...

Հանուն փողի փողոցից եկածներն ընդդեմ հանուն փողի փողոց փակողների

Հանուն փողի փողոցից եկածներն ընդդեմ հանուն փողի փողոց փակողների

Նկատե՞լ եք, որ Հայաստանում ներքաղաքական ցանկացած գործընթաց ի վերջո վերածվում է «փողի բազարի», միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքների հիմքում էլ նույն փողն է։ Իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են փողով հանրահավաքների մասնակիցներ ապահովելու մեջ ու նույնիսկ դրա համար մարդկանց են ձերբակալում, ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է, թե ցուցարար ծեծող ոստիկանները հավելյալ փող են ստանում, փողով սադրիչներ են վարձում, որ բախումներ հրահրեն ցուցարարների հետ, Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ նա ձեռքերը լվացել է Արցախից՝ պատասխան փատարկ է հնչում, թե «չեք տեսնո՞ւմ մեր բյուջեից քանի հարյուր միլիոն դոլար է տալիս Արցախին», Նիկոլի ֆանատները հանրահավաքում հնչած ցանկացած ելույթից հետո հարց են տալիս՝ տեսնես ինչքա՞ն փող է ստացել այդ ելույթի համար, ու ստանում են պատասխան հարցը՝ տեսնես Նիկոլն ինչքա՞ն է վճարում այդպիսի ստատուսներ գրելու համար․․․ 

Իրականում խնդիրն այն չէ՝ ընդդիմությունն իսկապե՞ս փողով մարդ է բերում իր հանրահավաքներին, թե ոչ։ Ժամանակին էլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, հայտարարում, որ եթե քաղաքացին 10-15 հազար դրամով վաճառում է իր ձայնը՝ դա նույնպես ընտրություն է (հետո էլ ընդունեց այդ ընտրությունների արդյունքները)։ Բա հիմա այդ ի՞նչն է փոխվել, որ գումարի դիմաց հանրահավաքի մասնակցելն այլևս «նույնպես ընտրություն» չէ, ինչ է՝ զոռո՞վ են վճարում (եթե իսկապես վճարում են)։ Եվ հետո՝ հանրահավաքներին մասնակցելու համար գումար պահանջելը լավ էլ տրամաբանական կլիներ։ Իսկ ուրիշ ի՞նչ ակնկալիք պիտի ունենան շարքային քաղաքացիներն, ասենք, Ռոբերտ Քոչարյանից կամ Արթուր Վանեցյանից։ Ի վերջո ի՞նչն է Ռոբերտ Քոչարյանին առանձնացնում բազմաթիվ նախկին պաշտոնյաներից, եթե ոչ փողը։ Շա՛տ փողը։ Մի պահ պատկերացրեք, որ Քոչարյանը, կուսակցությունից ու գաղափարախոսությունից բացի, նաև փո՛ղ չունի ու եկեղեցու մկան պես աղքատ է, ինչպիսի՞ն կլիներ նրա քաղաքական կշիռն ու դերակատարումը։ Ճիշտ է, զրոյական։ Իսկ եթե մարդը փողից բացի այլ բան չունի՝ չպիտի զարմանա, որ իր ետևից գնացողներին կասկածում են վճարված լինելու մեջ։

Նիկոլ Փաշինյանի «թավշյա, ոչ բռնի»-ի հիմքում, ի դեպ, նույնպես փողն էր։ Նա Արցախի կամ պատերազմի ու խաղաղության մասին ընդհանրապես չէր խոսում, նրա հիմնական ասելիքն այն էր, որ նախկինները թալանել են, լափել են, ու ահա ինքը գալիս է, որ քյաբաբ առ քյաբաբ վերադարձնի թալանն ու բաժանի ժողովրդին։ Զուգահեռաբար խոստանում էր հանել արագաչափերը, տեսախցիկներն ու կարմիր գծերը, վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և այլն, մի խոսքով՝ «կանկրետնի» ազդել մարդկանց գրպանի վրա։ Բնականաբար՝ խոստումներից որևէ մեկը չկատարեց, բայց հնարքն աշխատեց։ Ինչ-որ պահի այսօրվա ընդդիմությունն էլ հասկացավ, որ պիտի «կանկրետնի» նյութական խոստումներ տա մարդկանց, բայց չստացվեց։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե շարունակելու են Նիկոլի ծրագիրն ու «նախկինների թալանածը վերադարձնելու են ժողովրդին», մարդիկ նայեցին հարթակում կանգնածներին, մի քիչ ծիծաղեցին, անցավ-գնաց։

Իսկ հասարակության՝ դեռևս առողջ բանականության նշույլներ պահպանող հատվածի գիտակցության մեջ քայլ առ քայլ ամրապնդվում է այն դառը համոզմունքը, թե «Արցախը փրկողներն» էլ են դա անում հանուն փողի, «խաղաղության դարաշրջան բացողներն» էլ, իսկ նրանք, ովքեր այդ խմբերից որևէ մեկին չեն հարում, մտածում են արտագաղթելու մասին (հասկանալի է՝ նույնպես հանուն փողի ու բարեկեցության)։ Իսկ դա ամենավտանգավորն է։ Որովհետև չի կարող ապագա ունենալ մի հասարակություն, որի քաղաքական ուժերի 99 տոկոսի զինանշանի վրա կարգախոսի փոխարեն հանգիստ կարելի է գրել «փողը մութ տեղը լուս ա տալըմ»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ