...

Հարցն այն է, թե ում բանակն ենք ուզում կերակրել

Հարցն այն է, թե ում բանակն ենք ուզում կերակրել

Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում ընթացող ներքաղաքական թեժ պայքարի առանցքում խաղաղությունն է։ Իշխանությունները պատրաստվում են «խաղաղության դարաշրջան» բացել, ընդդիմությունն էլ համարում է, որ դա նվաստացուցիչ խաղաղություն է լինելու, մինչդեռ մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք։ Եվ բնականաբար՝ մեկը մյուսին «լրտես» ու «դավաճան» է անվանում։ Ճամփաբաժանի առջև կանգնած երկրի հասարակությունն էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ի վերջո որ ուղղությամբ պիտի շարժվի երկիրը։ Չի կողմնորոշվում, որովհետև հստակ չէ, թե ո՛ր դեպքում ինչ է սպասվում, և ուր ենք հասնելու։

Սկսենք Նիկոլի պատկերացրած «խաղաղության դարաշրջանից»։ Թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե շարժվենք այդ ուղղությամբ՝ կանխատեսելի է, ընդ որում՝ բավականին մեծ ճշգրտությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանազատման-սահմանագծման աշխատանքները տևելու են տարիներ՝ ուղեկցվելով մշտական լարվածությամբ ու բախումներով, Ադրբեջանն այդ ընթացքում փորձելու է հայաթափել Արցախը՝ Լաչինով անցնող ճանապարհը փակելով ու նոր ճանապարհի վրա սահմանային անցակետեր տեղադրելով, պահանջելով ռուս խաղաղապահների դուրսբերում և այլն, իսկ «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացում» չի լինելու։ Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, ի դեպ, գուցեև կառուցվի, բայց ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքով անցնող հատվածի համար հատուկ կարգավիճակ է պահանջելու, մենք չենք համաձայնվելու, հետո «անհայտ չարագործներն» Ադրբեջանի տարածքում հայկական վագոնները մի քանի անգամ թալանելու են, ի պատասխան՝ մենք փակելու ենք Մեղրիի հատվածը, և արդյունքում՝ Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ։ Պարզապես՝ այս անգամ առանց Արցախի, և Ռուսաստանից գրեթե 100 տոկոսանոց կախվածությամբ։ Պարզ ասած՝ «խաղաղության դարաշրջանը», որքան էլ փաստաթղթերով գեղեցիկ հնչի կամ ներկայացվի, փաստացի հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին։ Բնակչության անվտանգության մակարդակն էլ լինելու է մոտավորապես Աբխազիային հավասար (հասկանալի է՝ ավելի ցածր կենսամակարդակով)։

Իսկ ի՞նչ է լինելու, եթե Հայաստանը գնա «արժանապատիվ խաղաղության» ճանապարհով։ Անկախ գեղեցիկ ձևակերպումներից՝ գործնականում դրա ընթացքը լինելու է մոտավորապես այսպիսին․ Հայաստանը հրաժարվելու է Ադրբեջանի հետ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց և սահմանազատման-սահմանագծման աշխատանքներից, քանի դեռ զուգահեռաբար չի հստակեցվում Արցախի կարգավիճակը։ Ադրբեջանը, բնականաբար, հրաժարվելու է, հայտարարելու է, որ հայկական կողմը հրաժարվում է «նոյեմբերի 9-ի և հետագա այլ պայմանավորվածություններից», սահմանային բախումներ են սկսվելու, նրանք փորձելու են առաջ գալ, մենք փորձելու ենք ետ շպրտել, ՀԱՊԿ-ն էլ չի միջամտելու, որովհետև ասելու է «քանի դեռ սահմանազատում-սահմանագծում չկա, այնքան էլ հստակ չէ՝ Ադրբեջանը մտե՞լ է ՀՀ տարածք, թե՞ ոչ, իսկ սահմանազատումից, ի դեպ, հայկակա՛ն կողմն է հրաժարվել»։ Արդյունքում՝ եթե հաղթենք այդ պատերազմում, մեզ իսկապես կհաջողվի հաստատել արժանապատիվ խաղաղություն, իսկ եթե նոր կորուստներ ունենանք, և ռուսները ևս մի անգամ «փրկեն մեզ», էլի կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ։

Հարց է ծագում՝ ի՞նչ անել։ Արցախյան առաջին պատերազմում պարտությունից հետո Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվեց երկրորդ պատերազմին և ի վերջո հասավ իր նպատակին։ Ընդ որում՝ Ադրբեջանի «ստարտային պայմանները» տասնապատիկ ավելի բարվոք էին՝ նավթ, շրջափակման բացակայություն, իրական դաշնակից և այլն։ Ու նույնիսկ այդ դեպքում նախապատրաստվելու համար 26 տարի պահանջվեց։ Հետևաբար՝ եթե մենք ընտրում ենք նույն ճանապարհը, նախ պիտի հասկանանք, որ դա արագ չի լինելու, և երկրորդ՝ պիտի ամեն ինչ ծառայեցնենք այդ նպատակին։ Այսինքն՝ ցանկացած արմատական որոշում (օրինակ՝ մեր դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, տնտեսական զարգացման մոդելի ընտրություն և այլն) կայացնելիս պիտի հաշվարկենք, թե որքանո՞վ է դա նպաստում կամ խանգարում մեր հիմնական նպատակի իրականացմանը։ Իսկ եթե գնում ենք Նիկոլի պատկերացրած «խաղաղության դարաշրջանի» բացմանը՝ պիտի հասկանանք, թե իրականում ուր է տանելու դա։

Հ․Գ․ Ի դեպ՝ որ ճանապարհն էլ ընտրելու լինենք, «բանակցողին փոխելը» պարտադիր է։ Եթե անգամ նրա աղետաբեր «խաղաղության դարաշրջանի» ճանապարհով գնալու լինենք, միևնույն է՝ ցանկացած այլ «բանակցողի» դեպքում արդյունքները պակաս աղետաբեր կլինեն։ Պարզապես այդ հարցում համազգային կոնսենսուսի հասնելու համար հասարակությունը պիտի ճշգրիտ պատկերացում ունենա, թե իրականում ինչ ճամփաբաժանի առջև է Հայաստանը, և ուր է տանում ճանապարհներից յուրաքանչյուրը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ