...

Հանցակիցների պայքարը հանուն զոհի փրկության

Հանցակիցների պայքարը հանուն զոհի փրկության

Նկատե՞լ եք, որ «Արցախը փրկելուց» խոսում են առավելապես նրանք, ովքեր կործանման եզրին են հասցրել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Պարզապես կարգախոսներն են տարբեր։ Քոչարյանասերժական ընդդիմությունն ասում է «իշխանությունը տվեք մեզ, որ փրկենք Արցախը», Նիկոլն ասում է «իշխանությունը չեմ տա, որպեսզի փրկեմ Արցախը»։ Եվ իհարկե՝ միմյանց մեղադրում են Արցախը հանձնելու մեջ։

Իրականում Արցախը հանձնելու գործընթացը սկսվել է 1997-ին, երբ ռոբասերժական կլանը հրաժարվեց ընդունել Արցախը։ Այո, առաջարկվող փաստաթուղթը հենց «ընդունման-հանձնման ակտ» էր՝ Ադրբեջանը պաշտոնապես հանձնում էր Արցախը, Հայաստանն էլ պիտի ընդուներ։ Բայց Քոչարյանն ու Սերժը գերադասեցին ոչ թե Արցախն ընդունել, այլ ՀՀ իշխանությունը։ Դրանից հետո տեղի ունեցավ «ուչաստկովիի գործը», Արցախն էլ դուրս մղվեց բանակցային գործընթացից ու Քոչարյանի համար ընդամենը երեք «գործառույթ» ուներ՝ աշխարհի «մեծամեծների» հետ նստել-վեր կենալու առիթ (այլապես ո՞վ պիտի լուրջ ընդուներ հեղաշրջմամբ իշխանություն զավթած նախկին պարտկոմին), որսի տարածք (քանի դեռ Տանզանիայի ճանապարհը չգիտեր), ու ներքաղաքական լարված իրավիճակների դեպքում՝ «սպեցնազի» մատակարար։ Հետո ինքն իրեն Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևոր հռչակած, բայց դրա փոխարեն օրումեջ Բադեն-Բադեն թռնողն էր բողոքում, թե բա ես պատրաստ եմ 7 շրջան վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում, ախորժակն էլ օրեցօր բացվում է (ու ոչ մի բացատրություն այն մասին, թե 1997-ից հետո այդ ի՞նչն էր փոխվել, որ Արցախը «թուղթ ու թամասով» հանձնելու պատրաստ Ադրբեջանն օրեցօր լկտիանում էր)։ Այսօր սրանք են ուզում փրկել Արցախը։ Բա իհարկե, չէ՞ որ իրենք ընդամենը հող են նախապատրաստել, իսկ դե ֆակտո հանձնողը Նիկոլն է։

Նիկոլն էլ պատերազմից անմիջապես հետո փորձեց մտնել «էն խեղճ հարիֆի» դերի մեջ, որի «ջեբը պարտություն են գցել», բայց հետո խոստովանեց, որ լավ էլ գիտակցաբար է արել, ավելին՝ ճիշտ է արել, ու դա էր «խաղաղության դարաշրջան բացելու» միակ ուղին։ Սա մինչև հիմա նույնիսկ չի հասկացել, որ եթե մեկին փողոցում շան ծեծ են տալիս, պետք չէ գոռգոռալ «լավ, էլի, մեղք եմ, էլ մի ծեծեք, հասկացա», որովհետև դրանից հետո միայն «լրացուցիչ» թաթալոշներ է ստանալու, արդյունքում էլ ոչ թե «խաղաղության դարաշրջան» է բացվելու, այլ ասելու են «դե հիմա ռադ էղի ու էլ էս կողմերը չերևաս»։ Հասկանալի է, չէ՞, որ եթե քեզ ստիպում են շալվարդ իջեցնել, նշաձող իջեցնելով չես պրծնելու։ Բանն այնտեղ է հասել, որ Նիկոլն ու իր առավել մազոխիստ թիմակիցները յուրատեսակ մրցակցության մեջ են մտել՝ ով ավելի բարձր գոռգոռա, որ Ջեբրայիլը կամ Կուբաթլուն Ադրբեջան է, նա էլ ամենահամարձակն ու սկզբունքայինն է։ Մեկը չկա ասի՝ ա՛յ ծեծ ուտելուց հաճույք ստացողներ, Ջեբրայիլի հետ ի՞նչ գործ ունեք, այդքան համարձակ ու «օբյեկտիվ» եք՝ Հադրութից ու Շուշիից խոսեք, ասեք, որ դրանք հայկական են ու անպայման պիտի վերադարձվեն։ Թե՞ շեֆը թույլ չի տալիս ու հրահանգել է պատերազմում կորցրած տարածքներն ընդամենը երկու խմբի բաժանել՝ դրանք կամ «բուն ադրբեջանական» են, կամ «դժգույն-դժբախտ»։

Ահա այսպես՝ առատ սննդից բտված ու ասելիքի բացակայությունից կատաղած, տրտինգ տալով իրար վրա քշող ու իրար հայհոյող ոճրակիցները մի քանի խմբերի բաժանված ոտնատակ են տալիս երկիրը կամ այն, ինչ մնացել է երկրից։ Խոտը հեչ, ողջամտության հատուկենտ ծիլերն են ափսոս, որ ինչ-որ հրաշքով դեռ պահպանվել են ասպատակվող այս երկրում։ Երկիրն է ափսոս։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ