...

Գյուղերը կըմբոստանան

Գյուղերը կըմբոստանան

Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվեց:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համայնքների խոշորացումը վիճահարույց հարց է: Նա այն չափազանց վատ որոշում համարեց, քանի որ համայնքները խոշորացվել են առանց բնակիչների կարծիքն իմանալու:

Նոր Հայաստանում կրկին շրջանառության մեջ է դրվել համայնքների խոշորացման գործընթացը:

2020 թվականին նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 3 ծրագիր:

Մտադիր են ձևավորել հետևյալ համայնքային փնջերը.  Լոռու մարզի Լերմոնտովո` Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2), Կոտայքի մարզի Քասախ` Քասախ, Պռոշյան (թվով 2),

Տավուշի մարզի Իջևան` Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19):

Միավորման ծրագրի մեջ մտնող համայնքները իրավունք կունենան հանրաքվեի միջոցով իրենց կարծիքն արտահայտել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր՝ եթե համայնքներում կա նախաձեռնող խումբ, որը կարծում է՝ խոշորացումն արդյունավետ չէ, ապա հնարավորություն է ստանում ստորագրահավաքի միջոցով տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորություն ստանալ: Իսկ արդեն հանրաքվեով կորոշվի, թե իրենց նախաձեռնությունը ճիշտ էր, թե սխալ:

Ձեռք մի տվեք

Ըստ ծրագրի՝ Լերմոնտովոն ու Անտառաշենը կմիավորվեն:

Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը «ՉԻ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ բնակիչները դեմ չեն միավովել Անտառաշենին: Այստեղ բնակչության 80 տոկոսը մոլոկաններ են:

Նախորդ իշխանության խոշորացման ծրագրի արդյունքում գյուղը պետք է կցվեր Մարգահովիտին: Գյուղապետը հիշեցրեց, որ այդ ժամանակ մոլոկանները ոտքի էին կանգնել և չէին ուզում նրանց հետ մեկ համայնք դառնալ:

Չախալյանը պատմեց, որ անգամ մի քանի գյուղացի եղաններ են վերցրել և պատրաստվել կռիվ տալ նրանց հետ, ովքեր պատրաստվում էին համայնքն ուրիշ վայրի հետ միավորել:

«Եկել էին ու ասում՝ ավելի լավ է մեզ աքսորես Ռուսաստան: Ասում էի, որ ես չեմ միավորողը: Հիմա՝ խոշորացման քննարկումների ժամանակ, ես ու Ֆիոլետովոյի գյուղապետն ասեցինք, որ մոլոկաններն աքսորված ազգ են, պետք չէ մեզ ձեռք տալ»,- մանրամասնեց գյուղապետը:

Անտառաշենի հետ միավորվելու դեմ չեն ըմբոստանում, քանի որ այս գյուղի բնակչության 35 տոկոսը նույնպես մոլոկաններ են: Անտառաշենը մինչև 1991 թվականը Լերմոնտովոյի կազմում է եղել: Այդ համայնքը բնակեցված չի եղել, այդտեղ միայն կենդանիներ են բուծել: Հետագայում այն բնակելի ավան է դարձել: Անտառաշենում դպրոց, մանկապարտեզ չկա: Երեխաները 2 կիլոմետր ճանապարհ են կտրում  Լերմոնտովո սովորելու հասնելու համար: Նրանք փոստային ծառայություններից օգտվելու համար էլ են Լերմոնտովո հասնում: Գյուղապետը դեմ է միավորվելուն, բայց Անտառաշենի մասին է մտածում:  

«Փոքր գյուղ է, բյուջե չունի: Անգամ գազի փող չունեն, որ ավտոբուսին տան, երեխաները դպրոց հասնեն: Մենք Անտառաշենին կօգնենք»,- հույս հայտնեց նա:

Սահմանամերձ գյուղերն ուզում են իրար միանալ

Դիտավան համայնքը նախատեսում են Իջևանին միավորել: Այստեղ, սակայն, համայնքների միավորման վերաբերյալ բացասական կարծիք ունեն: Ասում են, որ խոշորացման դեմ ստորագրահավաք կնախաձեռնեն:

Դիտավանի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանի խոսքով՝ միավորվելուն դեմ են հատկապես փոքր համայնքները: Նա չի կիսում այն տեսակետը, թե այս ծրագրով շահում են փոքրերը: Այստեղ մոտ 400 բնակիչ կա, ուզում են, որ դիտավանցիներին էլ խոսք հասնի:

«Կառավարման խնդիր է: Դու կարող ես համայնքին վերաբերվել որպես քո սեփական ընտանիք և կարող ես փոքր ռեսուրսներով մեծ հաջողությունների հասնել»,- նշեց Դիտավանի ղեկավարը:

Այժմ քննարկում են՝ հասկանալու՝ լա՞վ բան է համայնքների միավորումը, թե՞ վատ: Մտածում են՝ ճիշտ կլինի սահմանամերձ համայնքները միավորել:

«Մենք մեկ այլ փնջի մասին ենք մտածում, որ հնարավոր է սահմանամերձերը միավորվեն, կենտրոնը դրանցից որևէ մեկը դարձնեն: Մեր դեպքում կենտրոնը աշխարհագրորեն հարմար կլինի դարձնել Ազատամուտը»,- ասաց Սարիբեկյանը:

Ակնաղբյուրը ևս Իջևանին միացվող համայնքների թվում է: 529 բնակիչ ունեցող գյուղում ասում են՝ եթե միավորումը պարտադիր է, գոնե մի քանի համայնքով միավորվեն: Վստահեցնում են՝ համայնքում նախաձեռնող խումբ կլինի, իրենց կարծիքը կասեն: Եթե կարիք լինի, դեմ չեն հանրաքվեով ասել՝ ուզում են միավորվել, թե՝ ոչ:

«Պետք է 3-4 փնջով լինի խոշորացումը, ոչ թե տասնյակ փոքր գյուղեր մեկ մեծ համայնքի միավորել»,- շեշտեց համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը:

Հիշեցնենք, որ խոշորացման ծրագիրը սկսվել է 2016 թվականին: Ներկայումս ՀՀ-ում առկա 502 համայնքից 52-ը խոշորացված են: Մինչ միավորումը կար 915 համայնք:

Մանյա Պողոսյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ