...

Հաճախորդնե՞ր, թե՞ գործակալական ցանց

Հաճախորդնե՞ր, թե՞ գործակալական ցանց

Ընդդիմությունը գրեթե բաց տեքստով Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր թիմին անվանում է «ադրբեջանաթուրքական գործակալական ցանց»։ Իհարկե՝ պաշտոնապես չեն ասում, սոցկայքերով են տարածում, հանրահավաքներում են նման գնահատականներ հնչեցնում, և այլն։ Ընդ որում՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի քառամյա գործունեության չոր արդյունքները, նման «ողջամիտ կասկածներ հայտնելու» բոլոր հիմքերը կան։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան միայն երազել կարող էին, որ Հայաստանում իշխանության կգան մարդիկ, որոնք նախ բացահայտորեն կվատթարացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետո փաստացի կհրաժարվեն 25 տարի տևած բանակցային գործընթացից՝ հայտարարելով, թե սկսելու են «սեփական կետից» ու դրանով իսկ արագացնելով նոր պատերազմը, հետո բացառիկ ապաշնորհությամբ տանուլ կտան պատերազմը, հետո էլ լուռումունջ կընդունեն Ադրբեջանի բոլոր պահանջները։ Մի խոսքով՝ եկեք մի պահ ընդունենք, որ ընդդիմությունն իրավացի է, և իսկապես գործ ունենք վաղուց ներդրված գործակալական ցանցի կամ առնվազն ազդեցության գործակալների հետ։ 

Բայց այդ նույն ընդդիմությունը նույնքան հետևողականորեն հայտարարում է նաև, թե Նիկոլ Փաշինյանը նախքան վարչապետ դառնալը «քաղաքական հաճախորդ» է եղել, ընդ որում՝ նրա կարծիքը չեն էլ հարցրել, հրամայաբար «կցել-կցմցել են» Էդմոն Մարուքյանի ու Արամ Սարգսյանի հետ, ստեղծել ինչ-որ անհասկանալի դաշինք ու խցկել խորհրդարան։ Նման կարգի «ողջամիտ կասկածներ հայտնելու» հիմքերը նույնպես ակնհայտ են։ «Կցել-կցմցվելուց» հաշված օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը բառացիորեն իրար կոկորդ էին կրծում ու իրար ինչ ասես ասում, ինքն իրեն երկրապահի բեկորներով շրջապատած Արամ Սարգսյանը, թվում է, որևէ ընդհանուր բան չպիտի ունենար դեռ այն ժամանակ ցանկացած գնով «խաղաղության դարաշրջան» երազող Նիկոլի հետ, ու հանկարծ՝ ասես վերին հրամանով, դաշինք է ստեղծվում։ Ենթադրենք՝ ընդդիմությունն այս հարցում նույնպես իրավացի է։ Այդ դեպքում անմիջապես հարց է ծագում՝ մինչև հեղափոխությունը կոնկրետ ո՞ւմ «հաճախորդն» էր Նիկոլ Փաշինյանը, և ո՞ւմ «վերին հրամանով» ձևավորվեց այդ դաշինքը։ Պատասխանը միանշանակ է՝ Սերժ Սարգսյանի, որովհետև այլ տարբերակ պարզապես չկա։ 

Հիմա փորձենք համադրել։ Եթե ընդդիմության երկու պնդումներն էլ ճիշտ են՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ «քաղտեխնոլոգները» տարիներ շարունակ «ադրբեջանաթուրքական գործակալական ցանցն» են հովանավորել ու մտցրել խորհրդարան։ Բնականաբար՝ առանց հասկանալու, բայց դա, համաձայնվեք, պատիվ չի բերում երկար տարիներ հատուկ ծառայությունները ղեկավարած Սերժ Սարգսյանին ու նրա կուսակցությանը (որի կարկառուն ներկայացուցիչները մինչև հիմա հաճույքով ակնարկում են, թե շատ լավ տիրապետում են «Ելք» դաշինքի ձևավորման մանրամասներին ու հարկ եղած դեպքում որոշ գաղտնիքներ կբացահայտեն)։ Իրականում ոչ մի բան էլ չեն բացահայտի, որովհետև դա կնշանակեր կիսել պատասխանատվությունը «գործակալական ցանցի» աղետաբեր գործունեության համար, Սերժ Սարգսյանն էլ այնքան համարձակություն չի ունենա, որ ազնվորեն դիմի ժողովրդին ու ասի «այո, ես նրանց իրար գլխի էի հավաքել, որպեսզի օգտագործեմ ներքաղաքական նպատակներով ու իրական ընդդիմությանը դուրս մղեմ քաղաքական դաշտից, այո, դրա համար պետք էին հենց այդ տիպի մարդիկ՝ ովքեր հանուն փողի ու իշխանության պատրաստ են ոտնահարել ցանկացած սկզբունք, բայց ես ի՞նչ իմանայի, որ հետո ինձ էլ են ոտնահարելու, երկիրն էլ»։ 

Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հանգիստ է։ Ընդդիմությունը ոչ «գործակալական ցանցի» տարբերակը կարող է ապացուցել («թղթերով ամեն ինչ կարգին է»), ոչ էլ «Սերժի հաճախորդի» տարբերակի ապացույցները կներկայացնի։ Միտինգներում ու սոցկայքերում կխոսեն, և վերջ։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2477 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ