...

Գյուղերում կուսակցական գաղափարախոսությամբ չեն շարժվում

Գյուղերում կուսակցական գաղափարախոսությամբ չեն շարժվում

Լոռու մարզի մի շարք համայնքներ հարկերի ցածր հավաքագրումներ են կատարում:

Օրեր առաջ մարզխորհդի նիստի ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խիստ դիտարկումներ արեց հարկերի ցածր հավաքագրումներ ունեցող համայնքների նկատմամբ: 

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապահովվել է 108.4 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով 2019թ. տարեկան պլանի կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 63.9 տոկոսով, 9 ամսվա պլանի նկատմամբ՝ 84.6 տոկոսով: Նախատեսված 8352.0 մլն. դրամ տարեկան պլանի և 9 ամսվա 6305.2 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 5336.5 մլն. դրամ: 

Սեփական եկամուտների գծով մինչև 50 տոկոս հավաքագրում են ապահովել՝ Հալավարը ( 41 տոկոս), Շնողը (41.6), Ջրաշենը (42.9), Վահագնին ( 43.4), Սարամեջը (45.4), Գոգարանը (46), Մեծ Պարնին (47.1), Ձորագյուղը (47.9): 

Խոշորացված համայնքներից թերացողների թվում է նաև Սարչապետը:

Թող տեսնեն՝ գյուղն ինչ վիճակում է

Համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ բնակիչների 50 տոկոսը տեղում չեն, դրա համար հարկերը չեն կարողանում հավաքել:

«10 տարուց ավել է 270 սեփականատեր բացակա է համայնքից: Ով տեղում է, պարտաճանաչ վճարում է: Իսկ այն հողատարածքները, որոնց տերերը համայնքում չեն, դրանք չեն մշակվում: Լավ որակի հողեր չեն, որ ինչ-որ մեկը վերցնի և մշակի»,- ասաց նա:

Իսկ գույքահարկի վճարները չեն մուծել նրանք, ովքեր արտագնա աշխատանքի են: Համայնքի ղեկավարի խոսքով՝ դեկտեմբերին խոպանից վերադառնալուն պես կվճարեն: 

Մարզի ղեկավարը, սակայն, անընդունելի է  համարել ցանկացած պատճառաբանություն: Անդրեյ Ղուկասյանի համոզմամբ՝ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը շատ դեպքերում ուղիղ համեմատական է համայնքների ղեկավարների լեգիտիմությանը:

Սարչապետի ՀՀԿ-ական գյուղապետը համամիտ չէ այս կարծիքին:

«Թող գան, տեսնեն՝ գյուղն ինչ վիճակում է՝ մարդիկ բացակայում են, լեգիտիմությունն ի՞նչ կապ ունի»,- հարցրեց համայնքի ղեկավարը:

5 միլիոն հողի չվճարված հարկ կա

Նույն պատկերն է Ջրաշենում: Այստեղ մոտ 60 ընտանիք հարկերը չի վճարել: Համայնքի ղեկավար Վարդան Ուռուսյանն ասում է՝ այդ ընտանիքները համայնքում չեն բնակվում:

«5 միլիոն հողի չվճարված հարկը դրանց է պատկանում: Անցյալ տարի 4 միլիոն է եղել, տույժ-տուգանքներն ավելացել է: 2 մլն դրամ էլ գույքահարկի վճար կա: Հողերը չեն մշակում: Կան մարդիկ, որոնք հողամասի մեջ դոմիկ ունեն կառուցած: Այս մարդիկ երկար տարիներ է՝ գյուղից գնացել են, հասցեներն էլ չունենք»,- ներկայացրեց Ուռուսյանը:

Ջրաշենցիները դժվարությամբ են հարկ վճարում, որովհետև հողից այս տարի եկամուտ չեն ստացել: Երաշտի պատճառով կաղամբ ու հացահատիկ չեն հավաքել: Անջրդի հողատարածքներում բերք չի եղել: Մի կողմից էլ կարկուտն է ազդել բերքատվության ցուցանիշի վրա:

Մարզպետի՝ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն ուղիղ համեմատական է համայնքների ղեկավարների լեգիտիմությանը հայտարարությանն էլ ժպիտով է արձագանքում:

«Տենց չէ: Տենց կարծիք մի կազմեք: Ժողովուրդը լավ գիտակցում է, եթե չվճարեց, տուգանքներ է գալու»,- նկատեց Ջրաշենի ղեկավարը:

583 հարկատուից 130-ը համայնքում չեն

Մեծ Պարնիի ղեկավար Գագիկ Պալյանն ասում է՝ չգիտե, թե լեգիտիմությունն ով, ինչպես է պատկերացնում:

Նա 2006 թվականից Հանրապետական կուսակցության անդամ է եղել: Թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունը լքել է և դարձել անկուսակցական:

«Հատկապես գյուղական համայնքում կուսակցական գաղափարախոսությամբ չեն շարժվում: Օրինակ՝ ՀՀԿ-ական եմ, անկուսակցական եմ կամ «Իմ քայլից» եմ, ի՞նչն է փոխվում»,- մեկնաբանեց նա:

Մեծ Պարնիում սեփական եկամուտների հավաքագրման ցածր՝ 47.1 տոկոսը ստացվել է ժառանգությունների խնդիրների պատճառով:

Համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի պարզաբանմամբ՝  հարցը 52 ընտանիքի հետ է կապված՝ սեփականատերերի մահից հետո ժառանգություն չի բացվել:

«6 ամիս անց ժառանգություն չբացվելուց հետո, համայնքի ղեկավարը պարտավոր է, համայնքի բյուջեի հաշվին դրանք դարձնել համայնքային և տալ վարձակալության  և այդպես մուտքերն ապահովել: Այստեղ, սակայն, մենք մեկ այլ խնդիր ունենք:  Դրանք հիմնականում 1,5 հեկտար գյուղատնտեսական հողեր են և տարբեր վայրերում են»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարկատուների մի մասն էլ համայնքում չեն: Մեծ Պարնիում 72 ընտանիք 1993 թվականից համայնքում չեն բնակվում:

«583 հարկատուից 130-ը համայնքում չեն: Մենք պլանը կատարում ենք պարտաճանաչ հարկատուների հաշվին՝ 80 տոկոս կատարողական կապահովենք»,- վստահեցրեց գյուղապետը:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ