուրտ է, խոնավ: Հիմա չջեռուցելը նշանակում է, որ բարձր խոնավության պատճառով տարբեր հիվանդություններ կզարգանան ջերմատներում: Բույսերի հերը կանիծվի: Բերք չեն կարող ստանալ, կզրկվեն ամեն ինչից»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց Գևորգյանը:

ԱԺ են դիմել

Իրավիճակից ելք գտնելու համար՝ ասոցիացիայի անդամ ֆերմերները միացել են և պահանջով դիմել ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին: Բաբկեն Թունյանին ներկայացրել են իրենց ծանր վիճակը և խնդրել միջնորդել, որպեսզի գազի վճարման ժամանակահատվածը հետաձգվի: Հիմա սպասում են պատասխանի:

«Խնդրում ենք, որ ջերմատների գազերը չանջատեն, ժամանակ տան: Պայմանագիր կնքեն ֆերմերների հետ, վճարի նոր գրաֆիկ կազմեն և ըստ այդ ժամանակացույցի՝ ջերմոցատերերը վճարեն իրենց ծախսած գազի գումարը: Ով չի մուծել, գազն անջատում են: Ֆերմերների մեղքով չէ, որ չեն կարողանում վճարել՝ սահմանափակումների պատճառով բերքը չեն կարողացել վաճառել: Ասել են, որ դեռ նման խնդրանքով միայն «Սպայկան» է դիմել իրենց»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ով չի վճարել՝ անջատել են

Եթե վերջին օրերին սահմանափակումների մեղմացման հետևանքով բանջարեղենի իրացման հարցով շարժ կա, ապա ծաղկի գործը մեկ ամիս է՝ գրեթե կանգնած է: Ծաղիկը քաղել են, բայց շուկան փակ լինելու պատճառով անուշ բույրով բիզնեսի պտուղները աղբանոցն են նետել:

«Հո չմեռանք էդ «Գազպրոմի» ձեռը: Չենք ասում, որ փողը չենք տալու: Ասում ենք՝ ժամանակ տվեք, հետաձգեք գազի գումարի վճարումը: Մեր ասոցիացիայի անդամը 4 հեկտար ծաղկի ջերմատուն ունի, այս տարի այդ մարդը վարկ է վերցրել և 3 հա ավելացրել: Վաճառք գրեթե չի ունեցել, հիմա վարկը փակի՞, թե՞ գազի փողը տա: Վերջնական կործանման կգնան»,- մտահոգություն հայտնեց փորձագետը:

Վարակը նաև գների վրա է ազդել: Պահանջարկ չլինելու պատճառով ֆերմերը նվազեցրել է լոլիկի արժեքը:
«Մեքենայով ֆերմերները վախենում են ապրանքը տանեն վաճառելու, քանի որ սահմանին կարող են օրերով կանգնել և սպասել, արդյունքում բերքը կփչանա: Բանջարեղենը քիչ-քիչ հիմա վաճառվում է: Գներն ընկել են: 500-600 դրամով ֆերմերը մեծածախ գնով լոլիկը վաճառում է»,- մատնանշեց Պողոս Գևորգյանը:

Ջերմոցատերերն այսօր պետությունից պահանջում են հետաձգել սպառած գազի դիմաց վճարման ժամկետները: Ասում են, որ կառավարության հակաճգնաժամային փաթեթներն ուղղված են միայն կոմունալ վճարներին, իսկ բերք մշակողն ուշադրությունից դուրս է մնացել: Ֆերմերների խոսքով՝ եթե կառավարությունը աջակցի գազի հարցով, իրենք հնարավորություն կունենան մեծ քանակությամբ բերք արտադրել և պարենային անվտանգության հարցը լուծել:

Մանյա Պողոսյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ