...

Հարկադրաբար փոխվող դիրքավորումը կոչվում է «պոզայի փոփոխություն»

Հարկադրաբար փոխվող դիրքավորումը կոչվում է «պոզայի փոփոխություն»

Կարելի է, իհարկե, անվերջ հիանալ այն բացառիկ ճկունությամբ, որով երկարաշունչ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը լապշաներ էր կախում հանրության ականջներին՝ խոսելով իր կոռումպացված թիմակիցների իրավունքների, օրենքի առջև բոլորի հավասարության, արտոնյալների բացակայության և նմանատիպ այլ հարցերի մասին։ Բայց նրա հիմնական ասելիքը, իհարկե, դա չէր։ Առանցքայինը տարածաշրջանում Հայաստանի դերի և նշանակության վերաբերյալ նրա դատողություններն էին։

Եթե այդ դատողությունները ներկայացնելու լինենք մեկ-երկու նախադասությամբ՝ ասելիքը մոտավորապես հետևյալն էր․ մեր տարածաշրջանում Հայաստանն ինքն իրեն կարող է դիրքավորել որպես հարևան և գործընկեր, որպես ֆորպոստ (հասկանալի է՝ Ռուսաստանի ֆորպոստ), որպես պատմական արդարության մարտիկ (այլ կերպ ասած՝ հավերժ պահանջատեր), որպես հարևան երկրներին «խելք սովորեցնող» և այլն, ու իշխանություններն ընտրությունը կատարել են՝ որոշել են դիրքավորվել որպես «հարևան և գործընկեր»։ 

Առաջին հայացքից՝ անթերի տրամաբանություն է, և որևէ ողջամիտ մարդ չի կարող կասկածի տակ դնել դրա իրավացիությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ Հայաստանի այդ «դիրքավորումը» կարող է անընդունելի լինել տարածաշրջանի մյուս երկրների համար, կարող են ասել, որ արդեն ուշացել ենք, վաղուց էր պետք ընտրել այդ ուղին, մի խոսքով՝ դա կարող է ոչ մի օգուտ չտալ։ Իրականում այդպես էլ կա, իսկապես ուշացել ենք, ընդ որում՝ ուշացողներից մեկն էլ հենց ինքն է, որովհետև իշխանության գալուց մինչև 44-օրյա պատերազմը ամբողջ երկուսուկես տարի ժամանակ ուներ «որպես հարևան և գործընկեր» դիրքավորվելու համար (օրինակ՝ ընդունելով լավրովյան պլանը), բայց գերադասեց «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» խոսույթը։ 

Ինչևէ։ Հիմա մարդը որոշել է այնուամենայնիվ փոխել Հայաստանի «դիրքավորումը»՝ մի իրավիճակում, երբ իրենից բացի բոլորը կամ դրան դեմ են, կամ դրա դիմաց չափազանց բարձր գին են պահանջում, հետևաբար՝ ծրագիրն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Ռուսաստանը դեմ է, որովհետև Հայաստանի միայն մի «դիրքավորում» է ընդունում՝ հլու-հնազանդ ֆորպոստի կարգավիճակը, Թուրքիան ու Ադրբեջանն էլ համաձայն են, որ Հայաստանը լինի «հարևան և գործընկեր» միայն այն պայմանով, որ վերջնականապես հրաժարվենք Արցախի անունը տալուց, փակենք Ցեղասպանության թեման ու արգելենք այդ մասին խոսել անգամ Հայաստանի ներսում, Ադրբեջանը Թուրքիային կապող ցամաքային միջանցք տանք, ապահովենք ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, և այլն։ Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ուղիղ գծով Հայաստանը տանում է դեպի անկանխատեսելի իրադարձությունների հորձանուտը, ընդ որում՝ առանց «անվտանգության բարձիկի» և անգամ գիտակցաբար հրաժարվելով դրանից։ Դատեցեք ինքներդ։ Նույն ասուլիսում նա հայտարարում է, թե Հայաստանն ինքն իր անվտանգությունը չի կարող ապահովել, և մեր անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, իսկ մի քանի րոպե անց հայտարարում է, թե Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում է մեր նկատմամբ ռազմական ագրեսիայի սպառնալիքը։ 

Փաստորեն Նիկոլ Փաշինյանն իր մտքում ինչ-որ տեսական մոդել է ստեղծել, կարողանում է շատ գրագետ ձևակերպել դա, բայց ինքն էլ գիտի, որ դա ընդամենը տեսություն է, որը գործնականում կյանքի կոչել չի հաջողվելու, ու միևնույն է՝ շարունակում է գնալ այդ ուղղությամբ։ Սա, համաձայնվեք, արդեն ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ հիվանդագին մտասևեռում, եթե կուզեք՝ մոլագարություն։ 

Իսկ ամենավտանգավորն այն է, որ նա բոլոր մոլագարների պես հավատում է իր «առաքելությանը» և համարում է, որ պատասխանատու է այն ավարտին հասցնելու համար, հետևաբար՝ ոչ մի դեպքում հրաժարական չի տա ու կիսատ չի թողնի սկսած «գործը»։ 

Նրա ասուլիսի հիմնական ասելիքը սա էր, մնացածը «կռուտիտներ» էին, որոնք վաղուց արդեն որևէ մեկի չեն զարմացնում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ