...

Փոքրերը ձեռնտու չեն

Փոքրերը ձեռնտու չեն

Ծախսը շատ է 

Կառավարությունը հաստատել է «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռելու գյուղատնտեսներին կառուցել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող նոր ջերմատներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսություններն անցնելու են ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության:

«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրին «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը թերահավատորեն է նայում, որովհետև փոքր ջերմոց պահելը ծախսատար է:

«Գյուղացիները, փոքր ջերմատներ մշակելով, «տակից» չեն կարողանալու դուրս գալ: Ապրանքի իրացման հարցով էլի «պրոբլեմ» է լինելու՝ քանակությունը քիչ է, արտահանել չեն կարողանալու, իսկ տեղական շուկայում էլ լճացում է լինելու, որովհետև դրսից ներկրումները շարունակվում են: Գները կիջնեն և գյուղացիները էլի կսկեն»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց նա:

Կառավարության կողմից հաստատված ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 3600 տոննայով, ինքնարժեքի իջեցում, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում: «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահի կարծիքով՝ փոքր և միջին ջերմոցների միջոցով, գյուղացին կարող է օրվա ապրուստը վաստակել, բայց, ըստ նրա, այս ծրագրով ջերմատնային տնտեսություններ չեն կարող զարգացնել: Պողոս Գևորգյանի խոսքով՝ ջերմատունը կարող է եկամուտ բերել, եթե այն մեծ լինի:

«Վերջերս Ռուսաստանի մեր գործընկերների հետ հանդիպում ունեցանք, ասացին՝ ջերմատները կարող են եկամուտ բերել միայն 6 հեկտարի դեպքում: Այսօր որպեսզի ջերմատունն աշխատի, պետք է գոնե 3 հեկտար տարածք ունենա: Պետությունը սուբսիդավորում է մինչև 15 միլիոն դրամը, այդ գումարով նոր տեխնոլոգիաներով չես կարող նույնիսկ 1000 մետր ջերմոց կառուցել: Գազի այսօրվա գների դեպքում փոքր ջերմոցները ձեռնտու չեն կարող լինել, քանի որ դրանց ծախսերը շատ են»,- նշեց փորձագետը:

Օգտագործել արևի էներգիան

«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահը ջերմոցային տնտեսությունների զարգացման այլ նախագիծ ունի: Իր պատկերացումները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարություն:

Օրգանական գյուղմթերք արտադրելու համար առաջարկում է ջերմատները կառուցել հատկապես լեռնային գոտիներում, ինչը հնարավորություն կտա համայնքներում կրճատել գործազրկության մակարդակը:

«Մենք այսօր հնարավորություն ունենք լեռնային գոտիներում ջերմատներ սարքել, այնտեղ հողն ու ջուրը մաքուր է, ինչի շնորհիվ օրգանական գյուղմթերք կարող ենք արտահանել: Լեռնային գոտիներն արևոտ են, եթե մեր ջերմոցներն արևով տաքանան, բերքի գինը ցածր կլինի»,- կարևորեց ՀԿ նախագահը:

Հայաստանը՝ ջերմատնային ինդուստրիալ երկիր

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է դարձնել ջերմատնային ինդուստրիալ երկիր, որ մեր սերմերով, մեր տնկանյութերով արտադրանք տանք: Իսկ այս արդյունքին հասնելու համար, պետք է խոշոր ջերմոցային տնտեսություններ կառուցել:

«Այս 20 տարվա ընթացքում ես չկարողացա փոքր ջերմոցներ ունեցողներին համոզել բերքը հավաքել, միավորել, արտահանել: Նման առաջարկություն ես ստացել եմ Մոսկվայի մինի մարկետների տերերից: Գյուղացիներն ասում են՝ փողը տուր, տար, իսկ այսօր ոչ մեկը փողը չի տալիս ու տանում, նույնիսկ խոշոր ընկերությունները, որոնց հետ մենք պայմանագիր ունենք, ասում են՝ ապրանքը ուղարկի, տեսնենք՝ ոնց է, ծախենք, նոր փողն ուղարկենք: Այս տարբերակին էլ ջերմոցատերերը համաձայն չեն: Բերքն էլ մնում է, չի ծախվում, իրենք էլ չեն կարողանում գազի փող տալ, հարկերը վճարել: Կատարից մաքուր օրգանիկ գյուղմթերք էին ուզում, բայց մենք չունենք այդպիսի բերք»,- նկատեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ