...

Գինին ու օղին զարմացնում են

Գինին ու օղին զարմացնում են

Իրական ու կեղծ թվերի մասին 

«Մինչ հեղափոխությունը՝ խաղողի մթերման և արտադրության ծավալներն իրար չէին համապատասխանում, բայց հիմա պատկերը որոշակի փոխվել է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Մթերումների պաշտոնական թիվը կրկնակի ավել են ցույց տվել իրական ծավալներից: Այս տարի, ըստ Ավագյանի հաշվարկների, տարբերությունը 15-20 տոկոսի սահմաններում է:

«Պետությունը դեռ պաշտոնական թիվ չի հրապարակում: Ամեն տարի Գյուղատնտեսության նախարարությունն այդ թիվը հենց այնպես վերահաստատում էր, այս տարի պետությունը գնաց ստուգումների՝ ճշտելու, թե դա ինչքանով է համապատասխանում իրականությանը»,- նշեց նա:

Մասնագետը նկատում է՝ այս տարի անցյալ տարվանից շատ է խաղող մթերվել, իսկ գործարաններն էլ ավելի բարձր գնով են այն ձեռք բերել: Տարիներ շարունակ ընդունված մեթոդ է դարձել կեղծ սպիրտով խմիչք պատրաստելն ու գործարանների կողմից խաղողի ընդունման վերաբերյալ ոչ իրական հավելագրումներ ներկայացնելը:

Գինեգործների միության նախագահի խոսքով՝ այս մեթոդը դեռ 100 տոկոսով չի վերացել, սակայն դրական տեղաշարժ կա:

«Բերքը քիչ էր, բայց ավելի շատ էր, քան նախորդ տարի և մեր բերքը գնալով ավելանում է: Այս տարի նվազագույնը՝ 6, առավելագույնը 8 դրամ ավել է խաղողը մթերվել»,- հավելեց մեր զրուցակիցը:  

Ստվերից դուրս են եկել

Այս տարի, 2018 թվականի համեմատ, 40 տոկոսով խաղողի գինու արտադրության աճ ունենք: Մոտ 38-40 տոկոսով էլ ավելի շատ ենք կոնյակ արտադրել: Սովորաբար գարեջուր ավելի շատ է արտադրվում, հիմա աճի տեմպերը դանդաղել են:

Իսկ շամպայնի արտադրության ծավալները նույն են մնացել, մինչդեռ վերջին 6-7 տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություն է գրանցվել օղու արտադրությունում: Օղու արտադրությունը թռիչքային էր մինչև 2014 թվականը, հետո՝ կանգնեց:

Ավագ Հարությունյանը օղու արտադրության ծավալների ավելացումը համարում է այդ ոլորտում առկա ստվերի կրճատումը: Նրա խոսքով՝ գնալով մենք ավելի շատ ենք գինի խմում, քան օղի:

«Օղու արտադրությունում ստվեր էր, եկան հարկային դաշտ և մենք ունեցանք 35 տոկոսով աճ: Գուցե 5-10 տոկոսը իսկապես արդյունաբերական աճի մասին է»,- մատնանշեց նա:

Օղու արտադրության ծավալների աճը մասնագետները, սակայն, լավ ցուցանիշ չեն համարում: Ասում են՝ լավ օրից չէ, որ օղին պահանջարկ ունի: Ինչքան ապրուստը վատանում է, այդքան իրար հետևից օղու շշերն են դատարկվում: 

«Դա 5-10 տոկոսի սահմաններում է, բայց մնացածը մասով՝ մոտ 60-70 տոկոսը հաստատ ստվերի դուրս գալու գործընթացն է»,- պնդեց նա:

Խաղողի գինին ոչ միայն տեղում է պահանջված, նրա սիրահարները նաև դրսում են: Արդեն իսկ արտահանման շուրջ 16 տոկոս աճ է գրանցվել: 

Էկզոտիկ և էժան

Եվ այդքան շատ քննարկված մրգային գինիների մասին: Մրգային գինիների արտահանումն աճել է մոտ 35 տոկոսով: Հայաստանի սահմաններից դուրս մրգային գինիների պահանջարկի մասին ամիսներ առաջ դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտնել: Նա տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի:

Իսկ ինչո՞ւ են մրգային գինի նախընտրում: Մասնագետը խմիչքի այս տեսակի առավելություններն է թվարկում:
«Մրգային գինիները խաղողի գինիներից ավելի էժան են վաճառվում, դրանց արտադրությունը կախված չէ կոնկրետ բերքի արտադրության ծավալներից, ծագումից, էժան հումք տարվա բոլոր ամիսներին կարելի է ձեռք բերել: Մրգային գինիները ոչ ավանդական շուկաներում էկզոտիկ են համարվում, դրա համար աճը կա, որևէ արտառոց բան չկա: Էկզոտիկա է և էժան»,- նշեց մեր զրուցակիցը:

Շվեյցարիա և Լեհաստան ենք հասել

Հայկական արտադրանքի դրսի շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Եթե նախորդ տարի ալկոհոլային խմիչքների մոտ 75 տոկոսն էր արտահանվում այստեղ, ապա 2019-ին՝ 72 տոկոսը: Գինեգործների միության նախագահը բացատրում է՝ արտահանումը չի կրճատվել, այլ նոր շուկաներ են ստեղծվել: Ռուսաստանից հետո մեր երկրորդ շուկան Չինաստանն է:

«Այս տարի 5,1 տոկոս Չինաստանի ուղղությամբ արտահանում ունենք, նախորդ տարի 0,3 տոկոս է եղել: Երրորդ տեղում Շվեյցարիան է՝ 4,5 տոկոս: ԱՄՆ-ի ուղղությամբ, սակայն, արտահանումը նվազել է՝ իջնելով 3,4 տոկոս: Փոխարենը բարձրացել են Ֆրանսիա և Լեհաստան արտահանումների ծավալները»,- գինու արտահանման աշխարհագրությունը ներկայացրեց Հարությունյանը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ